Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Այս հոդվածով առաջին անգամ մի անսպասելի նորություն է բացահայտվում՝ հանրահայտ դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդինը, հաջորդ ամիս Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Որոշ ընթերցողներ կարող են հարց տալ՝ ինչպե՞ս է մի կին՝ «Էլլ» (Elle) ամսագրի նկարագրությամբ, ունենալով «շլացուցիչ տեսք և շքեղ մազեր, կրելով բաց հագուստներ, նորաձև տաբատներ, գույնզգույն կրունկներ», ներգրավվել նման բարդ իրավական հարցում: Շատ մարդիկ տեղյակ չեն, որ Ամալ Ալամուդինը, այժմ տիկին Քլունին, իր գեղեցիկ արտաքինից առավել այլ բարձր արժանիքներ ունի նման կարևոր հանձնառության համար:

Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, նա մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական դատարանի հետ:

Ամալը ծնվել է 1978 թվականին Լիբանանում, նրա հայրը դրուզ է, իսկ մայրը՝ սուննի մահմեդական: Երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իրավաբանի կրթություն ստացել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և աշխատել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան): 2010 թ. Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է «Դաութի Սթրիթ Չեմբրսի» փաստաբանը: Եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը, իսկ 2013 թվականին՝ ՄԱԿ-ի անօդաչու սարքերի քննությամբ զբաղվող խմբի փաստաբանը: Նա գերազանց տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թ. սեպտեմբերին նրա ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում:

Տիկին Քլունիի ներկայությունը իր անթերի արժանիքներով հանդերձ, մեծ առավելություն կլինի Հայաստանի իրավապաշտպան խմբի համար հունվարի 28-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվելիք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում:

Դատական գործը կապված է շվեյցարական դատարանի կողմից մի փոքր կուսակցության ղեկավար թուրք Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչելու հետ, որը 2005 թ. մեկնել էր Շվեյցարիա՝ հատուկ դիտավորությամբ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: 2008 թ. Փերինչեքը Շվեյցարիայի դատարանի որոշումը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: Սա երկակի ստանդարտներով կայացված անարդար և անընդունելի որոշում էր, քանի որ դատարանը հրեաների Հոլոքոստի ժխտումը հանցանք է համարել, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման արգելումը՝ խոսքի ազատության ոտնահարում: Դատավորները, որոնք որոշում էին կայացրել ընդդեմ Շվեյցարիայի, թույլ են տվել դատողության և տվյալների անհամար սխալներ՝ աղավաղելով Փերինչեքի պնդումները, խեղաթյուրելով Շվեյցարիայի օրենքներն ու դատավճիռները, չունենալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ և բազմիցս հակասելով իրենք իրենց: Յոթ դատավորից երկուսը չհամաձայնեցին մեծամասնության որոշմանը և ներկայացրին 19 էջանոց համապարփակ զեկույց Հայոց ցեղասպանության մասին՝ կողմնակից լինելով շվեյցարական դատարանին:

2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիան որոշեց բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը 17 դատավորից կազմված Մեծ պալատում՝ պաշտպանելու համար իր երկրի օրենքների և իրավական համակարգի վարկը: Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարությունը դատարանի որոշումը վիճարկեց հետևյալ պատճառներով.

1) ՄԻԵԴ-ը նախկինում երբեք չի զբաղվել ցեղասպանության իրավական որակավորմամբ և խոսքի ազատության սահմանումով.

2) Շվեյցարիայի «հայեցողության շրջանակի» անհարկի նվազեցում՝ ըստ ՄԻԵԴ-ի իրավագիտության պրակտիկայի.

3) «Արհեստական տարբերությունների» ստեղծումը. միջազգային դատավճռի բացակայության պայմաններում ՄԻԵԴ-ը պետք է դիտարկեր թուրքական դատարանի 1919 թ. վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների՝ որպես Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկային առնչվող ապացույց:

Անցյալ տարի Հայաստանը չի մասնակցել ՄԻԵԴ-ի ստորին ատյանի դատարանում կայացած Փերինչեքի գործով դատավարությանը: Այնինչ, Թուրքիան միջամտել է՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ծավալուն փաստաթղթեր: Այս անգամ Հայաստանը մասնակցելու է ուժեղ իրավաբանների խմբով, որի կազմում ընդգրկված է միջազգային նշանավոր իրավաբան և «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» ուշագրավ գրքի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը: Դատարանում Ռոբերտսոնին կմիանան նրա գործընկեր Ամալ Քլունին և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը:

Խիստ կարևոր է, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախօրեին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը վերանայի ստորին ատյանի դատարանի խտրական որոշումը՝ վերականգնելով Շվեյցարիայի օրենքների գերակայությունը և կանխելով Թուրքիայի ու Փերինչեքի ցեղասպանության ժխտողականության շահարկումը…

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Պատմության էջերից


25/12/2014