Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎՍՏԱՀԵ՛Ք ՀԱՐԱԶԱՏ ԲԱՆԱԿԻՆ
ՎՍՏԱՀԵ՛Ք ՀԱՐԱԶԱՏ ԲԱՆԱԿԻՆ

-Ընթացիկ տարին հայկական բանակի համար թեև լարված էր, բայց նաև հաջողակ,- ամփոփելով անցնող տարին` դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում զինծառայողների ծնողների ու հարազատների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ 2014 թվականի վերջնական ամփոփումը կլինի հունվարին` Բանակի տոնի կապակցությամբ:

Նախարարը հիշեցրեց, որ տարին սկսվեց լարվածությամբ. հունվարի 19-ին թշնամու ներթափանցումը կասեցնելիս զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Այնուհետև սահմանում լարվածություն նկատվեց հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ տարեվերջին խոցվեց հայկական զինված ուժերի ուղղաթիռը:

-Մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունները, արժանի հակահարվածները, այնուհետև մարտական պատրաստության բնագավառում արձանագրած հաջողությունները, բիաթլոնում՝ նույնպես, մեր մարզիկների հաղթանակները իրենց արտացոլումը գտան մեր պատանանիների` Մոնթե Մելքոնյանի անվան կրթահամալիրի սաների ռուսաստանյան հաղթանակներում: 2014 թվականը բանակում հայտարարված էր արատավոր բարքերի դեմ պայքարի տարի` «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է» նշանաբանի ներքո: Բուհերի, դպրոցների, իրավապահ մարմինների և հասարակության լայն շերտերի համատեղ աշխատանքը պսակվեց որոշակի հաջողություններով: Կարելի է ասել, որ ամրապնդվել է կարգապահությունը զորքերում. քրեածին դեպքերը 2.5 անգամ նվազել են, և այդ ամենը` հրամանատարների պատասխանատվության բարձրացման շնորհիվ: Իսկ դպրոցների հետ մեր համատեղ աշխատանքների արդյունքը կերևա առաջիկա տարիներին, երբ բանակի շարքերը կհամալրեն այսօրվա դպրոցականները,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ հաջողությունները շարունակական կլինեն, և 2015 թվականին հայոց բանակը կշարունակի նույն պարտաճանաչությամբ և պատասխանատվությամբ պաշտպանել մեր հայրենակիցների, մեր երկրի խաղաղությունը: Կձևավորվեն զսպման մեխանիզմներ, կնվազի լարվածությունը առաջին գծում:

ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏՐՎԵԼ Է

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի մասին հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ միջադեպի շուրջ ծառայողական քննությունն ավարտվել է, հրամանատարությունը համապատասխան որոշումներ է ընդունել, հարուցված է քերական գործ:

-ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավարությունն ու իրավապահ մարմինները աշխատում են,- նշեց նա՝ շեշտելով, որ հասարակությունը հարմար առիթի դեպքում անպայման կտեղեկանա մանրամասներին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե՝ արդյոք անհամաչա՞փ էր հայկական կողմի պատասխանը թշնամուն, Սեյրան Օհանյանը շեշտեց, որ պատասխան գործողությունները շատ հաճախ իրենց մեջ պարունակում են նաև ռազմական գաղտնիք:

-Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք հասցնել մեր հասարակությանը: Անհամաչափ պատասխան անկասկած տրվել է, որոշ պարզաբանումներ հասարակությանն արվել է: Մենք հակառակորդի կայքերն ուսումնասիրում ենք, կորուստների վերաբերյալ տեղեկատվությունը տեսնում ենք,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հակառակորդի նախաձեռնած վերջին խափանարար գործողությանը, որի ժամանակ թշնամին մոտ 5 զոհ էր տվել, և այն հարցին, թե՝ ինչո՞ւ այդ մասին հանրությունը բավարար չափով իրազեկված չէ, Սեյրան Օհանյանը տվեց կարճ բայց խոսուն պատասխան. «Վստահե՛ք հարազատ բանակին»:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ