Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈԼ ԳՈԲԼԸ… ԿՐԿԻՆ ԽՈՍԵՑ



Անուններ կան, որոնցից առաջ ակամայից ուզում ես դնել «տխրահռչակ» բառը: Չե՛ս կարող չդնել: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է ամերիկացի հայտնի քաղաքագետի և ԿՀՎ-ի նախկին (՞) աշխատակցի` Պոլ Գոբլի հրապարակ նետած և ժամանակին մեծ աղմուկ հանած տխրահռչակ ծրագիրը, որի հակահայկական և ադրբեջանամետ էությունը հասկանալի էր անգամ քաղաքականությունից շատ հեռու կանգնած մարդուն. խոսքը հանրահայտ տարածքների փոխանակման ծրագրի մասին է, ըստ որի՝ հայերը պետք է հանձնեին Մեղրին` փոխարենը ստանալով Արցախի մի մասը…

Արդ, երկար լռությունից հետո նա նորից խոսում է: Այս անգամ արդեն Պոլ Գոբլի ձայնը գալիս է Ադրբեջանից, որտեղ նա բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում այդ երկրի դիվանագիտական ակադեմիայում: «Ո՞վ է կանգնած Թալիշստանի ազգային հեռուստատեսության հետևում» վերտառությամբ հոդվածում, որը նա օրերս հրատարակել է «Ջիմսթաուն» հիմնադրամի կայքում, քաղաքագետը բավականին խախուտ փաստարկների հիման վրա հանգում է այն եզրակացության, որ, իբր, վերջերս իր աշխատանքը սկսած «Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը» (TMV) ստեղծել է Ռուսաստանը և ղեկավարվում է այդ երկրից: Ի դեպ, պարոն Գոբլը բացառում է Իրանը, որովհետև, իբր, «TMV-ի կողմից օգտագործվող թալիշերեն այբուբենը կիրիլիցայի վրա հիմնված տառային համակարգ է, մինչդեռ իրանցիները կգերադասեին արաբապարսկական տառատեսակները»:

Այս առումով հետաքրքիր է TMV-ի պատասխանը Պոլ Գոբլին, որը օրերս է եթեր արձակվել, որում մասնավորապես ասվում է.

«Պարոն Գոբլը այն կարծիքին է, որ թալիշները չէին կարող համագործակցել հայերի ու պարսիկների հետ, քանի որ վերջիններս շահագրգիռ կողմ են, իսկ ահա Ռուսաստանի հետ, իբր, կարելի է և հնարավոր է:

Նրա մտքի ծայրով անգամ չի անցնում, որ թալիշներն իրենց մտավոր կարողություններով այսօր ոչնչով չեն զիջում ո՛չ պարսիկներին, ո՛չ հայերին և ո՛չ էլ ռուսներին:

Թալիշների ազգային շարժումը 90-ականների սկզբի շարժումը չէ, և որ այն այսօր իր հասունությամբ և մտավոր ներուժով բոլորվին չի զիջում, ասենք, քրդական շարժմանը. ինչո՞ւ է պարոն Գոբլը մտածում, որ մենք ` թալիշներս, ի զորու չենք ինքներս ինտերնետային գոնե մեկ հեռուստաալիք ստեղծել, եթե քրդերն ունեն մեկ տասնյակից ավելի արբանակային հեռուստաալիքներ:

Մի՞թե նա տեղյակ չէ, բարձր դիրք զբաղեցնելով Ադրբեջանի պաշտոնեական համակարգում, որ թալիշ ժողովրդի ներդրումն այդ երկրի մշակութային ու գիտական ոլորտում ավելին է, քան հենց ադրբեջանցի թուրքերինը:

Պարոն Գոբլը որպես հայտնի քաղաքագետ և ազգային հարցերի մասնագետ, պետք է լավ իմանար, որ այն ամենը, ինչ մինչ օրս ստեղծվել է Ադրբեջան արհեստական անունով արհեստական այդ երկրում, այնտեղ ապրող բնիկ ժողովուրդների` թալիշների, թաթերի, հայերի, չերքեզների, լեզգիների, ավարների մի քանի սերնդի ջանքերի արդյունքն է, բայց ամենևին՝ ոչ թուրքերի, որոնք եկել եւ բռնագրավել են մեր հողերը:

Այնպես որ, պարոն Գոբլ, TMV-ն թալիշական նախագիծ է, մաքուր թալիշական մտահղացում:

Եվ սա ընդամենը սկիզբն է:

Եվ հեռու չէ այն օրը, երբ մեր ազգային հեռուստաալիքը` TMV-ն, եթեր կհեռարձակվի արդեն Լենքորանից` Թալիշստանի մայրաքաղաքից»:

♦♦♦

Այնուամենայնիվ, որոշեցինք խնդրի պարզաբանման համար` թե ինչու է Պոլ Գոբլը Թալիշստանի ազգային հեռուստատեսության ստեղծման մեջ խառը տեսնում Ռուսաստանի մատը և ոչ, ասենք, Հայաստանինը կամ Իրանինը, դիմել նաև պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին: Ահա թե ինչ պատասխանեց նա մեր թերթին.

«Երկար կարելի է այս մասին խոսել: Իրանի մասով չեմ կարող դատողություններ անել, սակայն մեր մասով հետևյալ կարճ միտքը կասեմ. ԿՀՎ-ի աշխատակից Գոբլը հետխորհրդային տարածքում էթնիկական խնդիրները անջատողական շարժումների վերածելու մասնագետ է, հիշեցնեմ, որ նա է Ռուսաստանում ֆիննոուգրական էթնիկ տարրի ակտիվացման և չերքեզական խնդրի վերակենդանացման ծրագրի հեղինակը: Ելնելով իր անձնական փորձից՝ նա, ըստ երևույթին, ի սկզբանե բացառել է մտավոր և նյութական հսկայական ռեսուրս պահանջող տարածաշրջանային նշանակության նմանօրինակ նախագծերի մեջ Հայաստանի որևէ դերակատարում»:

Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


18/12/2014