Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՀՄԱՆ ՊԱՀՈՂ ԻՄ ՀՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ, ԵՍ ՔՈ ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂՆ ԵՄ...
ՍԱՀՄԱՆ ՊԱՀՈՂ ԻՄ ՀՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ, ԵՍ ՔՈ ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂՆ ԵՄ…

2014 թ. տարեվերջին Արմավիրի մարզում անցկացված «Ես քո արժանի փոխարինողն եմ, զինվո՛ր» թեմայով ստեղծագործական մրցույթում լավագույնն են ճանաչվել Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի, թիվ 4 ավագ դպրոցի, ինչպես նաև Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի, Լուկաշին համայնքի Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցների 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների և «Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի 11-րդ և 12-րդ դասարանի մի քանի աշակերտների շարադրությունները:

Պատառիկներ տպագրելով այդ շարադրություններից, համոզված ենք, որ աշակերտների անկեղծ տողերը, խոստովանությունները կջերմացնեն զինվորների սրտերը և նրանց կօգնեն ավելի հեշտ հաղթահարելու զինվորական ծառայության դժվարությունները, ինչպես նաև խորապես զգալու հայրենիքի պաշտպանի իրենց դերը և տեսնելու այն հույսն ու հավատը, որ մատաղ սերունդը կապում է իր զինվորի հետ:

Զինվոր… որքան հավատ, ուժ ու հպարտություն կա այս բառի մեջ: Լինելով Հայկ Նահապետի ժառանգը, մենք հավատացել ու հավատում ենք, որ մեր զինվորները տոկուն են, ուժեղ, չնահանջող և կռվում են մինչև արյան վերջին կաթիլը: Ես էլ հոգու թրթիռով եմ սպասում, թե երբ է գալու իմ զինվոր դառնալու օրը, որ զենքը ձեռքիս պաշտպանեմ իմ հայրենիքը և ապացուցեմ բոլորին, որ ես իմ հայրենիքի ու ժողովրդի արժանի զավակն եմ…

Արմավիրի N 4 ավագ դպրոցի
11-րդ դասարանի աշակերտ Ավետիսյան Խաչատուր

Արդեն մեկ տարի է՝ եղբայրս ծառայում է հայոց բանակում, արիաբար պաշտպանում մեր Հայաստան հայրենիքի սահմանները: Շուտով ինքս էլ զինվոր կդառնամ ու եղբորս նման քաջ ու արժանի հետևորդը կլինեմ մեր հերոսների: Արցախ աշխարհի սահմանները մեր հերոսների արյամբ է գծվել, ու այդ սուրբ գիծը պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է: Հայ զինվորն իր ուժը ստանում է հարազատ հողից ու դրանով իսկ անպարտելի է: Նրա համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը: Ես հավատում եմ քեզ, հա՛յ զինվոր, և պատրաստ եմ քեզ նման նվիրվելու հայրենիքին, նույն տոկունությամբ ու անբեկանելի խիզախությամբ ծառայելու նրան…

Արմավիրի Զորավար
Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմն. դպրոցի
9-րդ դասարանի աշակերտ Հովհաննիսյան Արմեն

Իմ հայրենիքի զինվոր, իմ եղբայր, իմ ընկեր… Գիտեմ՝ երբ հարկ լինի, կյանքդ կզոհես մեր հայրենիքի, նրա մի թիզ հողի, քո ծնողների, ընկերների, քո ժողովրդի համար: Դու չես վարանի դա անել, քանզի ծիլն ես մի ժողովրդի, որը հոգևոր և նյութական բոլոր արժեքներից առավել գերադասել է հայրենիքը: Սահման պահող իմ հպարտ զինվոր, ես ամեն օր հպարտանում եմ քեզնով, քո խիզախությամբ ու դրսեւորած անօրինակ հերոսության դրվագներով: Ամեն օր մտքով հասնում եմ այնտեղ, որտեղ դու ես կանգնած` զենքը ձեռքիդ, կամքով աներեր…

Արմավիրի մարզի
Սարդարապատ գյուղի միջն. դպրոցի
12-րդ դասարանի աշակերտ Սարգսյան Հայկ

Սիրտս թրթռում է, երբ զինվորական համազգեստով երիտասարդ եմ տեսնում, ուզում եմ ժամ առաջ ես էլ զինվոր դառնալ, համազգեստ հագնել, պատվավոր երդում տալ, դիրքերում հերթապահել ու թշնամուն դաս տալ: Հասկանում եմ, որ բանակում դժվարությունների պիտի հանդիպեմ, բայց չկա դժվարություն, որը չհաղթահարվի: Պետք է գիտակցաբար ու ամենայն պատասխանատվությամբ մոտենամ ծառայությանս… Երբ զինվորը զենքը ձեռքին կանգնում է սահմանին, նա պետք է իմանա, որ ինքը միայնակ չէ, որ մենք` Հայրենիքի ապագա պաշտպանները, իր հետ ենք:

Դու մենակ չես, զինվո՛ր, ես՝ քո արժանի փոխարինողը, միշտ քեզ հետ եմ իմ աղոթքներով:
Արմավիրի մարզի
Լուկաշին գյուղի Հ. Ավետիսյանի անվան
միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ
Հովհաննես Հովհաննիսյան

Ես հայ եմ, ծնվել և ապրում եմ այն սուրբ հողի վրա, որ կոչվում է Հայաստան, և այդ բազմաչարչար հողի վրա ինձ ամուր ու հպարտ եմ զգում: Մենք բոլորս երդվյալ զինվորներն ենք այս սուրբ հողի, որի սահմանները հայ զինվորի արյամբ է գծվել, և այն պահպանելն ու պաշտպանելը բոլորիս սրբազան պարտքն է:

Համոզված եմ, որ մեր հայրենիքի պաշտպանության դժվարին ու վսեմ գործը ինչպես իմ եղբայրներն են պատվով կատարում, այնպես էլ ես, հետևելով նրանց օրինակին, պետք է անսահման նվիրումով շարունակեմ և ապացուցեմ, որ ես հայ զինվորի արժանի փոխարինողն եմ:

«Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի
12-րդ դասարանի սան Սամվել Կարապետյան

Հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և այդ լեռնային երկրի քաջարի զավակն եմ: Հպարտ եմ իմ նախնյաց պատմությամբ: Հայրս Շուշիի ազատագրման մասնակից է, ինչի մասին շատ անգամ պատմել է ինձ: Նաև հայրիկիս օրինակով եմ հասկացել, որ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը վեր է ամեն ինչից: Շուտով ես էլ զինվոր կդառնամ, և կտեսնեք, թե ինչքան լավ կծառայեմ: Այսօրվա զինվորի փոխարինողը ես եմ և խոստանում եմ, որ արժանի կլինեմ այդ պատվին: Ուզում եմ լինել այնպիսի զինվոր, որ մայրս ինձնով հպարտանա…

«Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի
11-րդ դասարանի սան Շիրազ Սանասարյան

Ես հասկանում ու զգում եմ զինվորի, հայրենիքի պաշտպանի մեծ ուժը, քանզի հայրս, կիսով չափ հայ լինելով, առաջին իսկ կանչից զինվորագրվեց Արցախյան ազատագրական շարժմանը: Դաժան փորձություններով անցած հայ ազգը միշտ էլ ոտքի է կանգնել ու օրհասական ժամին, բռունցք դարձած, արժանի հակահարված տվել իմ պապերի երկիրը նվաճել ցանկացող ոսոխին: Այնքան շատ են ազգիս հերոսների սխրանքները, այնքան վառ օրինակ ինձ համար, որ կարծես ես ինքս եմ անցել նրանց անցած ճանապարհով, ասես նրանք են իմ շուրթերով ոգեկոչում. «Բա՛րձր պահիր քեզ հանձնած մեր դրոշը, զինվո՛ր…»:

«Տիգրան Մեծ» ՌՄՀ վարժարանի
11-րդ դասարանի սան Դավիթ Շելեմա

Պատրաստեց Նանե ՍԻՄՈՆՅԱՆԸ