Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը: Մասնավորապես` բանակի գեներալ Ա. Բախինը պատրաստակամություն է հայտնել ձերբակալված շարքային Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննություն իրականացնելիս շարունակելու համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:

ՏԵՂԻՆ ՉԷ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ: Լինում է անհատ, նրա շրջապատը, կոլեկտիվը, որի ներսում այդպիսի մթնոլորտ է ձեւավորվել, անմիջական այն ղեկավարները, ովքեր աշխատել են այդ զինծառայողի հետ …Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի: Ամեն ինչ կախված է, թե կասկածյալն ինչ կասի եւ ինչպես կբացատրի այդ իրողությունը: Բայց այն, որ հետեւողական կերպով մինչեւ վերջ կհասնենք, եւ մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, հաստատ է: Այսօր տեղին չէ կատարվածը քաղաքականացնել եւ փնտրել ինչ-որ վատթարացում հարաբերություններում: Որովհետեւ ՌԴ-ի հետ մենք բավականին բարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ եւ քաղաքական երկխոսություն ունենք… չափազանց բարձր մակարդակի վրա է մեր ռազմական համագործակցությունը:

Ս. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար