Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ
ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Գնդապետ Գրիգորի Սահակյանը ծնվել է 1975թ. Սումգայիթում, 1988-ին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Մարտական ուղին սկսել է 1993թ.-ից, սկզբում կամավորական ջոկատի կազմում, այնուհետև նոր կազմավորված հրետանային զորամասերից մեկում՝ որպես հրետանային հետախույզ: Գնդապետ Գ. Սահակյանը շատ բարձր է գնահատում գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի դերը հրետանավորի մասնագիտությանը կատարելապես տիրապետելու համար: Զինվելով զորավարի տված գիտելիքներով՝ նա ստանում է սպայական կոչում և նշանակվում է նախ մարտկոցի, այնուհետև դիվիզիոնի հրամանատար, իսկ 1998-2002 թթ. զբաղեցնում է զորամասի շտաբի պետի պաշտոնը: 2002թ. նրան գործուղում են սովորելու ՌԴ հեղինակավոր ռազմահրետանային ակադեմիա, որը նա ավարտում է կարմիր դիպլոմով և ոսկե մեդալով: Վերադառնալով պաշտպանության բանակ՝ գնդապետը նշանակվում է միավորման հրետանու շտաբի պետ, 2007 թվին՝ միավորման հրետանու պետ, իսկ 2010թ.-ից զորամասի հրամանատար է:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար գնդապետ Գ. Սահակյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի «Արիության համար» մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով:

-Պարոն գնդապետ, կարծում եմ Ձեր զորամասը պատշաճ կերպով ներկայացված չէ «Հայ զինվոր» շաբաթաթերթում, ուստի խնդրում եմ ասեք, թե այն ե՞րբ և ինչպե՞ս է կազմավորվել, մարտական ի՞նչ ուղի է անցել, ովքե՞ր են եղել հրամանատարները:

-Զորամասի կազմավորումն սկսվեց 1992թ.-ից սեպտեմբերի մեկից: Ձևավորման սկզբում արդեն կային ականանետային, հակատանկային, հրետանային Դ-20 և ռեակտիվ մարտկոցները: Կարծում եմ՝ հասկանալի է, որ զորամասն ստեղծվել է ըստ անհրաժեշտության՝ կռվելու, երիտասարդ հանրապետության առջև դրված ռազմաքաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար: Ես ինքս էլ եղել եմ ստորաբաժանումներից մեկում և կարող եմ հպարտությամբ նշել, որ մենք մեր բանակի մյուս զորամասերի ներդաշնակմամբ բոլոր առաջադրանքները, մարտական բոլոր խնդիրները կատարել ենք փայլուն կերպով: Առաջին հրամանատարը եղել է փոխգնդապետ Սամվել Սաֆարյանը: Նա զոհվել է 1994թ.-ին Օմարի մարտերի ժամանակ և հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» մեդալով: Կարծում եմ՝ փաստն արդեն շատ բան է ասում նրա և ամբողջ զորամասի մասին: Այստեղ հրամանատար է եղել այժմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա ղեկավարությամբ մեծ ձեռքբերումներ ենք ունեցել և այդ տարիներին զորատեսակի մեջ բազմիցս լավագույնն ենք ճանաչվել ՊԲ-ում: Տարբեր ժամանակներում հրամանատարներ են եղել փոխգնդապետ Ալեքսանդր Աբրահամյանը, գնդապետներ Էմիրջան Ասլանյանը, Ալեքսանդր Գրիգորյանը: Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է ներդրել զարգացման ընդհանուր գործում: Ներկայում զորամասը պաշտպանության բանակի հզոր կրակային միջոցներից մեկն է:

-Պարոն գնդապետ, ունենալով սպառազինության նման բազմազանություն, ինչպե՞ս եք կազմակերպում զինծառայողների, մանավանդ երիտասարդ զինվորների ուսումնական գործընթացը:

-Մենք մասնագետներ ու կրտսեր հրամանատարներ ենք ստանում ուսումնական զորամասերից, որոնք արդեն իսկ տիրապետում են իրենց գործին, իսկ զորամասը համալրածների հետ աշխատում ենք ինքներս: Ես գոհ եմ իմ սպաներից: Նրանք, լինելով լավ մասնագետներ, նաև հոգատար, իրենց գործին, զինվորին, հայրենիքին նվիրված մարդիկ են և կարողանում են սեղմ ժամկետներում երիտասարդներին սովորեցնել հրետանավորի մասնագիտությունը: Զինծառայողների, ստորաբաժանումների հետ աշխատանքում շատ ենք կարևորում նրանց գաղափարադաստիարակչական և բարոյահոգեբանական պատրաստվածության հարցերը: Զինվորը պետք է ծառայի, իր գործն անի գիտակցաբար: Երբ նա այս իրողություններն ընկալում-հասկանում է ու դարձնում իր համար համոզմունք, էլ նրան նույն բանն անընդհատ ասելու, վերահսկելու կարիք չի լինում: Այսինքն՝ բանակ եկած 18-19 տարեկան անփորձ տղան դառնում է ինքնուրույն մտածող, որոշումներ ընդունող վստահելի գործընկեր ու զինակից: Նրանց ցույց ենք տալիս սահմանը, առաջնագիծը և պարզաբանում, որ թշնամին այնտեղ է, եւ որ պատերազմը չի ավարտվել ու ցանկացած պահի կարող է վերսկսվել:

-Զորամասի մարտունակության ապահովման հարցում կարևոր է ոչ միայն հրետանավորների, այլ նաև մեխանիկ-վարորդների, կապավորների մասնագիտական պատրաստականության խնդիրը: Կուզենայի՝ համառոտ ներկայացնեիք նրանց հետ տարվող աշխատանքները:

-Իրոք, մեր գործը միայն հրետանային միջոցներից ճիշտ նշանառությամբ հրաձգություն կատարելը չէ: Դրա համար հրանոթները, կրակային միջոցները, նախ, պետք է հասնեն կենտրոնացման շրջան, կրակային դիրքեր, հրամանատարական կետի հետ պիտի կապ հաստատվի: Կապավորների, ինչպես նաև ղեկավարման դասակների մասնագետների գիտելիքների հարստացումն ու հմտությունների զարգացումը մեր առաջնահերթ խնդիրներից է: Ուսումնական զորամասերից գալիս են մասնագետներ, որոնք այստեղ՝ զորամասում, իրենց հմտությունները կատարելագործում են կրկնակի եռանդով: Ուսումնական փուլերի սկզբում շատ ավելի ծանրաբեռնված պարապմունքներ ենք անցկացնում մեխանիկ-վարորդների հետ, որովհետև ծանր տեխնիկայի վարման խնդիր շատերն են ունենում: Մեքենավարումն անցկացնում ենք տարբեր, հիմնականում բարդ պայմաններում՝ գիշերային և ցերեկային ժամերին: Առանց համոզվելու, որ զինվորը պատրաստ է ինքնուրույն վարելու ռազմական տեխնիկան, նրան այդ իրավունքը չենք տալիս:

-Ուսումնական տարվա ընթացքում գործնական ի՞նչ միջոցառումներով եք ստուգել դիվիզիոնների մարտունակության աստիճանը:

-Սովորաբար մարտական պատրաստության ծրագիրը կազմվում է այնպես, որ յուրաքանչյուր մարտկոց, յուրաքանչյուր հաշվարկ ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային ուսումնական փուլի ընթացքում անցկացնի նվազագույնը մեկ ճամբարային հավաք և զորավարժություն: Շատ կարևոր է, որ զինվորը (հաշվարկը) հաճախ կրակի իր զենքից: Այդպիսի հնարավորություն ունեցել են հատկապես փոխգնդապետ Դավիթ Բաղդասարյանի դիվիզիոնի մարտկոցները, իսկ փոխգնդապետ Արմեն Մեջլումյանի դիվիզիոնի զորավարժության ժամանակ օգտագործվել է անօդաչու թռչող սարք: Մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել նաև մայոր Մ. Մաթևոսյանի, փոխգնդապետ Բ. Բաբայանի դիվիզիոնները: Մինչև նոյեմբերի սկիզբը եղել են նաև մարտկոցների կազմով անցկացված բազմաթիվ այլ միջոցառումներ, իսկ նոյեմբերին զորամասը ներգրավվեց ՊԲ լայնամասշտաբ զորավարժության մեջ: Այստեղ առավել շատ էին փոխգնդապետ Արսեն Ասրյանի ռեակտիվ դիվիզիոնին տրված առաջադրանքները, որոնք փայլուն կատարվեցին: Խոցման տոկոսը շատ բարձր էր, և դիվիզիոնն ստացավ «գերազանց» գնահատական, իսկ զորամասի ընդհանուր մասնակցությունը գնահատվեց «լավ»:

-Զորամասում անցկացվե՞լ են տարեվերջյան ամփոփիչ քննություններ:

-Հաշվի առնելով ամբողջ ուսումնական տարվա և նոյեմբերյան զորավարժության բարձր արդյունքները՝ ՊԲ հրամանատարի որոշմամբ՝ տարեվերջյան քննություններն ընդունել է զորամասի հրամանատարությունը: Ստուգումները հիմնականում ավարտվել են: Ինքս չեմ ուզում գովեստի խոսքեր ասել իմ զորամասի մասին, բայց հավատացած եմ՝ եթե այժմ մեկ այլ ցանկացած հեղինակավոր հանձնաժողով գա և նոր քննություններ անցկացնի, դարձյալ բարձր արդյունքներ կգրանցվեն: Այժմ դժվարանում ենք որոշել, թե որն է դիվիզիոններից լավագույնը, որովհետև ցուցանիշները գրեթե նույնն են, և բոլորն էլ արժանի են փոխանցիկ դրոշին: Նշեմ նաեւ, որ ուսումնական տարվա ավարտով ուսումնական գործընթացը կանգ չի առնի: Դրանք առանձին ծրագրով կշարունակվեն Ամանորի տոներից հետո:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ