Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԲ ՔԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
ԵՐԲ ՔԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Տարոն Բարսեղյանը ծնունդով Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից է: Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Ուսումնական զորամասից հետո ծառայության է անցել հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական զորամասում: Ջոկի հրամանատար է, կրտսեր սերժանտ, դիրքի ավագի օգնական:

– Տարոն, ի՞նչ է զգում զինվորը մարտական հենակետում:

-Ծառայության էությունը հայրենիքի պաշտպանությունն է, որ գիտակցում ես հենց մարտական հերթապահության ժամանակ: Ուսումնական զորամասում այդ բանը չես կարող զգալ: Այստեղ լիովին գիտակցում ես քո առաքելության կարևորությունը պետության ու հայրենիքի հանդեպ: Ճիշտ է` բարդ ծառայություն ենք իրականացնում, վտանգավոր, սակայն միաժամանակ նաև հետաքրքիր:

– Իսկ ինչպիսի՞ն է մթնոլորտը մարտական հենակետում: Շատերը պնդում են, որ ավելի ջերմ է…

-Այո՛, այդպես է: Անձնակազմը փոքր է, մթնոլորտը ջերմ ու մտերմիկ, ընտանիքի նման: Իսկ այսպիսի մթնոլորտում ծառայելը, անշուշտ, ավելի հաճելի է ցանկացած զինվորի համար: Դիրքերում մեկս մյուսի պաշտպանն է, հոգատարություն կա միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ լավ բան անել ընկերոջ համար: Նույնիսկ այն զինվորները, որոնք զորամասում գրեթե չեն շփվում իրար հետ, բարձրանում են դիրքեր թե չէ` վե~րջ… ամեն ինչ փոխվում է: Վտանգը միավորում է մարդկանց: Այնտեղ մեկը մյուսի հույսն է. եթե դու քնած ես, պահապանդ ընկերդ է, որ դիրքում կանգնած պաշտպանում է քեզ, և ում վստահում ես կյանքդ…

-Քո հերթափոխի ընթացքում թշնամու կողմից հրադադարի խախտման դեպքեր հաճա՞խ են գրանցվել:

-Կրակոցներ պարբերաբար լինում են, որոնց, սակայն, արդեն ընտելացել ենք, սովորել…

-Տարոն, ինչ խոսք, զինվորը պետք է զգա, որ ամուր ու հուսալի թիկունք ունի… Որքանո՞վ է կարևորվում հասարակության հոգածությունը: Դա լրացուցիչ վստահություն տալի՞ս է զինվորին:

– Չափազանց կարևոր է` հատկապես ժամկետային զինծառայողի համար: Երբ անցնում ես համազգեստով և զգում, որ մարդիկ անտարբեր չեն, սիրալիր են, փորձում են աջակցել, իհարկե, հաճելի է: Հաճախ է լինում, մեքենայով գնում ենք դիրքեր, ճանապարհին մոտենում, ողջունում են, երբեմն փորձում են ինչ-որ բան նետել մեքենայի մեջ, հարցնում են` ինչի կարիք ունենք: Զգում ես, որ քեզ, այսինքն` զինվորին սիրում են, գնահատում: Դա անչափ կարևոր է:

-Ի՞նչ կասեիր զինակից ընկերներիդ ու հատկապես նորակոչիկներին:

-Նորակոչիկների համար ծառայությունը, բնականաբար, դժվար կլինի, քանի որ սկիզբն է: Խորհուրդ կտամ` որքան հնարավոր է փորձեն արագ հարմարվել զինվորական կյանքին, շուտ ընտելանալ և մոռանալ դրսի կյանքը: Սեփական փորձից եմ ասում` ինչքան շատ ես մտածում քաղաքացիական կյանքի մասին, փորձում նորից ու նորից մտաբերել պատանեկության անհոգ օրերը, մտածում՝ եթե տանը լինեիր, այդ պահին ինչ կանեիր, այնքան ավելի դժվար է լինում: Պետք է հասկանալ, որ երկու տարի ծառայելու ես և պետք է ուրիշ հետաքրքրություն գտնել: Ամեն ինչի մեջ հետաքրքրություն կա, պետք է պարզապես տեսնել: Ամենակարևորը` անփորձանք ծառայություն եմ մաղթում և խորհուրդ տալիս` հրամանատարների խոսքը ճիշտ ընկալել եւ ճշտությամբ կատարել: Այստեղ ամեն ինչ հրահանգավորվում է, մնացածը կախված է զինվորի գիտակցությունից:

-Ծնողներիդ կամ սիրածդ աղջկան կցանկանա՞ս ինչ-որ բան փոխանցել:

-Սիրած աղջիկ չէ, արդեն սիրած կին ունեմ: (ժպտում է): Դուստրս համարյա տասը ամսական է, իմ ուրախությունն է…

-Թեև այս պահին հարաբերական անդորր է, բայց թշնամին շարունակում է ժամանակ առ ժամանակ դավադիր քայլերի դիմել… Հետաքրքիր է իմանալ քո կարծիքը` որպես դիրքապահ զինվորի… Պատերազմի հավանականությունը ինքդ ինչպե՞ս ես գնահատում:

– Մի բան հստակ է` եթե թշնամին համոզված լիներ, որ կկարողանա լայնամասշտաբ գործողություններով հաջողությունների հասնել, առանց վարանելու կփորձեր: Գիտակցում են, որ իրենց դիմաց լուրջ ուժ է կանգնած: Հրադադարի խախտման դեպքերը, փոքր խմբերով նենգաբար սահմանն անցնելու փորձերը լուրջ չեն կարող լինել: Իսկ նրանց ամեն անգամ հայտնաբերելն ու հետ շպրտելը խոսում է մեր զինված ուժերի զգոնության բարձր աստիճանի մասին: Խայտառակ պարտություն կրած պետությունը պետք է որ արդեն համակերպված լիներ դառը իրականության հետ, բայց հակառակորդը կարծես թե չի կարողանում ոչ մի կերպ համակերպվել: Ինչևէ, իր խնդիրն է: Պատերազմ հրահրելու ցանկացած փորձի դեպքում, համոզված եմ, նույն բախտին կարժանանա… Մեր տղաները զգոն են և լուրջ ծառայություն են իրականացնում:

-Շնորհակալություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ մաղթում:

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ