Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՓՈԽԿԱՆՉԸ



Երբ Արցախի սահմանները պաշտպանելու ժամանակ մի քանի տասնյակի հասնող ասկյարների դիվերսիոն ոհմակի դեմ առյուծասիրտ կռիվ տվեց ու հերոսաբար զոհվեց Արմեն Հովհաննիսյան դիրքապահը` այդ թագավորական տղան (ինքն է այդպես բնութագրել հայոց բոլոր դիրքապահներին), նրա անօրինակ սխրանքի դրվագները կայծակնային արագությամբ տարածվեցին ամբողջ Հայաստանում: Քաջակորով սահմանապահի զոհվելու համար Արցախի որդեկորույս մայրերը լաց եղան: Նրա մահը սգաց Մայր Հայաստանը: Մեր հայրենասիրաց պայծառ երկնակամարում շողշողաց մի նոր աստղ և թողնելով շլացուցիչ հետագիծ` գնաց ձուլվելու հավերժին: Մեկ տարի առաջ է Արմենը համալրել Եռաբլուրում ննջող անմահների շարքերը: Հայ հասարակությունը միանգամից ընդունեց, գնահատեց և սիրեց իր նորօրյա Սասնա Ծուռ որդուն:

Օրերս, ավելի ստույգ` հունվարի 29-ին, ականատես եղանք Հայրենիքի համար նահատակված զինվորի հանդեպ երախտագիտության մի նոր ու վառ դրսևորման: Միջոցառում, որը սերտորեն աղերսվեց հունվարի 28-ին նշված և մեր ազգային ամենամեծ տոներից մեկը հանդիսացող հայկական փառապանծ բանակի ստեղծման 23-ամյակին: Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի Նոր Նորքի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 դպրոցում, սովորական միջոցառում չես անվանի: Որդի կորցրած ծնողի վշտով ու նաև անսահման հպարտությամբ դպրոցը մեծարեց իր հերոսացած սանին: Դա հայրենասիրության չընդմիջվող դաս է, որի սկիզբն ազդարարվել է 2014թ. հունվարի 20-ին…

Դպրոցի բակը լիքն էր մարդկանցով` բարձրաստիճան զինվորականներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Նոր Նորքի թաղապետարանից և զինվորական կոմիսարիատից, օրվա գլխավոր հերոսի ծնողները՝ Մարինե ու Լևոն Հովհաննիսյանները, Երկրապահ կամավորականներ, Արցախյան պատերազմով անցած ազատամարտիկներ, ուսուցիչներ, աշակերտներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Եվ բոլորի հայացքներն ուղղված էին սպիտակ պաստառով ծածկված կոթողին, որի երկու կողմերում պատվո պահակ էին կանգնել ավտոմատավոր պատանիներ` զինվորական համազգեստով դպրոցականներ:

Ճերմակ պաստառն իջեցվեց, և բոլորի աչքի առաջ հառնեց գեղաքանդակ ու սլացիկ մի խաչքար` նվիրված Արմեն Հովհաննիսյանին: Այն անմիջապես ողողվեց թարմ ծաղիկներով: Հոգևոր հայրերը օրհնեցին հուշարձան – խաչքարը, որ հիշատակի ու երախտագիտության խորհրդանիշ է: Խաչքարը` հանճարեղ պարզությամբ և մեր ազգային հոգեկերտվածքը պատկերող այդ բացառիկ ստեղծագործությունը, հայրենիքի ու հավերժության խորհրդանիշ է: Տվյալ դեպքում` հաղթանակի զինվոր Արմեն Հովհաննիսյանին մարմնավորող հուշակոթող:

Հուզիչ էր դպրոցի տնօրենի` Անահիտ Հովհաննիսյանի բացման խոսքը: Որդի կորցրած ծնողի վշտով ու նաև անսահման հպարտությամբ հայրենասիրության դարբնոց կրթօջախը մեծարում էր իր հերոսացած սանին: Ապա արարողությունը շարունակվեց դպրոցի երկրորդ հարկում, որտեղ են շքեղ ձևավորված ու կահավորված Փառքի սրահը և հայրենասիրական դաստիարակության ու Հայոց պատմության դասասենյակը: Ցուցանակն ազդարարում է, որ այսուհետ այն կրելու է Արմեն Հովհաննիսյանի անունը: Փառքի սրահի աջակողմյան պատը զարդարող յոթ լուսանկարներից քննախույզ հայացքներով նայում են վառոդաբույր յոթ երիտասարդներ: Նրանք Արցախյան հերոսամարտում նահատակված ազատամարտիկներ են` Երևանի թիվ 141 դպրոցի նախկին աշակերտներ, որոնց լույս հիշատակը սրբությամբ է պահում հարազատ կրթօջախը: Հիրավի, այս դպրոցի պատերն անգամ հիշողություն ունեն… Փառքի սրահի դիմացի պատի մեծադիր նկարից հպարտ, բացճակատ նայում է հավիտյանս սահմանապահ դարձած Արմեն Հովհաննիսյանը: Իր պատվավոր տեղն ունի նաև հերոսի նորակերտ կիսանդրին:

Օրվա խորհուրդը մի նոր ուժով իմաստավորվեց դպրոցականների բեմականացված ելույթներով, հատկապես հոգիներ հերկող ասմունքով: Հրաշալի կազմակերպված գեղարվեստական այդ ներկայացումը տևեց գրեթե երեք ժամ` սնունդ տալով ներկաների մտքին ու սրտին: Երեխաների շառագունած դեմքերից պարզ երևում էր, որ խոսքն ու երգը բխում էին նրանց անարատ, ալեկոծված հոգիների խորքերից: Եվ երբ բարձր դասարանցիներին միախառնվեցին նաև վեց-յոթ տարեկանները` նույնպես զինվորական համազգեստներով, պատկերը կատարյալ դարձավ: Դա նոր սերնդի յուրօրինակ երդում էր, հավատարմության երդում ազգին, հայրենիքին և գիշերուզօր նրա սահմանները պաշտպանող հայկական բանակի զինվորներին ու սպաներին: Նաև` հանուն հայրենիքի բոլոր զոհվածների, այդ թվում և Արմեն Հովհաննիսյանին: Դա սերունդների փոխկանչն է, որ գալիս է հայոց դարերի ու հազարամյակների խորքից: Հայոց բոլոր սերունդներին հասցեագրված այդ կանչը սկիզբ է առել մեր շանթարձակ Աստված Վահագնի ազատատենչ ոգին ժառանգած, քաջաբազուկ Հայկ Նահապետից…

Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (1073) 5.02.2015 – 11.02.2015, Բանակ և հասարակություն


05/02/2015