Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՏԱՇԵՍ ԱՐՔԱՅԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԲԱՂՁԱՆՔԸ

Դարեր շարունակ Նավասարդը համարվել է հայոց սրբազան տարեգլուխը։ Տոնահանդեսները եղել են այնքան բազմամարդ, որ կոչվել են «Համաշխարհական»։ Դրանց մասնակիցները՝ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգեւորական դասը, հանդիսավոր երթերով խմբվել են Տարոն եւ Բագրեւանդ գավառների սահմանագլխին, սրբազան Արածանի գետի ափին, Նպատ լեռան շուրջը՝ զոհաբերումներով, նվիրատվություններով, երգ-երաժշտությամբ, խրախճանքներով նշելու նավասարդյան տոնը։ Հանդիսություններն ուղեկցվել են թատերախաղերով, ռազմախաղերով, մրցություններով, որսորդական զվարճություններով։ Այնուհետեւ հայերը շարժվել են դեպի Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճար՝ նշելու Նոյ նախահոր եւ Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր եւ Անահիտ աստվածամոր «ամանորի ամենաբեր դիցերի» նվիրական հիշատակները։

Հին հայերի պատկերացմամբ՝ իրենց աստվածներն ու աստվածուհիները նավասարդյան տոնի օրերին, Եփրատ եւ Արածանի գետերում լոգանք ընդունելուց հետո բարձրացել են ձնապատ լեռների գագաթները եւ դիտել իրենց փառահեղ տոնախմբություները, հովանավորել ուխտավորներին, որոնք նրանց նվիրաբերել են երինջներ եւ ցուլեր, ի նշան մաքրության եւ նոր կյանքի սկզբնավորման՝ նրանց արյունով ներկել բոլոր հավատացյալներին։

Նավասարդյան տոնախմբություններին իրենց շքախմբերով մասնակցել են հայոց արքաները, որոնց ժողովուրդը դիմավորել է ցնծությամբ։ 11-րդ դարի գիտնական ու բանաստեղծ Գրիգոր Մագիստրոսի շնորհիվ մեզ է հասել Արտաշես արքայի բաղձանքը, որը հայոց վիպասանքի մի գեղեցիկ պատառիկ է։

«Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն Նաւասարդի,

Զվազելն եղանց

Եւ զվարգելն եղջերուաց,

Մեք փող հարուաք

Եւ թմբկի հարկանեաք,

Որպէս օրէն է թագաւորաց»։

Եթե նավասարդյան տոնախմբությունները բաղձացել եւ գովերգել են նույնիսկ արքաները, նշանակում է՝ դրանք իսկապես եղել են փառահեղ եւ անկրկնելի։