Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԿԵ ՏՈՒՆԸ



Երկրորդ ամիսն է, ինչ եթեր է հեռարձակվում «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը». չափազանց կարճ ժամանակահատված ամփոփ եզրակացություններ անելու համար, սակայն արդեն բավարար՝ որդեգրած ռազմավարական քաղաքականությունը ճշտելու իմաստով… Երկու ամիս, թվով տասնհինգ հեռուստաթողարկում, որ սակայն պայթող ռումբի ազդեցություն է ունեցել Ադրբեջանում… Դատելով տեղերից եկող հավաստի արձագանքներից՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքներում, այլև Թալիշստանի ամենահեռավոր գյուղերում ապրող թալիշների սպասված հյուրն է Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը… Այն քննարկում են ոչ միայն ընտանեկան միջավայրում, որն ինքնին հասկանալի է, այլև հրապարակային միջոցառումների, հավաքների, ուրախությունների ժամանակ, անգամ սգո սեղանների շուրջ…

Ադրբեջանն այսօր թերևս կանգնած է անլուծելի երկընտրանքի առաջ՝ արձագանքե՞լ դրան, վերաբերմունք ցուցաբերել, որը համազոր է կրակի վրա յուղ լցնելուն, թե՞ լռության մատնել, չտեսնելու տալ, որը դարձյալ անհնարին է: Հենց այս մասին են վկայում Ադրբեջանի վարձու «փորձագետների» ծառայություններից օգտվելու փորձերը, որի լավագույն օրինակը ոչ անհայտ Պոլ Գոբլի հայտնի հոդվածն է («Հայ զինվոր», թիվ 51, 2014թ.), որտեղ Ամերիկայի գաղտնի ծառայությունների գործակալը Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը համարում է ռուսական նախագիծ… Սակայն համոզվելով, որ դրսի փորձերն անբավարար են, ստիպված հիմա էլ հրապարակ են հանել սեփական ուժերը, որոնք առայժմ ավելի շուտ «զոնդաժի» բնույթ են կրում… Ճաքեր է տալիս Ադրբեջան կոչվող «Ընդհանուր տունը»: Չափազանց վտանգավոր է իշխանությունների կողմից երկրի` «ընդհանուր տան» ճաքերը չտեսնելու փաստը, իսկ կարկատելու փորձերն արդեն՝ անհեռանկար…

Այս մասին է հենց թալիշ ժողովրդի արժանի զավակ, հայտնի մտավորական, բանաստեղծ Զաբիլ Մադոժի մտորումը, որ եթեր է հեռարձակվել Թալիշստանի ազգային հեռուստատեսության վերջին թողարկումներից մեկում:

«Ընդհանուր տուն» ասվածը, իհարկե, լավ բան է, նույնիսկ հրաշալի: Անմիջապես մտաբերում ես հարազատ բակդ, այգիդ, ծառերը, բարեկամներիդ ու ընկերներիդ, որոնց հետ անհոգ վազվզում էիր փողոցներով, պահմտոցի էիր խաղում՝ թաքնվելով տների, ծառերի ետևում… Տներ, այգիներ, ծառեր, որոնք թեև ընդհանուր չէին, բայց բոլորինս էին… Եվ ոչ ոք չէր արգելում, ականջներդ չէր քաշում, չէր ասում՝ «Քո ծառը չի, ռադդ քաշիր, կորի՛ր այստեղից…»:

Այո՛, հրաշալի բան է «Ընդհանուր տուն» ասվածը: Անմիջապես քեզ ման եկող մորդ ձայնն է հասնում ականջիդ. «Զաբի՜լ»:

Ես արդեն երկար տարիներ Ռուսաստանում եմ ապրում, Սանկտ Պետերբուրգում, ավելի քան քսան տարի: Եվ ապրել եմ հիմնականում կոմունալ բնակարաններում: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց իմ դուրը գալիս էին Պիտերի կոմունալ բնակարանները: Դրանք իսկապես որ ընդհանուր էին՝ բոլոր անհարմարություններով հանդերձ, որոնք բնակիչների կյանքի անկապտելի մասն էին դարձել… Եվ դա «Ընդհանուր տուն» կոչվածի դասական պատկերն էր, որտեղ բոլորը հավասար իրավունքներ և հավասար պարտականություններ ունեին, և պայմանները բոլորի համար նույնն էին՝ հավասար…

Գիտեմ՝ շատերը չեն սիրում այդ կոմունալ բնակարանները, բայց ես, ահա, սիրում եմ… Հավանաբար դրանք ինձ հիշեցնում են իմ մանկության օրերը, անհոգ կյանքը…

Ինչո՞ւ եմ այս մասին խոսում:

Պարզապես ուզում եմ իմ հիացմունքն ու խորին շնորհակալությունը հայտնել այն մարդուն, որ հորինել է «Ադրբեջանը ընդհանուր տուն է» հասկացությունը: Ես չեմ ճանաչում նրան, բայց համոզված եմ, որ խելացի մարդ պետք է լինի: Հավանաբար ինձ նման գյուղում պետք է մեծացած լինի կամ կոմունալ բնակարանում ապրած… Բոլոր դեպքերում, նա գիտակցել է «Ընդհանուր տան» արժեքը: Իմացել է, որ այդ անվան հիշատակումը միայն հաճելի ապրումներ է առաջացնում, մարդու հոգին ջերմացնում, հանգստության, անդորրի զգացումներ է արթնացնում…

Այո՛, «Ադրբեջանը ընդհանուր տուն է»: Շա՜տ լավ է հնչում, այդպես չէ՞: Եվ պետք է, որ բոլորն այդ տան մեջ իրենց հանգիստ, հարմարավետ, պաշտպանված զգան՝ և՛ թուրքերը, և՛ թալիշները, և՛ թաթերը, և՛ ավարները, և՛ լեզգիները, բոլորը… Եվ, իհարկե, սա հրաշալի կլիներ, որովհետև, բացի ադրբեջանցիներից, որոնք պատմական չափումով միայն վերջերս են դարձել այդ «Ընդհանուր տան» բնակիչները, մյուս բոլոր բնակիչները հազարամյակներով ապրել են իրենց պապենական հողերի վրա, սեփական անտառներում, սարերի փեշերին, հովիտներում, սեփական լճերի, գետերի, աղբյուրների մոտ:

Միայն, ցավոք, «Ադրբեջանը ընդհանուր տուն է» հասկացությունը միֆ է, առասպել… Իրականում այն` այդ տունը, պատկանում է ադրբեջանցիներին, իսկ մյուս բնակիչները ապրում են այդ տան նկուղներում՝ առանց լույսի, մաքուր օդի, ջրի, տարրական հարմարություններից զուրկ… Եվ իհարկե առանց տրտնջալու, բողոքելու իրավունքի… Ավելին՝ այդ ետնախորշերի բնակիչները պետք է սպասարկեն «Ընդհանուր տան» վերնահարկի բնակիչներին… Եվ ընդունված չէ ներքևի հարկերում ապրողների մասին խոսել, հիշել ու հիշատակել… Նրանք, ըստ էության, գոյություն էլ չունեն, ուրվականներ են ընդամենը… Եվ ահա թե ուրիշ էլ ինչ է բնորոշ այդ «Ընդհանուր տուն» կոչվող Ադրբեջանին. ներքնահարկի բնակիչները զրկված են անգամ սեփական անուններից և հաճախ կոչվում են վերևի հարկի ընդարձակ ու լուսավոր սենյակներում ապրող իրենց տերերի անուններով, ինչպես ճորտատիրական հասարակարգի ժամանակներում… Աստված ոչ անի, եթե հանկարծ մեկն իր անունը հիշի` թալիշ, թաթ… Այդ հանցանքը ոչ մեկին չի ներվի…

Ստացվում է՝ «Ընդհանուր տուն» կոչվածն ընդամենը միֆ է… Այդ տան տերերը ադրբեջանցիներն են, իսկ մյուս ազգություններն ընդամենը իրավազուրկ տնվորներ են: Ավելին, տնվորների արժանապատվության դրսևորման ամեն փորձ լավագույն դեպքում ավարտվում է բերանը ծեփելով, վատագույն դեպքում՝ այն աշխարհ ուղարկելով…

Այո՛, «Ադրբեջան» հորինովի ցուցանակով երկիրն իրականում բոլորովին էլ ընդհանուր տուն չէ, այլ ժողովուրդների բանտ, անիրավված, ճնշված, ինքնուրույնությունից զրկված ժողովուրդների բանտ…

Պատրաստեց Գևորգ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


30/01/2015