Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԿՆԱՐԿԵՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկեց ուսումնական տարվա առաջին փուլը:

Ուսումնական փուլի մեկնարկն իր հետ բերում է նոր առաջադրանքներ ու խնդիրներ:

Վերսկսվում են ուսումնական ծրագրով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Եվ, անշուշտ, այս ամենի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է զինվորը, ամրապնդվում ու կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին ներկա էր նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Շնորհավորելով զինանձնակազմին և նշելով, որ նախորդ ուսումնական փուլի ընթացքում թե՛ կարգապահության, թե՛ մարտունակության բարձրացման առումներով բանակում արձանագրվել են դրական արդյունքներ, պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը հույս հայտնեցին, որ այս կիսամյակը իբրև նախորդների շարունակություն ևս հաջողություններով լի ու արգասաբեր կլինի:

Ըստ Սեյրան Օհանյանի` հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու միակ միջոցը հայկական զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է, և յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով ուսումնական գործընթացը ծառայեցնելու ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի է՛լ ավելի բարձրացման: «Իսկ դա շարունակական գործընթաց է, որի վերջնական արդյունքը ձևավորվում է յուրաքանչյուր զինծառայողի անհատական պատրաստության աստիճանով»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ չկա առավել պատվաբեր գործ, քան հայրենիքին ծառայելը:

Ըստ այդմ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ ԶՈւ ստորաբաժանումներն առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն, և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա: Դիմելով զինանձնակազմին` Սեյրան Օհանյանը հորդորեց գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ է նաև պայմանավորված առկա հարաբերական խաղաղության հարատևությունը:

Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, զորամիավորման ու զորամասի հրամանատարությունն իր հերթին հավաստեց, որ ջանք ու եռանդ չի խնայի անհրաժեշտ գիտելիքներն ու ունակությունները ենթականերին փոխանցելու համար:

Օրը կրկնակի տոնական էր ու նաեւ խորհրդանշական զորամասի սպաների եւ նրանց ընտանիքների համար պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի շահագործմամբ:

Այս անգամ բնակարանամուտ տոնեցին ավելի քան 40 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողներին հանձնեց շինարարական արդի չափանիշներին համապատասխանող բնակարանների վկայագրերը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային մյուս հարցերը մշտապես հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում են, և արվում է հնարավորը, որ զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն իրենց ծառայական պարտականությունները:

Բանակային զորամիավորում կատարած շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը եղավ նաև զորամասի հիմնովին նորոգված, նոր գույքով ու տեխնիկական միջոցներով հագեցած ակումբում:

♦♦♦

Գնդապետ Արսեն Կոտոյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմին շնորհավորելու էին եկել ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի հանրակրթական դպրոցների տնօրեններ ու ՆԶՊ ուսուցիչներ:

Նշված ժամին, երբ անձնակազմը կանգնած էր հանդիսավոր տողանի, պահակախումբը շարահրապարակ բերեց փառապանծ զորամասի մարտական դրոշը, որին հաջորդեց գնդապետ Ա. Կոտոյանի համապատասխան զեկույցը ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յ. Խաչատուրովին: Վերջինս, ընդունելով զեկույցը, ողջունեց և շնորհավորեց զորամասի անձնակազմին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ի պատասխան հնչեցին անձնակազմի հաղթական ոգեշունչ հուռան և Հայաստանի Հանրապետության օրհներգը: Այնուհետև, կարճատև ելույթից հետո զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Դանիելյանը տոնական միտինգը հայտարարեց բացված:

Ելույթ ունենալով՝ զորամասի հրամանատար գնդապետ Ա. Կոտոյանը հետադարձ հայացքով գնահատեց անցած՝ 2014թ. ուսումնական տարին եւ նշեց, որ զորամասի ստորաբաժանումների շնորհիվ կանխվել են հակառակորդի կողմից մեր երկրի պետական սահմանի խախտման, դիվերսիոն գործողությունների իրականացման մի շարք փորձեր: Մարտական առաջադրանքի կատարման և արժանապատիվ ծառայության համար անցած տարում զորամասի մի շարք զինծառայողներ են պարգևատրվել կառավարական և գերատեսչական մեդալներով, 103-ը արժանացել են գերատեսչական պատվոգրերի ու շնորհակալագրերի, վերադաս հրամանատարությունը արժեքավոր նվերներով է խրախուսել 106 զինծառայողի: Անդրադառնալով սկսվող ուսումնական տարվա խնդիրներին՝ գնդապետ Ա. Կոտոյանն ասաց.

-Որպես հրամանատար՝ համոզված եմ, որ հետևողական աշխատանքի միջոցով ամբողջովին կկատարենք ուսումնական ծրագրերի պահանջները, կհարստացնենք մեր գիտելիքներն ու փորձը: Մեր զինծառայողներն ու ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած իրավիճակում ամբողջությամբ կատարել մարտական առաջադրանքը:

Ուսումնական տարվա մեկնարկի առիթով զինակիցներին ողջունեց կրտսեր սերժանտ Լևոն Մովսիսյանը: Այնուհետև ելույթ ունեցավ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը.

-Ձեր զորամասի համար 2014 թվականը հեշտ տարի չէր, բայց դուք կարողացաք բոլոր առաջադրանքներն կատարել հաջողությամբ՝ ապացուցելով, որ եղել ու մնում եք զինված ուժերում լավագույններից մեկը, զորատեսակի առաջատարը: Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընթացիկ տարին լինելու է է՛լ ավելի դժվարին: Հակառակորդն աշխուժացել է առաջնագծում, և որքան մոտենա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, այնքան ավելի աշխուժանալու է: Դրա համար դուք պետք է ճիշտ օգտագործեք ուսման ժամանակը և միշտ պատրաստ լինեք: Այո՛, սահմանին կան բախումներ և դեռ լինելու են, իսկ թե դրանք կվերածվե՞ն ծավալուն պատերազմի, կամ՝ ոչ, կախված է ձեզնից՝ մեր բանակի յուրաքանչյուր զինվորից, յուրաքանչյուր զինվորական ստորաբաժանումից: Եթե մենք ունենանք բավարար մարտունակություն և սահմանային բախումների ժամանակ հակառակորդին ցույց տանք մեր ուժը, ի չիք կդարձնենք նրա նենգ մտադրությունները և կապահովենք մեր երկրի, մեր ժողովրդի խաղաղությունը: Ես կրկին ու կրկին շնորհավորում եմ ձեզ, ձեզ և ձեր ընտանիքների անդամներին ցանկանում եմ առողջություն և հաջողություններ:

Տոնական միտինգն ավարտվեց զորամասի ստորաբաժանումների հանդիսավոր երթով:

♦♦♦

Միտինգի ավարտին գնդապետ Ա. Կոտոյանը հրավիրեց վարչակազմի և ստորաբաժանումների հրամանատարների խորհրդակցություն` ճշտելու հետագա անելիքները: Կրտսեր հրամանատարների ղեկավարությամբ ստորաբաժանումներն սկսեցին մարտավարաշարային պարապմունքներն առաջին օրվա համար նախատեսված ջոկ-դասակ կազմերով: Փոխգնդապետ Ա. Հարությունյանի ստորաբաժանումում ընդհանուր գործողությունները ղեկավարում էր կապիտան Գ. Մուրադյանը:

Անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորումից հետո, մինչ կսկսվեին վարժանքները, մայոր Ս. Սարգսյանը զորամասի հրամանատարության և գործընկեր սպաների անունից շնորհավորեց կապիտան Տ. Հովհաննիսյանին ծննդյան 33-ամյակի կապակցությամբ: Ինչպես եւ նախատեսված էր, պարապմունքներն սկսվեցին վարժական «վերկացով»: Վաշտի հրամանատար, մայոր Սմբատ Քառյանի որոշմամբ՝ խմբերի վերկացի, սպառազինվելու և զորանոցից դուրս գալով ռազմերթի պատրաստվելու գործողությունները ղեկավարում էին կրտսեր սերժանտներ Արտակ Ղուկասյանը և Ծաղկլորյանը:

-Այս վարժանքներն ուսումնական ծրագրի մասն են կազմում և եթե փորձառուների համար արդեն սովորական են, ապա երիտասարդներն առաջին անգամ են նման ծանրաբեռնվածությամբ պարապում: Դրա համար էլ նրանց պետք է օգնենք, սովորեցնենք ու քաջալերենք, որպեսզի դժվարությունները հաղթահարեն,-ասաց կապիտան Գ. Մուրադյանը՝ ուղղելով զինվորների հանդերձանքը:

Հաջորդ երկու օրերին պարապմունքները շարունակվեցին ամբողջական զորամասի կազմով:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ