Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈՐՈՒՉԻԿ ՖՈՒՐԵՍԻ ՍԽՐԱՆՔԸ



1798 թ.-ին Նապոլեոնը՝ 24-ամյա երիտասարդ գեներալը, իր զորքի հետ Եգիպտոսում էր: Սպաների կանանց արգելված էր գործող բանակում լինել: Այսուհանդերձ, գասկոնացի սպա Ֆուրեսի կինը՝ Պոլինան, տղամարդու զգեստ հագած, ֆրանսիական նավերից մեկով ամուսնու ետեւից ժամանում է Եգիպտոս:

Երբ Բոնապարտին զեկուցում են սկանդալային պատահարի մասին, նա այնքան է կատաղում, որ հրամայում է ճիպոտահարել կարգազանցին ու ամուսնու հետ ուղարկել Ֆրանսիա: Փոքր-ինչ հանդարտվելուց հետո Նապոլեոնը հրամայում է մարմնական պատիժ չկիրառել, բայց մեկնելուց առաջ ամուսիններին ներկայացնել իրեն՝ ինչպես հարկն է շշպռելու համար:

Պոլինա Ֆուրեսին տեսնելուն պես Նապոլեոնի սիրտը հալվում է: Նա ոչ միայն չի պատժում ամուսիններին, այլեւ չեղյալ է հայտարարում նրանց վտարելու հրամանը: Շուտով մադամ Ֆուրեսը դառնում է Բոնապարտի սիրուհին: Գեղեցկուհու ամուսինը, ում միշտ ինչ-որ արշավների էին ուղարկում, պատվախնդիր մարդ լինելով, ծանր էր տանում կնոջ «հեղինակության» սրընթաց «բարձրացումը»: Կողակցի անհավատարմությունն ապացուցող կոնկրետ փաստեր նա չուներ, թեպետ կապուտաչյա ու սպիտակամաշկ Պոլինային բոլորն արդեն անվանում էին «մեր արեւելյան կայսրուհի»:

Նապոլեոնի շտաբի պետ գեներալ Բերտյեն, իմանալով, որ գասկոնացին իր պատիվը պաշտպանելիս Նապոլեոնի դիրքը հաշվի չի առնի, որոշում է նրան ուղարկել Ֆրանսիա՝ «հույժ կարեւոր» փաստաթղթերը «շտապ» տեղ հասցնելու հանձնարարությամբ:

Ֆուրեսը խնդրում է կնոջն էլ հետը տանել: Նրան բացատրում են, որ ճանապարհը երկար է ու վտանգավոր. Միջերկրական ծովում տեր ու տնօրինություն է անում բրիտանական նավատորմը, եւ ֆրանսիացի սպան պետք է մտածի ոչ թե կնոջը, այլ՝ կարեւոր փաստաթղթերը փրկելու մասին:

Ֆուրեսի տրամադրությունն ընկնում է, բայց կարգապահ զինվորական լինելով՝ հնազանդվում է: «Որսորդ» արագընթաց նավակով նա դուրս է գալիս ծով:

Անգլիական հետախուզության պետ Ջոն Բարնետը վատ չէր աշխատում. նա տեղյակ էր Նապոլեոն-Ֆուրեսներ «սիրային եռանկյունաչափությանը» եւ գիտեր Ֆուրեսին Ֆրանսիա ուղարկելու իրական պատճառը: Արագընթաց եւ լավ սպառազինված բրիտանական «Առյուծ» նավը հետապնդում ու հեշտությամբ գրավում է ֆրանսիական «Որսորդը»: Ֆուրեսին գերի են վերցնում, բայց հետը վարվում են այնպես, ինչպես հյուրի հետ:

Բարնետն արագորեն եւ համոզիչ կերպով ապացուցում է, որ այն փաստաթղթերը, որոնք Ֆուրեսը տանում է Ֆրանսիա, ո՛չ կարեւոր են, ո՛չ էլ շտապ: Բարնետը Ֆուրեսին ցույց է տալիս այդ փաստաթղթերի պատճենները, որոնք անգլիացիները գնել էին ֆրանսիական շտաբի գրագիրներից: Դրանից հետո մնում էր միայն վրեժի գաղափարը ներշնչել ֆրանսիացի սպային: Ֆուրեսը երդվում է, որ կսպանի Նապոլեոնին ու խնդրում է ազատ արձակել իրեն: Բարնետը հաճույքով կատարում է այդ խնդրանքը:

Ֆուրեսը փութով վերադառնում է Եգիպտոս: Այստեղ նա համոզվում է, որ Բարնետն իրեն չի խաբել:

Ֆուրեսը Նապոլեոնին սպանելու բոլոր հիմքերն ու հնարավորությունն ուներ, բայց հասկանում է, թե ինչ աղետալի վիճակում է ֆրանսիական բանակը եւ տաղանդավոր զորահրամանատարի կարիքն ինչքան ունի: Նա գիտակցում է, որ թշնամին ուզում է իրեն դարձնել կույր գործիք՝ իր հայրենիքին վնաս պատճառելու համար:

Հայրենասիրությունը հաղթում է պատվախնդրությանը. պորուչիկ Ֆուրեսը զորացրվելու դիմում է ներկայացնում ու միայնակ վերադառնում Ֆրանսիա:

Խորագիր՝ #50 (1068) 25.12.2014 – 26.12.2014, Ճակատագրեր, Պատմության էջերից


25/12/2014