Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

Զրույց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ

-Պարոն Դեմոյան, թուրքերը միշտ էլ բռնացել են դրկից եւ հպատակ ժողովուրդներին, կազմակերպել են կոտորածներ, ոչնչացրել են մշակույթը, խլել են ունեցվածքը, հատկապես անհանդուրժող են եղել քրիստոնյա ազգերի ու քաղաքակրթության հանդեպ։ Սակայն նրանց բարբարոսությունից ամենից շատ հայերն են տուժել։ Ցեղասպանությունը ծրագրվել էր 15 թվականից շատ տարիներ առաջ, բացի այդ, թուրքերի ձեռագիրը՝ ջարդը, թալանը, նորություն չէր մեզ համար, ինչո՞ւ պատրաստ չէինք դիմակայելու օրհասին։
-Օսմանյան Թուրքիայի թուլանալուն զուգընթաց, հպատակ ժողովուրդներն սկսեցին ինքնավարության հույսեր փայփայել։ Հայկական տարրը, որ դարեր շարունակ թուրքական տիրապետության տակ էր, բնականաբար, պիտի հետեւեր մյուս թուրքահպատակ ժողովուրդների օրինակին։ Մանավանդ՝ անկախացած ժողովուրդները՝ հույները, բուլղարները եւ մյուսները հաջողության հասան երրորդ ուժի օգնությամբ, եւ հայերը նույնպես աջակցություն ստանալու ակնկալիք ունեին։ Սակայն հանգամանքներն ի նպաստ հայերի չէին եւ շատ ավելի զորեղ դուրս եկան։ Ամենամեծ խնդիրը պետականության բացակայությունն էր, ինչը խոչընդոտում էր համընդհանուր, ծրագրավորված պայքար եւ դիմակայություն կազմակերպելու հնարավորությունը։ Դեռեւս ցեղասպանությանը նախորդող տարիներին Արեւմտյան Հայաստանից մեծածավալ արտագաղթ էր սկսվել, ինչը էապես թուլացրել է հայկական կողմի ուժերը, դրան նպաստել էր Կովկասից ունեզուրկ մոջահեդների վերաբնակեցումը Արեւմտյան Հայաստանի տարածքում, եւ նրանց ոտնձգությունը քրիստոնյա ժողովուրդների, հատկապես՝ հայերի հանդեպ։ Կարծում եմ՝ իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ սուլթանական ռեժիմը տապալած երիտթուրքերի հանդեպ հայերի անհիմն հավատը, ինչի արդյունքում թուրքերը կարողացան հեշտորեն զինաթափել հայերին, շատերը զենքը հանձնեցին կամավոր։ Ի վերջո, երիտթուրքերը վարակվեցին պանթուրքիզմի ցնորամիտ գաղափարով՝ Բոսֆորից Ալթայ Մեծ Թուրքիա ստեղծելու զառանցանքով։ Եվ հայկական հարցը, որպես էական խոչընդոտ պանթուրքիզմի իրականացման ճանապարհին, կրկին մտավ օրակարգ, սկսվեց կյանքի կոչվել Հայաստանն առանց հայերի՝ հրեշավոր ծրագիրը։
-Ցեղասպանության մասին խոսելիս մենք անպայման կրկնում ենք վաղուց շրջանառվող կարծրատիպը՝ Եվրոպայի աչքի առաջ, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ□ Եվրոպան պարտավո՞ր էր օգնել մեզ, ի վերջո, ինչո՞ւ պետք է օգներ, եթե դա հակասում էր իր ազգային ու պետական շահերին։ Ի՞նչ ակունք ունի սեփական ճակատագիրը, կենսական հարցերի լուծումը օտարի բարեհաճությամբ պայմանավորելու մտայնությունը։
-Եվրոպական երկրների շահերը չհամընկան մեր ազգային շահերին. համաշխարհային պատերազմ էր, եւ յուրաքանչյուր երկիր փորձում էր նվազագույն կորուստներով դուրս գալ այդ պատերազմից եւ լուծել սեփական խնդիրները։
Դաշնակից երկրներն իրենց պարտքը համարեցին 1915թ. մայիսին հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որտեղ թուրքական կոտորածները անվանեցին հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։ Իսկ 1919թ. օկուպացված Ստամբուլում տեղի ունեցավ դատավարությունը, որտեղ երիտթուրքերի պարագլուխները դատապարտվեցին մահվան, սակայն, ինչպես գիտենք, դատավճիռը ի կատար չածվեց, եւ վերջիններս ապաստան գտան հենց եվրոպական երկրներում։ Ի՞նչ ակնկալիքներ կարող էինք ունենալ Եվրոպայից, երբ հենց նույն Անգլիան, Ֆրանսիան բռնություններ էին իրականացնում գաղութացված երկրներում։ Մեզ օգնության հասնելու պատրաստ քաղաքակիրթ Եվրոպայի միֆը մեծ ծուղակ էր, որի մեջ հայտնվեցինք մենք։ Իսկ ճշմարտությունն այն է, որ հաղթում են այն ժողովուրդները, որոնք կանգնում են սեփական ոտքերի վրա, իրենք իրենց են ապավինում եւ իրենց կենսական խնդիրները լուծում են սեփական ուժերով, անհաջողությունների, ձախողումների ու ողբերգության համար իրենցից դուրս մեղավորներ չեն փնտրում։
-Պարոն Դեմոյան, ինչո՞ւ ենք մենք ավելի հաճախ խոսել այն մասին, որ մեզ մորթել են, լլկել են, որ մենք նահատակվել ենք անտրտունջ, «մատաղացու գառան պես», փոխանակ շեշտենք, որ մենք անհամեմատ փոքրաթիվ ուժերով կենաց-մահու պայքար ենք մղել մինչեւ ատամները զինված թուրքերի եւ կանոնավոր բանակի զինվորների դեմ, որ մենք փառահեղ հերոսամարտեր ենք մղել, հաճախ զոհվել ենք մեր տանը, ընտանիքը պաշտպանելիս, զենքը ձեռքին։ Ինչպե՞ս կարող է հայը հեշտ ու հանգիստ հանձնել իր հողը, հայրենիքը։
-Պատմաբանները, արվեստագետները, կրթադաստիարակչական ծրագրերն ու քարոզչամիջոցները պարտավոր են խնդրին մոտենալ գիտակցաբար եւ երիտասարդ սերնդի, հասարակության հոգեբանության մեջ արթնացնել ոչ թե զոհի բարդույթ, վախի, ընկճվածության ախտանիշ, այլ միաբանվելու, պայքարելու, արդարության հասնելու եւ ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու մղում։ Այդ պատճառով էլ ոչ թե պետք է շեշտը դնել թուրքերի ահասարսուռ բարբարոսության ու հայերի խեղճուկրակ հնազանդության վրա (ինչը, իրոք, կեղծիք է), այլ հիշել, որ հայերի ուժերը սոսկալի փոքրաթիվ էին, թուրքերը հարյուրապատիկ ուժեղ էին մարդկային ռեսուրսներով եւ զինվածությամբ, սակայն մեր ժողովուրդը պայքարել է, ինքնապաշտպանվել է, որքան կարող էր, տեղ□տեղ գերմարդկային ջանքերով մղելով հերոսական մարտեր։
-Մենք որեւէ հնարավորություն ունեի՞նք խուսափելու ցեղասպանությունից, սեփական ուժերով, առանց օտարներից աջակցություն ակնկալելու, առանց այն սխալների, որ արել ենք։ Հարցս բնավ էլ հետին թվով մեղադրական կարդալու նպատակ չունի, այլ պատմությունից դասեր քաղելու ու սխալները չկրկնելու ակնկալիք։
-Հիմա տարիների հեռվից դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին։ Մեր ժողովուրդը հավատաց երիտթուրքերի եղբայրության կոչերին, ու շատերը կամավոր հանձնեցին զենքը՝ այդպիսով զրկեցին իրենց ինքնապաշտպանության հնարավորությունից։ Եթե զենք ունենայինք, գուցե կորուստներն ավելի քիչ լինեին։ Եթե մեր մտավորական, քաղաքական էլիտան ավելի միաբան լիներ, կարողանար օգտվել առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից եւ կազմակերպեր միասնական ապստամբություն, գուցե հաջողության հասնեինք։ «Գուցե»-ների շարքը կարող ենք շարունակել։
-Ինչպե՞ս կբնութագրեք Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում կատարված աշխատանքները։ Կարողացե՞լ ենք մեր պահանջատիրությունը բարոյական դաշտից տեղափոխել իրավական հարթություն։
-Ցեղասպանության լիարժեք ուսումնասիրության համար մեզ նույնիսկ մի քանի սերնդի ջանքերը չեն հերիքի։ Այսօր կան ցեղասպանությանը առնչվող թեմաներ, որոնք ընդհանրապես ուսումնասիրված չեն, այսինքն՝ լիարժեքության մասին խոսք լինել չի կարող, եւ հսկայական անելիք կա։ Ցեղասպանության խնդիրը արծարծվում է տարբեր պատմագիտական դպրոցներում, որոնք երբեմն ունեն բեւեռացված մոտեցումներ։ Խոսքը Հայաստանի եւ Սփյուռքի պատմագիտության մասին է։ Հայաստանում էական դեր է խաղացել կադրերի պակասը, եւ կատարված շատ աշխատանքները, մեղմ ասած, գիտական քննություն չեն բռնում։ Դրանց գիտական լեզուն ընկալելի չէ աշխարհի համար, որը պահանջում է գիտական ձեւակերպումներ, ոչ թե հուզական□զգայական շարադրանք։ Տեղական աղբյուրների եւ մամուլի վրա հիմնված աշխատանքները առանձնապես արժանահավատ չեն, եւ օտարալեզու աղբյուրներից չօգտվելը որոշ չափով արժեզրկում է ցանկացած ուսումնասիրություն։ Ցածր է ակադեմիզմի մակարդակը։ Մեր պատմաբանները մինչ օրս օտար լեզվով արտահայտվելու խնդիր ունեն ու, բնականաբար, թեման միջազգային հանրության առաջ արծարծելը լուրջ դժվարություն է նրանց համար։ Սփյուռքի պատմագիտության մեջ նկատվում է բյուրեղացած ակադեմիզմ, գերօբյեկտիվ դատողություններ, գերքննադատական մոտեցումներ, ինչը նույնպես արդարացված չէ։
-Ինչպե՞ս եք գնահատում ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը, եւ ի՞նչ փոփոխություններ է կրել թուրքական դիրքորոշումը։
-Իմ դիտարկմամբ՝ եթե թուրքական կողմը նախկինում շեշտը դնում էր միջազգային հանրության վրա ներազդելու եւ թուրքամետ կարծիք ձեւավորելու վրա, ապա այժմ հիմնական թիրախ է դիտվում թուրք հասարակայնությունը։ Թուրքիան խնդիր ունի առաջին հերթին սեփական ժողովրդին համոզել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Սա վտանգավոր միտում է եւ կարող է մոտ ապագայում թուրք հասարակությանը գցել քաղաքակրթական մեկուսացման մեջ։ Մի բան հաստատ է՝ աշխարհը ճանաչելու է հայերի ցեղասպանությունը, եւ թուրքերը կարող են ինչ□որ չափով դանդաղեցնել այդ ընթացքը, բայց կասեցնել չեն կարող։
-Ի՞նչ իրավական հետեւանք կունենա ցեղասպանության ճանաչումը, որքան էլ տարօրինակ է, պատմաբանները միանշանակ կարծիք չունեն այս հարցի շուրջ։
-Շատ ավելի հստակ են ցեղասպանության ճանաչման բարոյական հետեւանքները։ Անձամբ ես դեմ եմ մասնավոր լուծումներին, ինչպիսիք են արտերկրի բանկերից ստացվող ապահովագրական գումարները եւ այլն։ Ցեղասպանության հետ կապված նյութական խնդիրները պետք է վճռվեն միասնական փաթեթով։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավորություն կտա հայերին դիմել դատարան եւ պահանջել իրենց նախնիների ունեցվածքը, այդ թվում եւ անշարժ գույքը։
-Պարոն Դեմոյան, ի՞նչ մասունքներ է ամփոփում ցեղասպանության թանգարանը եւ դրանք պահպանելուց բացի, գաղափարական, քարոզչական, դաստիարակչական ի՞նչ ծրագրեր է իրագործում։
-Մենք ոչ միայն պահպանում ենք առկա մասունքները, այլեւ գնահատում, մշակում, վերականգնում, ներկայացնում ցուցադրության։ Խնդիր ունենք թանգարանն ավելի հետաքրքիր դարձնել հատկապես երիտասարդ սերնդի համար, որպեսզի երիտասարդությունն ավելի հիմնավոր պատկերացնի սեփական պատմության այդ ողբերգական էջը եւ ունենա ճիշտ դիրքորոշում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ոչ թե ատելություն բորբոքենք, այլ սառը դատողության, վերզգայական մոտեցումների, սթափության կոչ անենք ապագա սերնդին եւ սերմանենք հանդուրժողականություն, որովհետեւ այս դեպքում զգացմունքներն ու ատելությունը վատ խորհրդատու են։ Մենք պետք է քաղաքակիրթ կեցվածքով տեր կանգնենք մեր պահանջատիրությանը, մինչեւ վերականգնվի պատմական արդարությունը։ Ես համոզված եմ, որ ցանկացած քաղաքական իրավիճակում մենք չենք հրաժարվի մեր պահանջատիրությունից, եւ հատուցումը կլինի անխուսափելի։
Ուզում եմ նշել, որ ցեղասպանության թանգարանը ցուցադրում է ոչ միայն հայ ժողովրդի ու Հայաստանի, այլեւ Թուրքիայի պատմության մի մասը։ Եվ Թուրքիայի այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում խաբված լինել, պիտի գան եւ ականատես լինեն իրենց պատմության փակ էջերին։ Համոզված եմ, որ մի օր թուրքերը կհամարձակվեն դեմ առ դեմ հանդիպել իրենց անցյալին։ Ամեն դեպքում նրանք այլընտրանք չունեն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր