Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ «ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ»
ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ «ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ»

Մենք հետևողականորեն, արդեն արդյունք ստացածի վստահությամբ շարունակելու ենք փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարը…, և համոզված եմ, որ ավելի բարձր արդյունքներ ենք գրանցելու:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Փոխգնդապետ Արամայիս Մանուչարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առաջին շրջանավարտներից է: Ծառայությունն սկսել է մոտոհրաձգային զորամասերից մեկում, բայց երկու տարի անց տեղափոխվել է առաջնագիծ եւ շուրջ տասներկու տարի ծառայել սահմանային տարբեր կայազորների զորամասերում: Սովորել է ՌԴ ռազմական ակադեմիաներից մեկում, ապա վերադառնալով՝ որպես հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, ծառայության է նշանակվել սահմանի պահպանություն իրականացնող զորամասում:

-Պարոն փոխգնդապետ, կարգապահության ոլորտը բանակի հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է. ինչպիսի՞ն էր անցած՝ 2014 թվականը Ձեր զորամասի համար:

-Նախ պետք է անդրադառնամ մարտական հերթապահությանը և ասեմ, որ ինչպես 2013թ., 2014թ.-ին էլ մեզ հաջողվեց պետական սահմանի պահպանությունը կազմակերպել և իրականացնել հաջողությամբ: Բարեբախտաբար, չունենք կորուստներ և վիրավորներ: Այս փաստը մեր գլխավոր ձեռքբերումն է: Իսկ ձեր հարցին պատասխանելով՝ ասեմ, որ կարգապահության ոլորտում ունենք բավական խոսուն ցուցանիշներ: Այսպես, խախտումները նախորդ տարվա համեմատ նվազել են հիսուն տոկոսով, վաթսուն տոկոսով նվազել են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով տեղի ունեցող միջադեպերը, ութսուն տոկոսով՝ ինքնախեղման դեպքերը, ունեցել ենք միայն մեկ դեպք: Անցած տարի զորամասը ստուգվել է Գլխավոր ռազմական տեսչության կողմից և ստացել «բավարար» գնահատական:

-Գաղտնիք չէ, որ զինծառայողների միջև միջադեպերը հիմնականում սխալ դաստիարակության, արատավոր բարքերի դրսևորման, փողոցային խոսքի ու լեզվամտածողության հետևանք են: Պաշտպանության նախարարությունը, համագործակցելով տարբեր գերատեսչությունների՝ ԿԳՆ, ԱԻՆ, ոստիկանության հետ ձգտում է, որ բանակը համալրվի «փողոցային բարքեր» ախտով չվարակված երիտասարդներով, ինչն ավելի շատ հեռանկարային՝ ժամանակ և համագործակցված աշխատանք պահանջող ծրագիր է, մինչդեռ խնդիրն առկա է: Ներկայումս ի՞նչ աշխատանքներ եք տանում ստորաբաժանումներում փողոցային մտածելակերպն ու գործելաոճը բացառելու ուղղությամբ:

-Մենք գիտենք, որ անհատի դաստիարակության առաջին միջավայրը ընտանիքն է, որին հաջորդում են փողոցը, դպրոցը, բուհը, աշխատանքային կոլեկտիվը: Եթե դիտարկենք մեր միջավայրը, կտեսնենք, որ փողոցային մտածողություն, քրեական անցյալ ու ներկա ունեցող ծնողի (հոր) որդիները մոտ ութսուն տոկոսով մերժում են իրենց հոր ապրելակերպը և գնում են ուղիղ ճանապարհով: Երբեմն էլ հենց այդ քրեական կյանքով ապրողներն են որդիներից պահանջում չհետևել իրենց, իրենցից օրինակ չվերցնել: Իրենք գիտակցում են, որ կյանքի սխալ ճանապարհ են ընտրել և որդիներին ճիշտ ուղի են ցույց տալիս: Կրթական մակարդակն այս դեպքում կապ չունի, կարևորը միջավայրն է: Մարզերից եկածներն ավելի կարգապահ ու բարեկիրթ են, քան մայրաքաղաքից եկածները: Ավագ սերնդի ներկայացուցիչներից հաճախ ենք լսում, թե ժամանակին իրենց ինչպես էին դիտողություն անում, խրատում բակի տարեցները: Այսօր չկան այդ բակային համայնքները, խրատ ու խորհուրդ տվողները: Մարդիկ ավելի շատ անձնական հոգսերով են տարված: Ընդհանրապես, փողոցային բարքերով վարակվում են ավելի շուտ պատանիները, մանավանդ, որ կան հանցագործ աշխարհի մասին հիացմունքով պատմող գրքեր, կայքեր: Ցավոք, այսօրվա մեր դպրոցն էլ չունի ժամանակ ու միջոցներ (շատ քիչ են տղամարդ մանկավարժները) փողոցային բարքերին հակազդելու համար: Իհարկե, մենք չենք ուզում մեր զինվորների միջև տարբերություն դնել, նրանց առանձնացնել, թեեւ երբեմն, հաշվի առնելով անհատական գրքույկների գրառումները, առանձին նորակոչիկների հետ զրուցում ենք իրենց իսկ նախասիրությունների մասին: Ընդհանրապես, օրենքների, կանոնագրքերի պահանջների բացատրական, պարզաբանման աշխատանքներն իրականացվում են ինչպես մեր, այնպես էլ զինվորական դատախազության, ռազմական ոստիկանության աշխատողների կողմից: Մեր բոլորի նպատակն է, որ յուրաքանչյուր զինվոր իր պարտականությունները կատարի ամբողջությամբ, գիտակցաբար, առանց ծառայակիցների, վերադաս հրամանատարության և իրավապահ մարմինների հետ գործ ունենալու: Առաջադրված խնդիրն իրականացնելու համար կիրառում ենք տարբեր մեթոդներ: Մեծ նշանակություն ենք տալիս անձնական օրինակին՝ սկսած զորամասի հրամանատարից մինչև ջոկի հրամանատար: Չենք թողնում, որ որևէ զինվոր մնա մենակ, մեկուսանա, ձգտում ենք բոլորին ընդգրկել որևէ կոլեկտիվի, հասարակական աշխատանքի մեջ: Զորամասում գործում են տարբեր հասարակական ակտիվներ, վաշտերում՝ պատի թերթեր, տպագրվում է մարտական թերթիկ, կան ինքնագործունեության խմբակներ, ժամանցի կազմակերպման խումբ, «Հայ ասպետ», որն այս տարի փնջում գրավեց երկրորդ տեղը, իսկ շախմատիստները բանակում գրավեցին առաջին տեղը: Յուրաքանչյուր միջոցառման հիմքում ընկած է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, իսկ միջոցառումները շատ-շատ են: Անցած տարի կազմակերպված զինվորական երդման երեք արարողություններից երկուսն անցկացվել են Նորավանքում, մեկը՝ Վայքի զոհվածների հուշարձանի մոտ: Զինվորների ուժերով մաքրել ենք եկեղեցիների և հուշարձանների տարածքները, որոնք մեր մարզում բավական շատ են: Հանդիսավորությամբ նշվեցին բոլոր տոները՝ զորամիավորման 17-րդ, զորամասի՝ 18-րդ ամյակները, բազմաթիվ միջոցառումներ կազմակերպեցինք հանրակրթական դպրոցներում:

-Սպայական ժողովներ ի՞նչ հաճախականությամբ եք անցկացնում:

-ԶՈՒ-ում տեղի ունեցող բոլոր դեպքերը քննարկում ենք սպայական ժողովներում, եղել են դեպքեր, երբ քննարկել ենք մեր սպաների վարքագիծը: Անցած տարի երեք անգամ պատվի դատարան ենք հրավիրել սպայի: Նման միջոցառումները զգաստացնում են մարդկանց և կանխարգելիչ նշանակություն ունեն:

-Զորամասն ունի՞ սպա հոգեբան:

-Երկար ժամանակ այդ հաստիքը թափուր էր, այժմ նշանակվել է կապիտան Վիգեն Մանուկյանը: Նա ունի մասնագիտական կրթություն, ավարտել է ՌԴ սահմանապահ զորքերի համալսարանի հոգեբանության բաժինը, շատ լավ է աշխատում եւ մեծ հարգանք ու հեղինակություն ունի զինվորների, սպաների շրջանում:

-Պարոն փոխգնդապետ, ասացիք, որ զորամասում ստուգումներ է անցկացրել Գլխավոր ռազմական տեսչությունը, հետաքրքիր է՝ ինչպե՞ս է գնահատվել բարոյահոգեբանական վիճակը:

-Ստացել ենք «բավարար» գնահատական, ինչը մեզ պարտավորեցնում է աշխատել կրկնապատկված եռանդով:

Արամ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ