Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԻԶԱԽՈ՛ՒՄ



Մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատար, կապիտան Աբրահամ Գրիգորյանը hայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հունվարի 28-ին պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Անձնական խիզախություն արտահայտությունը, սակայն, ամենեւին էլ նրա սրտով չէ: Ասում է` պարգեւը դիրքի անձնակազմինն է. «Ես հակառակորդի հատուկ ջոկատայինների 25 հոգանոց խմբին հո մեն-մենակ չե՞մ դիմակայել…»:

ԱԲՐԱՀԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
կապիտան

-Հունվարի 12-ն էր: Երեկոյան որոշեցի գոնե մեկ ժամ պառկել ու հանգստանալ, բայց չստացվեց: Մի տեսակ մտահոգ էի: Վեր կացա: «Տղե՛րք, գնամ դիրքը դիտարկելու…»,-ասացի եւ, վերցնելով գիշերային դիտասարքը, քայլերս ուղղեցի դեպի հենակետ: Արդեն դեպքից հետո տղաները կատակում էին` «Աբրահա՛մ, դու հաստատ էն կողմերում ծանոթ ունես, մի բան գիտեիր, թե չէ ինչո՞ւ հենց այդ դիրք գնացիր»: Կատակը կատակ, բայց պատասխանեմ` ինչքան հողին կապվում ես, այնքան ավելի ուժգնորեն ես զգում նրան սպառնացող վտանգը:

Քայլում էի դիրքի ուղղությամբ եւ վերհիշում, թե ինչպես երեք տարի առաջ զեկուցագիր գրեցի եւ, թողնելով ծառայությունս պաշտպանության նախարարությունում, կամովին տեղափոխվեցի գնդապետ Ջալալ Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամաս, ինչպես ստանձնեցի մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատարի պարտականությունները: Եթե սկզբում շփոթված էի, ապա հիմա ամեն ինչ չափազանց հարազատ էր, քայլում էի ինքնավստահ, տանտիրոջ պես. «Այստեղ ինձ ոչինչ անակնկալի չի բերի, դիրքերը հինգ մատիս պես գիտեմ, բոլոր «եթե»-ներին էլ մտքում վաղուց պատասխանել եմ»:

Տեղ հասա: Ուշադիր զննեցի տարածքը` աշխատելով, որ ոչինչ չվրիպի աչքիցս: Հազիվ մի քանի րոպե անցած լիներ` երկու գլուխ նկատեցի… Ինչքան մոտենում էին, այնքան ավելի պարզորոշ տեսնում էի նրանց կերպարանքները: «Սակրավորներ են, ճանապարհ են բացում մյուսների համար»,-մտածեցի:

Կերպարանքները գնալով շատացան-շատացան` հասնելով մոտ երկու տասնյակի: Մի պահ աչքերիս չհավատացի: Դիտասարքը մեկնեցի դասակի հրամանատարին՝ լեյտենանտ Սամսոն Հովհաննիսյանին` նայի՛ր: Նույնն էլ նա տեսավ…

Ոչ մի իրարանցում, ոչ մի շփոթություն: Մենք թվով քիչ էինք, այո՛, բայց զգալի առավելություն ունեինք՝ նկատել էինք թշնամուն: Հիմա պետք էր միայն ճիշտ որոշում կայացնել:

Ավելի քան վստահ էի՝ կիրառելու են նոր մարտավարությունը. փորձելու են աննկատ ներթափանցել թիկունք եւ ականապատել հենակետ տանող ճանապարհը:

-Ուրեմն՝ ես ու դասակի հրամանատարը կդարանակալենք եւ նրանց կդիմավորենք հենակետ տանող ճանապարհին,- ասացի ինքս ինձ:

-Իսկ եթե բացազատվե՞ն դիրքի մատույցներում,- հուշում էր ներքին ձայնս:

-Լավ, կխփենք դիրքից, կզարկենք հենց որ լավ մոտենան, հենց որ հեռավորությունը կրճատվի մինչեւ 70 մետր,- վերջնական որոշումս էր:

Դիրքի ավագին՝ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ապրեսյանին, հանձնարարեցի բացազատել դիրքը ըստ մարտական հաշվարկի եւ անցնել շրջանաձեւ պաշտպանության: Ես էլ հերթով մոտեցա զինվորներին, որոնք երկրորդ անգամ էին մարտական հերթապահություն իրականացնում. «Պատրա՞ստ եք, հո չե՞ք վախենում»,-հարցրի: Նրանք զարմացած հայացք ձգեցին, որ նշանակում էր՝ «Էս ի՞նչ ես ասում, պարոն կապիտան»:

Դիրքի դիպուկահարն էլ (նույնպես ժամկետային զինծառայող) վստահեցրեց. «Հրամանատար ջան, կրակայինից միայն հինգ եմ ստացել, գործս լավ կանեմ»: Ես այդ պահին ինձ անպարտելի զգացի: Հասկանում եք՝ երբ զինվորը չի վախենում, երբ տեսնում ես` ինչպիսի վճռականությամբ է բռնել զենքը, ինքնավստահությունդ հազարապատկվում է:

-Ձեր ստուգողական աշխատանքն է, տղե՛րք,- ասացի ու զբաղեցրի իմ տեղը:

Դանդաղ էին առաջանում… Մեկ ու կես ժամ անց նոր միայն տեղ հասան:

-Դե, կրակեեեեե՛ք,-հրամայեցի:

Տղաներն սկսեցին կրակել: Մութ էր, ոչինչ չէր երեւում: Որոշ ժամանակ անց լուսավորեցի տարածքը. հակառակորդը թակարդն ընկած մկան պես ելք էր փնտրում…

Կրակը դադարեցրինք, երբ նրանց դիրքից կարմիր լույսի ազդանշան նկատվեց: Սա օգնության կանչ էր, եւ նշանակում էր՝ զոհեր ու վիրավորներ ունեն: Հինգ- տասը րոպե անց ժամանեցին շտապօգնության մեքենաները:

-Եթե զոհերն ու վիրավորները դիրք են «հասել», ուրեմն՝ մի քանիսը ողջ-առողջ ճողոպրել են… Լավ չէ… Ախր, ինչո՞ւ չսպասեցի դիրք մտնեն,- հանդիմանում էի ինքս ինձ:

Ավելի ուշ, երբ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ էր հանձնում «Մարտական ծառայության» մեդալը, ուրախություն եւ հպարտություն էի զգում նաև զինվորներիս համար: Պարգեւը դասակի համարձակության, արիության, քաջասրտության հանրագումարն է, մեր միասնության առաջին հաղթանակը:

Զրուցեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/02/2015