Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



Ժողովուրդների մեծ մասի համար Նոր տարին հնուց ի վեր համարվում է հիմնական տոներից մեկը։ Վաղնջական ժամանակներից հայերը Նոր տարին նշել են գարնան զարթոնքին՝ մարտի 21-ի գիշերահավասարի օրը, ապա Նավասարդի Արեգ օրը (հուլյան տոմարով՝ օգոստոսի 11-ին) եւ աշնանային բերքահավաքից հետո։

Ի վերջո, ընդօրինակելով եվրոպական ժողովուրդներին, Նոր տարին սկսել են նշել հունվարի 1-ին (18-րդ դարի վերջից)։ Տարեսկիզբը Նոր տարի կոչելը հայերի համար գործածական է դարձել վերջին հարյուրամյակում։ Մինչեւ 19-րդ դարի վերջը Նոր տարին կոչել են Ամանոր կամ Նավասարդ։ Համաժողովրդական հանդիսությունները (խնջույքներ, զոհաբերություններ, երգ ու պար, խաղեր, գուշակություններ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ եւ այլն) գլխավորապես տեղի են ունեցել հեթանոս հայերի սրբարան Այրարատ նահանգի Բագրեւանդ գավառի Դիցավանում կամ Բագարանում (աստվածաքաղաք)։ Ըստ հինավուրց ավանդության, հայոց անվանադիր նախնի եւ գերագույն աստված Հայկը մ.թ.ա. 2492 թվականի Ամանորին ճակատամարտում սպանել է աշշուրաբաբելոնյան բռնակալ Բելին, որից հետո այդ թվականը հռչակվել է հայերի անկախության տարի, իսկ այդ օրը՝ տարեգլուխ։

Հայերը հնում Նոր տարին դիմավորել են տոնական սեղաններին դնելով Ամանոր եւ Նավասարդ բառերի սկզբնատառերով սկսվող ուտելիք եւ ըմպելիք։ Նոր տարին հայերի համար համարվել է մեռնող եւ հարություն առնող բնությանը նվիրված տոներից ամենագլխավորը։

♦♦♦

Հիսուս Քրիստոսի ծնունդը անկրկնելի եւ շրջադարձային եղավ պատմության համար, մարդկության համար, նրանով պատմությունը բաժանվեց երկու մասի՝ Քրիստոսից առաջ եւ Քրիստոսից հետո։

Հին տարին չէ, որ մեռնում ու նորից ծնվում է, ժամանակը չէ, որ անցնում է, այլ մարդն է, որ անցնում է, ու մարդն է, որ կարող է վերածնվել, վերանորոգվել։ Հիսուսի ծնունդով իմաստավորվեց մեր ապրած ամեն մի վայրկյանը, ամեն պահը։

Մինչեւ IV դարը բոլոր քրիստոնյաներն այս տոնը կատարում էին հունվարի 6-ին։ V դարից սկսած՝ արեւմտյան եկեղեցիներն այն տեղափոխեցին դեկտեմբերի 25-ին՝ փորձելով ազատվել արեւի ծննդյան (ձմեռային արեւադարձի) հեթանոսական տոնից՝ այն տեղափոխելով Աստվածահայտնության տոնով։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդապահորեն չփոխեց առաքելական ժամանակներից սահմանված կանոնն ու պահպանել է հնավանդ սովորությունը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը կատարելով հունվարի 6-ին։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հունվարի 6-ին նշում է նաեւ Հիսուս Քրիստոսի Մկրտության տոնը՝ ի հիշատակ Հորդանան գետում նրա մկրտության։

Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել (վառել)։ Երեկոյան սուրբ պատարագի ընթացքում հնչում է ավետիսը՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ»։ Պատարագից հետո տոնակատարությունները տեւում են մինչեւ հունվարի 13-ը։ Այս բոլոր օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է՝ «Ձեզ եւ մեզ մեծ ավետիս»։

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Հոգևոր-մշակութային


15/01/2015