Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ԽՈՍՔԸ



Հայոց մեծերի համար Ամանորի տոնը միշտ էլ մի գեղեցիկ առիթ է եղել նորից խոսելու հարազատ ժողովրդի հետ, իմաստավորելու կյանքը, խորհրդածելու անցած եւ գալիք ճանապարհների շուրջ։ Եվ ծնվել են խոսքեր, գրվել տողեր, որոնք այսօր էլ հնչում են նույն իմաստնությամբ՝ ճանաչել տալով ոչ միայն մեծերին, այլեւ ինքներս մեզ։ Հետաքրքիր է, ի՞նչ են մտածել, ինչպե՞ս են Ամանորը տեսել մեր մեծերը երկրի, ժողովրդի եւ իրենց իսկ կյանքի տարբեր ժամանակահատվածներում։

Ավետիք Իսահակյան

…Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։

Լուսամուտը բացել, նայում եմ։ Լուսնյակ գիշեր, լիալուսին, թեթեւ, կապույտ ամպեր։ Լսում եմ՝ գնացքը գնում է սուլելով… Հանկարծ նավերի շչակները սուլում են, սուլում են, սուլում են… Հրացաններ են արձակում, անթիվ… Հեռվից՝ մարդկանց ձայներ, երգեր, ծիծաղներ…

15 վայրկյան…

Պառկել, վերհիշում եմ բոլոր Նոր տարիները, որ դիմավորել եմ, ի՞նչ կերպ, ի՞նչ սրտով, ո՞ւր, ինչպե՞ս…

Սուլում են նավերը, մեկը՝ կտրում, մյուսը՝ սկսում…

Մարդկությունն ուրախանում է-ինչո՞ւ համար, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնից՝ դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ո՜վ գիտե ինչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, եւ շատերս չենք հասնելու անշուշտ, բայց ուրախանում ենք… Ի՜նչ բնազդ է…

1926թ. դեկտեմբերի 31,
Վենետիկ («Հիշատակարանից»)

Նոր տարվա առիթով ցանկանում եմ, որ մեր զոհված մարտիկների եւ կենդանի մնացածների արդար փափագները՝ թշնամու ոչնչացումը, արագ կատարվի։

Ցանկանում եմ մեր քաջարի զինվորներին աննկուն հավատ եւ համոզմունք վերջնական հաղթանակի հանդեպ։

Բարեմաղթում եմ ավելի տոկունություն, կորով եւ խիզախություն։

Համոզված ենք, որ շուտով մեր հերոսական եղբայրների արյունով ազատագրված հողերի վրա նորից կծավալվի ընդհատված խաղաղ եւ ստեղծագործ աշխատանքը։

1942թ. հունվարի 1, Երեւան

Սերո Խանզադյան

Նոր տարվա առիթով ասեմ. ես պատերազմին մասնակցել եմ զենքը ձեռքիս, խրամատում, անթիվ մահեր եւ կործանումներ եմ տեսել ու դրանք հիշելիս միշտ սարսափում եմ։ Շատ բախտավոր ենք, որ հիմա ապրում ենք խաղաղ։ Շատ կուզեի, որ այս եկող տարին եւ էլի-էլի շատ տարիներ անցկացնենք առանց կռիվ-կոտորածի, խաղաղ, առանց պատերազմի։

1968թ. հունվարի 1

Համո Սահյան

Նոր տարի է գալիս։ Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար։

Ուզում եմ հետ նայել, հետ գնալ, վերապրել անցածը, մեկ տարվա անցածը։ Ուզում եմ շնորհակալության ու շնորհավորանքի խոսքեր գտնել իմ ժողովրդի փետրվարյան խիստ ու խելոք ընդվզումների համար, դարավոր ստրկության վախից ձերբազատվելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության եւ միաբանության նրա աստեղային ժամի համար, իր ինքնաճանաչման գիտակցությունը դարի ճակատին արձանագրելու համար, իր երդաշեն վաստակի եւ երդանվեր ոգու համար, կորցրածը ետ բերելու իր առաջին հանդուգն փորձի համար։

Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա եւ մարդկության մեջ՝ մարդկայնություն։

Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա սեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՜ր Նոր տարի։

1988թ. դեկտեմբերի 31

Նոր տարի է գալիս։ Դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տուն ու տեղից քշված հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը եւ ապահովեն իրենց սերունդների ծաղկումը։ Նոր տարի է բացվում, բարով է բացվում ու բացվում է բարի…

1989թ. դեկտեմբերի 31

Նոր տարի է գալիս։ Ոչ մի օրհաս, ոչ մի հոգեվարք, ոչ մի կործանում, մենք նոր ենք կայանում որպես ազգ ու պետություն, այդ կայանալու կենացը մաղթենք։

1992թ. դեկտեմբերի 30

Մարտիրոս Սարյան

Մեր ժամանակի փառապանծ հերոսները, պաշտպանելով իրենց հայրենիքը, կատարել եւ կատարում են այնպիսի մեծ սխրագործություններ, որոնք դարեր շարունակ կհանդիսանան գալիք արվեստը սնող եւ ոգեկոչող ամենահսկայական արսենալը։

Եվ գալիքը, փառաբանելով մեր ժամանակի հերոսներին, թող մեծարի 1942 թիվը որպես ֆաշիզմի բնաջնջման եւ ամբողջ մարդկության ազատագրման անմահ տարեթիվ։

Ահա իմ լավագույն ցանկությունները Նոր տարվա առթիվ անձնվեր կարմիր մարտիկներին եւ նրանց շարքերում պայքարող իմ զավակին։

1942թ. հունվարի 1

Հ.Գ.-Մեծ նկարիչը նկատի ունի իր որդուն՝ ապագա անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին, որը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Գեղամ Սարյան

Պոկում եմ ես այսօրվա քո թերթիկը, օրացույց,

Խինդաշաղախ թախիծով, հաճույքով եմ պոկում ես,

Ինչպես աշնան մի տերեւ ու վարդի թուփը ինչպես

Պոկում եմ ես այսօրվա քո թերթիկը, օրացույց։

Ես տեսնում եմ նրա մեջ ժամերի վազքը վսեմ,

Մահացումներ եմ տեսնում ու ծնունդները բազում,

Ես օրհնում եմ նրանց մեջ գալիք մեր կյանքը լուսե,

Այնքան վստահ, այնքան ջինջ, ինչպես վճիտ երազում։

Ռափայել Պատկանյան

Նոր տարի

Երնե՜կ, թե այս Նոր տարին

Վերջ տար հայի ցավերուն.

Չարը կորչեր, ու բարին

Բուն դներ մեր սրտերուն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ-անդաստան…

Հովհաննես Շիրազ

Այս տոնը, Նոր տարվա դուռն է բացում, ողջունելու համար հարկավոր է բյուր հազարավոր բերան ունենալ. ի՞նչ բյուրհազար, երբ համամարդկային է Ամանորը, երբ աշխարհի բոլոր անկյուններում՝ խրճիթից մինչեւ պալատները, լցվում են բաժակները ե՛ւ գինով, ե՛ւ… հույսերով։ Եվ ինձ թվում է՝ աշխարհի դաշտերն ու լեռները ծածկող այժմյան ձյան տակ բոլոր ազգ ու ցեղերի իղձերն ու հույսերը քնած, դեռ սերմի մեջ՝ վաղվա ծաղիկների են նման։ Եվ երբ այս Նոր տարվա ձյունը գալիք գարնան արեւով հալվի, եւ երբ ձյան վերջին թագը մնա Մասիսի գլխին, պաղ ձյուների տակից ելնող ծաղիկների նման պիտի կյանք առնեն ամբողջ մարդկության հույսերն ու իղձերը, որոնք, ծաղիկների փոխված, պիտի քաղցր բուրմունքով լցնեն աշխարհը։

Այս մտքից ակունք առած՝ շնորհավորում եմ իմ հայոց եւ աշխարհի բոլոր ազգերի Նոր տարին։ Եթե այժմ ձեռքիս տակ լինեին իմ հայոց երկու աչքերի պես նրա երկու ծովակները, ես, խղճիս հրամանով, գինու կփոխեի նրանց ջրերը եւ կլցնեի բոլոր ազգերի բաժակները, ինչպես ծովակներիցս մեկն է լույսով ու հույսով լցվում։ Ուրեմն՝ Սեւանի բյուրեղյա լույսի բաժակով Հույսի կենացն եմ խմում այսօր. թող ամեն ազգի բաժակ, եթե դատարկ է կամ կիսատ, իմ հայոց սփյուռքի բաժակի նման՝ լցվի։

Այսօր ազգային համբուրելի հպարտությամբ է լցվում իմ սիրտը, երբ լսում եմ, որ հայոց հին, բազմադարյա եւ նոր ծագած աստղերը մրցման են ելնում ուրիշ ազգերի անմահ աստղերի հետ, երբ հայոց նարեկացիները բարձրանում են իրենց իսկական գահին՝ համաշխարհային ճանաչման։

Եվ երնեկ այն ազգին, որ սրտեր է գրավում եւ ոչ թե… հողեր, որ լեզու է տալիս եւ ոչ թե… լեզու պոկում…

Բայց ազգին պահողը կամ վերստեղծողը մայրենի լեզուն է։

Այդ իսկ պատճառով տագնապալից սրտով այս Նոր տարվան էլ հիշում եմ հայոց սփյուռքը։ Այնտեղ կյանքի եւ մահվան կրակի մեջ է հայոց լեզուն։ Ուրեմն՝ հարկավոր է հայոց լեզվի պաշտպանությունն ամենօրյա դարձնել ամենուրեք։

Այսօր, շնորհավորելով ամենքիդ Նոր տարին, ուզում եմ ահազանգել, որ ամեն մի ազգի զավակ պիտի պաշտե իր մայրենին։ Այն պատանին, որը գիտե յոթ լեզու, յոթ անգամ համբուրելի է, բայց այդ նույն պատանին, եթե անգոսնում է իր մայրենի լեզուն, եթե ամենօրյա օդ չէ նրա բերանում իր մայրենին, նա յոթ հազար անգամ է նզովելի։

Ինչպես որ սուրբ է ցորենի արտի նման մի հասկը, այնպես էլ սուրբ է ամեն մի մայրենի լեզու։ Ազգերը նման են դաշտում սփռված ծաղիկների, իսկ նրանց մշակույթը ծաղկանց բուրմունքն ու գույներն են։ Եթե որեւէ ծաղիկ պակասի, մի՞թե դաշտի քաղցրությունը չի պակասի։

Նոր տարվա հույսերը նման են Նոր տարվա տոնածառին, որոնք այս գիշեր լուսազարդվում են աշխարհի բոլոր տանիքների տակ։ Ուզում եմ հազար սրտով ցանկանալ, որ այդ հույսերը Նոր տարվա տոնածառի նման մի երկու օր լույս տալով՝ դուրս չնետվեն կմախքացած։

Շնորհավոր ամենքին։

***

Ամեն մի նոր բան հին է դառնում, բայց ամեն հին չէ, որ մեռնում է։ Անցնող տարիները նման են բեռնաթափվող քարավանների։ Բեռները մնում են, քարավաններն անցնում։

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (1069) 27.12.2014 – 2.01.2015, Հոգևոր-մշակութային


27/12/2014