Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈ՝ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Ամերիկայի հայկական համագումարը ապրիլի 19-ին կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Հոգեւոր կատարումներով հանդես եկավ «Սպեղանի» երգչախումբը: Հնչեցին շարականներ, Կոմիտասի հիանալի խմբերգերը, որոնք ունկնդիրների վրա հուզական մեծ ազդեցություն էին գործել: Երգերի մելանուշ ընթացքը հոգեւոր ներդաշնակության եւ հանգստության զգացողություն էր սփռել դահլիճում: Երգչախմբային երաժշտությունը կարծես հանդուրժողականության կոչ լիներ՝ ուղղված ոճրագործներին, եւ միաժամանակ՝ իբրեւ վերքերի բալասան` եղեռն վերապրածների սերունդների համար:
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը կարծում է, որ ոչ մի պետություն երաշխավորված չէ նման վտանգից, ուստի, օր առաջ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, ցանկացած պետություն իր բարոյական պարտքը կկատարի բոլոր ցեղասպանություն ապրած ժողովուրդների առաջ, ինչպես եւ` հայ ժողովրդի:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի կարծիքով՝ «20-րդ դարի հրեշավոր ոճրագործությունը պետք է գնահատել ոչ թե նեղ ազգային շահերից ելնելով, այլ համամարդկային իրավունքի ոտնահարման տեսանկյունից, քանի որ չպատժված եւ չճանաչված հանցագործությունը ի զորու է ծնել նոր ոճրագործություններ»:
Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ «Սպեղանի» երգչախմբի անդամները ազգային-հայրենասիրական գործում ունեցած ներդրման, ինչպես նաեւ երգչախմբի տասնհինգամյակի կապակցությամբ խրախուսվեցին պատվոգրերով, իսկ խմբավար Սարինա Ավթանդիլյանը պարգեւատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով :
2010թ. օգոստոսին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային հեղինակավոր մրցույթում աշխարհի տարբեր երկրների երգչախմբերի շարքում «Սպեղանին» նվաճել է երեք առաջնակարգ դափնիները` առաջին մրցանակի արժանանալով «Հոգևոր երաժշտություն», «Ազգային երաժշտություն» անվանակարգերում, իսկ «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում՝ ժյուրիի սահմանած հատուկ մրցանակին:
Երգչախումբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել դափնեկրի կոչման:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #15 (880) 20.04.2011 – 27.04.2011, Բանակ և հասարակություն


28/04/2011