Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽԻ ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԸ
ԱՐՑԱԽԻ ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԸ

ՆՈՐԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ – ՅԱԿՈՒԲՅԱՆ

Վերջերս իմ Երեւան կատարած այցի ժամանակ ընկերս, որի անունը չեմ բացահայտի, մեզ համար եռօրյա ճամփորդություն կազմակերպեց դեպի Արցախ: Անբավարար քնի եւ հոգնածության պատճառով ես գիշերվա կեսին նրան գրեցի, որ չեմ կարող գալ: Կյանքում լինում են պահեր, երբ ձեռքից բաց ես թողնում հնարավորությունը եւ հետո լրացուցիչ ջանք ես գործադրում նույն այդ բանին հասնելու համար:

Ես անհանգստանում էի ընկերոջս անվտանգության համար եւ էլեկտրոնային նամակով խնդրեցի գրել, թե ինչպես է: Նա ինձ ոգեւորված պատասխանեց, որ լավ է եւ շատ բան ունի ինձ պատմելու: Սպասեցի նրա վերադարձին: Ժամը 10-ին հանդիպեցինք Ամիրյան փողոցում գտնվող Cafe Louis Chandren սրճարանում: Հասկացա, որ նրա ճամփորդությունը սովորական չի եղել: Երբ մեր պատվերը բերեցին, նա փափուկ ձայնով սկսեց իր պատմությունը…

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մեր վարորդը` Սամվելը, մի կին ուղեւոր վերցրեց, որը, ինչպես պարզվեց, Արցախի բանակի սպա էր: Այդ կինը շատ սովորական տեսք ուներ, եւ երբեք մտքովդ չէր անցնի, որ զինվորական է` սպա: Եվ այդ կինն սկսեց պատմել քաջության ու պատվի իր պատմությունը: Նա խոսում էր հայրենիքի հանդեպ իր սիրո եւ այդ հայրենիքը ամեն գնով պաշտպանելու իր պարտքի մասին: Եվ այդպես էր խոսում ոչ այն պատճառով, որ բանակի սպա է: Ամուսնուն կորցրել էր, երբ երեխաները 3 եւ 1 տարեկան են եղել: Հիմա արդեն նրա որդիները ծառայել են բանակում:

Երբ Ստեփանակերտ հասանք, հայոց բանակի սպա տիկնոջը դիմավորեցին նրա երկու որդիները: Ինչպես եւ Արցախի հյուրասեր ու առատաձեռն ժողովրդի սովորույթն է, նրանք մեզ ստիպեցին, որ իրենց հետ հաց կիսենք: Տղաները նույնիսկ փորձեցին տոլմա եփել` երկար բացակայած իրենց մորը զարմացնելու համար:

Նրանց մայրը… միաժամանակ եղբայրը, հայրը, նրանց զորահրամանատարը… Ուղղակի կին, որը տարբեր գլխարկներ է կրում: Մի պահ հիշեցի 1915թ.-ի քաջ կանանց, որոնք պատրաստակամորեն գնում էին մեռնելու իրենց երկրի ազատության, պատվի համար:

45 տարեկան Գայանեն իր տարիքից շատ ավելի մեծ է երեւում: Նրա փոքրիկ սենյակի սեղանի ծայրին մի հին լուսանկար եմ տեսնում: Գեղեցիկ տղամարդ է, թավ բեղերով: Որդին` Հայկը, շատ նման է այդ տղամարդուն: Հասկացա, որ Գայանեի հանգուցյալ ամուսինն է, նրա պահապան հրեշտակը:

Տղաների հետ գնում եմ զբոսնելու: Զարմանում եմ, թե նրանք որքան բարեհոգի են, սրամիտ ու հումորով: Գիտեմ, որ շատերն այստեղ մեծացել են առանց հոր: Նրանց հերոսները պառկած են գերեզմանոցում, որոնց համեստ շիրիմների վրա հասարակ խաչեր են:

Մենք մեր հասցեները փոխանակեցինք, եւ ես խոստացա, որ շուտով կվերադառնամ:

Ես շատ ուրախ էի, որ հայտնվել եմ առաջնագծում: Աղդամն ամբողջովին ամայի էր, անապատ, ասես ոչ ոք երբեք այդտեղ չէր ապրել: Ինձ զրահաբաճկոն են տալիս եւ խնդրում ուշադիր լինել, քանի որ թշնամու դիրքերն ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են: Ես հավատացնում եմ հրամանատարին, որ այդ ամենն ինձ ծանոթ է դեռ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակներից: Հանկարծ ցնցվում եմ` գլխավերեւովս անցնող գնդակների սուլոցից: Ես բարձր պահել էի լուսանկարչական ապարատը եւ փորձում էի լուսանկարել թշնամուն: Սիրտս արագ բաբախում էր: Իմ ուղեղը լցված էր շշուկներով ու ձայներով՝ «Մենք կռվում ենք մեր սիրելի երկրի համար: Մեր հողը մեր հոգին է…»:

Հենց այդ պահին ինձ թվաց կյանքը միանգամից կանգ առավ: Ես նայում էի, թե ինչպես է էգ շունը հանգիստ կտրում-անցնում փոշոտ ճանապարհը: Շները զգուշացնում են մեր զինվորներին` ադրբեջանցիները մո՞տ են, թե՞ ոչ: Մի փոքր անց տեսնում եմ, թե ինչպես մի կատվի ձագ մոտենում է շանը եւ սկսում ծծել նրա կաթը: Ես ապշած էի: Ինձ պատմում են, որ մայր կատուն սատկել է, եւ ահա այդ շունը մայրություն է անում նրա ձագուկին: Մի՞թե նրանք թշնամիներ չեն: Բայց նրանք կառչած են միմյանցից՝ հանուն կյանքի: Աստծո եւս մեկ հրաշք:

Որոշ ժամանակ անց զինվորներից մեկը ցնցում է ուսս եւ ասում, որ երկնքին նայեմ: Մի փառահեղ արծիվ էր սավառնում, կտուցի մեջ ինչ-որ բան: Հեռադիտակով նայում եմ եւ տեսնում, որ բերանում օձ է: Ինչ է, արդյոք սա եւս մի նշան չէ՞: Մենք շուտով կջախջախենք թշնամուն:

Եվ հիշեցի սպարտացի կանանց, որոնք իրենց ամուսիններին ու որդիներին ճակատամարտ ճանապարհելիս այս խոսքերով էին հրաժեշտ տալիս. «Վերադարձեք կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրա»: Ես կասկած չունեի, որ Արցախի ժողովուրդն ապրում է պատվո նույն վարքականոնով: Եվ հիշեցի թերթերից մեկում վերջերս կարդացած վերնագիրը. «Մի հայ եւս սպանվել է ադրբեջանական կրակից»:

«Ի՜նչ տխուր է», – մտածում եմ: Մենք անջատում ենք հեռուստացույցը, դեն ենք շպրտում թերթը, որի էջերում մեր սահմանների անվտանգության, մեր պայքարի մասին հոդվածն է: Այդ անուններն այժմ դեմքեր ունեն: Այդ տղամարդիկ ու կանայք ոչինչ ավելի չեն ցանկանում, քան վերադարձնել այն, ինչն իրենց է պատկանում:

Ես հայտնվել էի խրամատում, անվախ մարտիկների կողքին: Նրանցից յուրաքանչյուրը հետեւում մի ողջ ընտանիք էր թողել եւ չգիտեր` կվերադառնա՞ արդյոք: Ահել ու ջահել, կողք կողքի… եւ ցանկանում են մեռնել հայրենիքի սիրո համար: Նրանք կենտրոնացած էին, վճռական, փոշով ու վառոդի հոտով պատված: Եվ պատրաստ էին վճարել իրենց կյանքով:

Այժմ արդեն ինձ բարկացնում էր այն, որ շատերը իրենց տաքուկ սենյակներում նստած դատում ու քննադատում են հեռվից` համոզելով իրենք իրենց, որ մասնակցել են այս ամենին եւ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Այս մարդկանց շրջապատում, որոնք կռվում են առյուծների նման, հանկարծ ինձ այնքան աննշան թվաց իմ կյանքը Մոնրեալում:

Հիշեցի մեկ տարի առաջվա իմ այցելությունը Արցախ: Թամարի հետ գնացել էինք գերեզմանատուն: Նա ծանր ողբում էր… Երբ մոտեցա, տեսա երեք եղբայրների, երեք հուշաքար կողք կողքի, նրանք զոհվել էին միեւնույն մարտի ժամանակ՝ նույն օրը:

Երեւան վերադառնալու ողջ ճանապարհին ես լուռ էի: Ես պետք է պատմեի այս պատմությունը: Ես երդվել էի արցախցի սպարտացիների ընտանիքներին:

«Հորիզոն» շաբաթաթերթ
Անգլերենից թարգմանեց Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ