Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ



Լրացավ հայկական ֆուտբոլի ամենավառ անհատականություններից մեկի` ԽՍՀՄ հավաքականի ու Երևանի «Արարատի» լեգենդար կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը:

Հանրահայտ ֆուտբոլիստը ծնվել ու հասակ է առել սպորտային ընտանիքում: Հայրը` ծանրամարտի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ժորա Հովհաննիսյանն է, մայրը` սպորտային մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոն և միութենական մրցաշարերի բազմակի մրցանակակիր Վարսենիկ Հովհաննիսյանը, կինը` գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ Ջուլյա Սարյանը, իսկ որդին՝ ճանաչված ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը:

♦ Համաշխարհային հեղինակավոր «Yopld cokkep» ֆուտբոլային ամսագրի գնահատմամբ՝ Խորեն Հովհաննիսյանը եղել է ԽՍՀՄ ամենալավ կիսապաշտպանը:

♦ Նա 1982 թվականին հրավիրվել է խաղալու ԱՄՆ ամենահայտնի «Կոսմոս» ակումբում` կողք կողքի ֆուտբոլի արքա Պելեի հետ: Տեղափոխման համար անգամ խոստացել են այն ժամանակների համար առասպելական` 3 000 000 միլիոն դոլար գումար:

♦ Հայ ֆուտբոլիստն առանձնացել է բարձրակարգ տեխնիկայով, նրան համարել են խաբս տալու և փոխանցման անզուգական վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ գոլահար:

♦ Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 295 պաշտոնական հանդիպում, խփել 93 գոլ (ռեկորդային ցուցանիշ հայկական ֆուտբոլում):

♦ Նա Մոսկովյան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980թ.):

♦ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976թ.):

♦ ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (1976 թ.):

♦ ԽՍՀՄ գավաթակիր (1975թ.):

♦ 1979-1984թթ. հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում (37 խաղ, 8 գոլ):

♦ Խորեն Հովհաննիսյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին (1982թ. Իսպանիա) և խփել եզակի գեղեցկությամբ գոլ Բելգիայի հավաքականի դարպասը:

♦ Նա 5 անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, ընդ որում՝ երեք անգամ իր խաղային դիրքում ճանաչվել է լավագույնը:

♦ 2004թ. ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ քվեարկության արդյունքում հայ ֆուտբոլիստը ճանաչվել է 1954-2003 տարիների Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը:

♦ Խորեն Հովհաննիսյանը եղել է ՀՀ ազգային հավաքականի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահը:

♦ Հայկական ֆուտբոլում ունեցած անուրանալի վաստակի, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է ֆուտբոլիստի պատկերով նամականիշ:

♦ «Ռոսիա-2» հեռուստաընկերությունը հայ մարզիկի հոբելյանի առիթով հատուկ ֆիլմ է նկարահանել, որը կցուցադրվի Հ1 հեռուստաալիքով:

♦ Երևանում Խորեն Հովհաննիսյանի պատվին կկազմակերպվի ֆուտբոլային հանդիպում ԽՍՀՄ հավաքականի և աշխարհի ֆուտբոլային աստղերի միջև:

Պատրաստեց Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #01 (1070) 14.01.2015 – 21.01.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


15/01/2015