Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼՈՒՅՍԸ` ԳԵՏՆԱՏՆԱԿՈՒՄ
ԼՈՒՅՍԸ` ԳԵՏՆԱՏՆԱԿՈՒՄ

Եթե ասեմ, որ բանակում ոչ թե շնորհալի, այլ նույնիսկ տաղանդավոր պատանիներ են ծառայում, հավատացե՛ք, ամենևին չափազանցրած չեմ լինի: Նրանցից մեկն էլ թերևս հրաձգային գումարտակի կապի դասակի շարքային Հովհաննես Հակոբյանն է: Ավարտել է Էջմիածնի Հայորդաց տան փորագրության բաժինը, Էջմիածնի պետական քոլեջում սովորել բանկային գործ մասնագիտությունը, զուգահեռ հմտացել է նաև ռադիոգործում… Բայց ես այսօր ուզում եմ խոսել նրա փորագրությունների մասին, որոնց համբավը, ինչպես ասում են, վաղուց անցել է սահմանից անդին: Նրա աշխատանքներից մի քանիսն արդեն իրենց հանգրվանն են գտել Հոլանդիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, մասնավոր հավաքածուներում…

Հակոբյանը քանդակագործության գաղտնիքները սովորել է քանդակագործության վարպետ Արամ Կանայանի մոտ: Հինգ տարի: Ամեն օր: Երիտասարդի տաղանդն ու աշխատասիրությունը չի վրիպել վարպետի աչքից. և նա իր հոգին` իր արվեստը, փոխանցել է իր աշակերտին…

Ինչքան լավ եղավ, որ գետնատնակ մտա, թե չէ, ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդ ու տաղանդավոր զինվորին չէի հանդիպի և նրա մասին չէի իմանա… Ներս եմ մտնում և գետնատնակի անկյունագոգին փայտից պատրաստված եկեղեցու պատկերով երկու քանդակ եմ տեսնում: Եկեղեցում պատկերով քանդակներ շատ եմ տեսել, բայց սրանք մի տեսակ ասես լույս էին սփռում գետնատնակի կիսախավարում… Մոտենում եմ… Ինձ ապշեցնում է ասեղնագործ փորագրությունը: Ակամայից հարցնում եմ. «Ու՞մ ձեռքի գործն է: Թե՞ տանից եք բերել»:

-Շարքային Հակոբյանի աշխատանքն է,- պատասխանում է սպաներից մեկն ու կրտսեր սերժանտ Նարեկ Ղազարյանին ուղարկում նրա հետևից: – Մենք նրա համար պայմաններ` թե՛ ժամանակ ենք գտնում, թե՛ այլ հնարավորություններ ենք ստեղծում, որ նաև իր արվեստով կարողանա զբաղվել, թեև ծանրաբեռնված է մեր զինվորի օրը…

Մինչ զինվորը կգար, անթաքույց հիացմունքով, հայտնագործություն արած մարդու ոգևորությամբ ձեռքս եմ վերցնում ընկուզենու ձվաձև փայտի վրա քանդակած Մայր տաճարը:

Ահա և Սուրբ Հռիփսիմե վանքի քանդակը` ընկուզենու ուղղաձիգ փայտի վրա քանդակված:

Ներկայանում է զինվորը, որը ծառայում է գնդապետ Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ գործող սահմանապահ զորամասում: Զինվոր է, հազարավորների նման: Նայում եմ ձեռքերին` կոշտացած, սևացած… Սպան բացատրում է, որ զինվորներն զբաղված են եղել զենքերը մաքրելով: Դժվար էր քիչ առաջ զենք բռնած զինվորից միանգամից հետաքրքրվել փորագրության հատիչով… Այնուամենայնիվ, ուզեցի իմանալ, թե ինչպես է սկսվում կամ արարվում արվեստի գործը:

-Ամենից առաջ քո հոգու մեջ պետք է այն արարվի… Մնացյալն արդեն տեխնիկայի, վարպետության գործ է… Ես իմ գործն սկսում եմ փայտի ընտրությունից, մշակելուց, գործի համար նախապատրաստելուց… Այս երկու քանդակները ընկուզենու որակյալ փայտից են: «Մայր տաճարի» փայտը տանը երկու տարի ջրի մեջ եմ պահել, որպեսզի ուռչի, ամրության որակներ ձեռք բերի: Այնուհետև հանել, թողել եմ, որպեսզի իր ընթացքով չորանա, ինչը նույնպես ժամանակ է պահանջում: Այդքանից հետո նոր սկսել եմ մշակել, ձև տալ: «Սուրբ Հռիփսիմե»-ի քանդակն էլ նույն փայտից է, սակայն այն կես տարի եմ ջրի մեջ պահել, իսկ ընթացքը նույնն է եղել, ոնց որ նախորդի դեպքում,- համբերատար, առանց շտապելու պատասխանեց քանդակագործ զինվորը:

Նորից ձեռքս եմ վերցնում «Մայր տաճար» քանդակը՝ կարծես չուզենալով պոկվել նրանից:

-Երբ զորացրվեմ, այդ աշխատանքները թողնելու եմ այստեղ… Թեև այդ գործերն ինձ համար շատ թանկ են… Համոզված եմ, որ դրանք գետնատնակում շատ ավելի են պետք… Հետո տղաները սիրում են այդ գործերը, խաչակնքվում են եկեղեցիների պատկերների առաջ: Դրանք արդեն պարզապես ձեռքի աշխատանք չեն, այլ սրբապատկերներ… Բոլորս էլ այն կարծիքին ենք, որ դրանք օգնում են մեզ մեր ծառայության մեջ, պահպանում են չարից, փորձանքից… Չէ՛, այս քանդակների տեղը հենց զորամասն է, զորամասում էլ` գետնատնակը…

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ