Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՅՏՐՈՆԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ



Երրորդ սերնդի միջուկային զինամթերքի արտադրությունը հնարավոր է` ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով

Վերջերս ռուսաստանցի ականավոր ատոմագետներից մի քանիսը կարծիք էին հայտնել, թե չափազանց արդիական է դառնում այն գործոնը, երբ միջուկային զենքն սկսում է իրականացնել ոչ միայն զսպող գործառույթ, այլեւ ձեռք է բերում կիրառելի ռազմական գործիքի կարգավիճակ` ինչպես ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի հակամարտության ամենաթեժ ժամանակներում էր:

Այս տեսակետից` միջուկային զինանոցը համալրելու ամենահավանական տարբերակներից մեկը նեյտրոնային զենքն է, որը, մյուս միջուկային զենքերի համեմատ, նախընտրելի է «մաքրության», սահմանափակ հզորության եւ «հարակից անցանկալի հետեւանքների» բացակայության ռազմատեխնիկական չափանիշներով: Ուշագրավ է, որ նեյտրոնային զենքը վերջին շրջանում լռության թանձր վարագույրով է պատվել: Նեյտրոնային զենքի հետ կապված հավանական ծրագրերի քողարկման պաշտոնական պատճառաբանություն կարող է ծառայել դրա արդյունավետությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում (գրոհայինների ռազմակայաններին եւ խմբավորումներին հարված հասցնելիս, մանավանդ` նոսր բնակեցված, դժվարամատչելի լեռնային-անտառային տեղանքներում):

ԻՆՉՊԵՍ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Դեռեւս անցյալ դարի կեսերին, հաշվի առնելով խիտ բնակեցված Եվրոպայի տարածքում միջուկային զենքի կիրառությամբ հավանական պատերազմների բնույթը,Պենտագոնի գեներալները եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել պայքարի այնպիսի միջոցներ, որոնք կսահմանափակեն ավերածությունների ծավալները, տեղանքի վարակվածությունը, կորուստների թիվը խաղաղ բնակչության շրջանում: Սկզբում նկատի էր առնվում համեմատաբար ոչ մեծ հզորության մարտավարական ՄԶ-ն, սակայն շուտով ծրագրերը փոխվեցին…

…ՆԱՏՕ-ի զորքերի` 1955 թ. «Քարտ-բլանշ» պայմանական անունը կրող զորավարժությունների ընթացքում, ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի տարբերակներից մեկը քննելուն զուգընթաց, ստուգվում էր նաեւ Արեւմտյան Եվրոպայում ավերածությունների եւ քաղաքացիական բնակչության շրջանում հավանական զոհերի թիվը` մարտավարական միջուկային զինամթերք օգտագործելու դեպքում: 268 մարտալիցքի կիրառության դեպքում հավանական զոհերի թիվն ապշեցրեց ՆԱՏՕ-ի հրամանատարությանը. այն գրեթե հինգ անգամ գերազանցում էր այն վնասը, որ կրել էր Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դաշնային օդուժի կողմից ռմբակոծության ենթարկվելիս:

ԱՄՆ-ի գիտնականներն առաջարկեցին երկրի ղեկավարությանը ստեղծել նվազ «հարակից հետեւանքներ» թողնող միջուկային զենք, այն դարձնել «առավել սահմանափակ, քիչ հզորությամբ եւ առավել մաքուր»` նախկին նմուշների համեմատ: Մի խումբ ամերիկացի գիտնականներ, Էդուարդ Թելլերի գլխավորությամբ, 1957 թ. սեպտեմբերին համոզեցին նախագահ Դուայթ Էյզենհաուերին եւ պետքարտուղար Ջոն Դալլեսին, որ նեյտրոնային ուժեղ ճառագայթմամբ ՄԶ-ն առանձնահատուկ առավելություններ ունի: Թելլերն ուղղակի հավաստիացնում է նախագահին. «Եթե դուք ընդամենը կես տարի ժամանակ հատկացնեք Լիվերմորյան լաբորատորիային, կստանաք «մաքուր» միջուկային մարտագլխիկ»:

Էյզենհաուերը չէր կարող դիմակայել «բացարձակ զենք» ստանալու գայթակղությանը եւ թույլ տվեց զբաղվել հետազոտությունների համապատասխան ծրագրով: 1960 թ. աշնանը «Թայմ» ամսագիրն առաջին անգամ տեղեկություններ հաղորդեց նեյտրոնային ռումբի ստեղծման աշխատանքների վերաբերյալ:

Էյզենհաուերին փոխարինելու եկած Ջոն Քենեդին նույնպես անուշադրության չմատնեց նեյտրոնային ռումբի ստեղծման ծրագիրը: Նա անվերապահորեն մեծացնում էր նոր զենքի հետազոտության ծախսերը, հաստատում միջուկային փորձնական պայթեցումների (այդ թվում` նեյտրոնային լիցքերի փորձարկումների) տարեկան պլանները: Նեյտրոնային լիցքավոր սարքի (ինդեքս W-63) առաջին պայթեցումը 1963 թ. ապրիլին, Նեւադա հրաձգարանի գետնանցքում, ազդարարեց երրորդ սերնդի միջուկային զենքի առաջին նմուշի ծնունդը:

Նոր զենքի մշակման աշխատանքները շարունակվեցին նախագահներ Լինդոն Ջոնսոնի եւ Ռիչարդ Նիքսոնի օրոք եւս: Նեյտրոնային զենքի մշակման վերաբերյալ առաջին պաշտոնական հաղորդագրություններից մեկը 1972 թ. հնչեցրեց Նիքսոնի վարչակազմի պաշտպանության նախարար Լեյրդը:

1976 թ. նոյեմբերին Նեւադայի հրաձգարանում անցկացվեցին նեյտրոնային մարտագլխիկի հերթական փորձարկումները: Արդյունքներն այնքան տպավորիչ էին, որ որոշվեց Կոնգրեսից թույլտվություն ստանալ նոր զինամթերքի լայնածավալ արտադրության համար: Մամուլում գովասանական հոդվածներ հայտնվեցին նեյտրոնային զենքի ռազմական եւ տեխնիկական առավելությունների մասին: ԶԼՄ-ներով հանդես էին գալիս գիտնականներ, զինվորականներ, կոնգրեսականներ: Պաշտպանելով այդ քարոզարշավը` Լոս Ալամոսի միջուկային լաբորատորիայի տնօրեն Ագնյուն հայտարարեց. «Եկել է նեյտրոնային ռումբը սիրելու ժամանակը»:

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թ. օգոստոսին հայտարարեց նեյտրոնային զենքի լայնածավալ արտադրության մասին, ինչի համար տրամադրվեց 25 միլիարդ դոլար: 1983 թ. Կոնգրեսը հավանություն տվեց 155 մմ տրամաչափի նեյտրոնային արկեր (W-83) պատրաստելու համար հաջորդ ֆինանսական տարում 500 միլիոն դոլար հատկացնելու ծրագրին:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Մասնագետների բնորոշմամբ` նեյտրոնային զենք են կոչում համեմատաբար ոչ մեծ հզորության ջերմամիջուկային արկերը, որոնք ունեն ջերմամիջուկային բարձր գործակից` տրոտիլային համարժեքով` 1-10 կիլոտոննայի սահմաններում, եւ նեյտրոնային ճառագայթման մեծ արտազատում: Ինչպես նշել է պրոֆեսոր Բուրոպը` N-ռումբերի կառուցվածքի առանձնահատկությունը էներգիայի արտազատման արագությունն է: Այդպիսի արկի պայթեցումն ուղեկցվում է նաեւ զգալի քանակությամբ գամմա-քվանտների արտազատմամբ, որոնք մեծացնում են նրա կործանիչ գործողությունը: Կենդանի օրգանիզմների վրա դրանց կործանարար ներգործությունը որոշվում է ճառագայթման չափաբաժնի այն հանրագումարով, որ դրանք կլանում են: Մարդու վրա կործանարար ազդեցությունը բնութագրելու համար կիրառվում է «ռադ» միավորը (radiation absorbed dose` ճառագայթման կլանված չափաբաժին): Այս միավորն ընդունված է որպես ցանկացած իոնացված ճառագայթման կլանման մեծություն: Ընդ որում, ընդունված է նաեւ, որ իոնացված ճառագայթման բոլոր տեսակները միանման ազդեցություն են ունենում կենդանի հյուսվածքների վրա, սակայն կենսաբանական ազդեցության մեծությունը, միեւնույն չափաբաժնով կլանված էներգիաների դեպքում, մեծապես կախված է ճառագայթման տեսակից, ինչն էլ դիտարկվում է որպես «համեմատական կենսաբանական արդյունավետության» (ՀԿԱ) ցուցանիշ: Իբրեւ ՀԿԱ-ի ցուցանմուշ` ընտրվել է գամմա-ճառագայթման կենսաբանական գործողությունը, որն էլ համարվում է դրա միավորը:

Շարունակելի

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Ռազմական


15/01/2015