Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ՀՆՉԵՂ ՆՎԱԳՆ Է



Զրույց Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, գնդապետ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Ինչ կասեք բանակի գլխավոր դիրիժորի մասին. ո՞վ է նա:

-Մի մարդ, որ միշտ երազել է անկախ պետության, սեփական բանակի եւ հնչեղ զինվորական նվագախմբի մասին, երազել է անգամ այն ժամանակ, երբ ոչինչ չէր հուշում, թե կլինեն… Մարդ` արտիստի հուզմունքով, նաեւ՝ զինվորականի պատասխանատվությամբ:

-Եվ ի՞նչ արեցիք Ձեր երազանքներին հասնելու համար:

-Ուսում ստացա: Ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետ, ավարտելուն պես նշանակվեցի ծառայության ԽՍՀՄ զորքերում: Սակայն, մեկ տարի անց սեփական կամքով զորացրվեցի: Իննսունականներն էին…

– Փաստորեն ազգային բանակը դեռ չէր կազմավորվել… Որտե՞ղ պիտի աշխատեիք:

-Բանակ չունեինք, բայց պաշտպանության կոմիտեն կար: Ամեն օր դիմում էի, խնդրում, որ թույլ տան նվագախումբ ձեւավորել… Ամեն օր… Անկախ պետությունը առանց զինվորական նվագախմբի չի լինում: Թերևս ավելի կարևոր խնդիրներ կային… Մի օր Երջանիկ Աբգարյանն ասաց՝ հիմա բանակը ավելի շատ փամփուշտի կարիք ունի, քան զինվորական նվագախմբի… Համամիտ էի, բայց այնուամենայնիվ տվյալներս թողեցի… Հրամանս ստորագրվեց հունվարի 28-ին… Համառությունս հաղթեց:

-Կհիշե՞ք նվագախմբի մարտական «մկրտությունը»:

-Ինչպես չէ… Մի օր գնդի հրամանատարը հարցրեց՝ «Պատրա՞ստ եք տողան անցկացնելու»: Պատրաստ էինք: Ռուսական քայլերգեր նվագեցինք, մերը դեռ չունեինք: Իսկ պաշտոնական «մկրտությունը» տեղի ունեցավ 1992 թ. մայիսին՝ Հանրապետության Հրապարակում, երբ հայ սպաների եւ զինվորների առաջին սերունդն էր երդվում: Ստորաբաժանումները շատ չէին, ինչպես, օրինակ, Անկախության 20-ամյակի զորահանդեսին, բայց ազդեցիկ էր: Երբեք հպարտությունից այդպես չեմ հուզվել …

– Ուսադիրներն ու համազգեստը «չե՞ն խանգարում» երաժշտին:

-Սա ուղղություն է, սահմանափակում չկա: Իհարկե, ուրույն ժանր է, բազմաթիվ բարդություններով՝ դիրիժորի կազմվածքից մինչեւ շարք կառավարելը… Զինվորական նվագախումբը անընդհատ շարժման մեջ է, նվագում է եւ զուգահեռաբար շարանցում կատարում, քայլերի միջոցով այս կամ այն պատկերը ստեղծում, դրանք մեծ բարդություններ են, սակայն նվագախումբը հատուկ պատրաստություն է անցնում, ամեն քայլը մշակվում է, որ ձայնը չտատանվի, որ երաժշտության հետ ներդաշնակ լինի… Պետք է ստեղծագործությունը փայլուն իմանաս, այդ դեպքում ո՛չ համազգեստը, ո՛չ էլ ուսադիրները չեն կաշկանդի:

-Զինվորական նվագախումբը ելույթների ժամանակ երբեք նոտաներից չի օգտվում. սա այն է, ինչ ես եմ նկատել…

-Ճի՛շտ եք: Ի տարբերություն սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների՝ զինվորականի երաժիշտները ստեղծագործությունները պարտավոր են անգիր իմանալ, նաեւ մենք միշտ կանգնած ենք նվագում, անգամ փորձերի ժամանակ: Նստած միայն երգացանկն ենք ընտրում: Կավելացնեմ գործիքների տարբերությունը. զինվորական նվագախումբը միայն փողային է: Ժանրային տարբերություն էլ կա, բայց նվագում ենք ե՛ւ դասական, ե՛ւ ջազ, ե՛ւ հայկական հին էստրադային երաժշտություն. 300-ից ավելի ստեղծագործություն է ընդգրկված մեր երգացանկում…

– Այսինքն՝ առանց լավ հիշողության գլուխ չե՞ս հանի:

-Պատահել է՝ միաժամանակ 19 պետությունից ժամանած ներկայացուցչություններ ենք դիմավորել եւ պետք է յուրաքանչյուր պետության օրհներգից մի հատված կատարեինք, բայց ինչպե՞ս մի հատվածը կատարես, եթե ամբողջը չգիտես… Կարեւոր էր նաեւ չխառնել մեկը մյուսի հետ եւ պետության անունը լսելիս ճիշտ նոտաներ հնչեցնել… Այնպես որ, առանց գերազանց հիշողության, իրոք, գլուխ չես հանի: Հատկապես եթե նվագում ես Արգենտինայի կամ Ուրուգվայի օրհներգերը (ժպտում է): Դրանք կարելի է համեմատել Ռոսսինիի ստեղծագործություններից մեկի նախերգանքի հետ, տեւողության եւ բարդության առումով էլ են համապատասխանում:

-Հաճախ եմ լսում` նվագախումբը եւ պատվո պահակային վաշտը պետության, զինված ուժերի դեմքն են…

-Պարտավորեցնող է: Թե ինչքան ամուր է մեր զինվորը սահմանին` երեւում է նաեւ նվագախմբից ու պատվո պահակային վաշտից: Նաեւ այնպես պետք է ելույթ ունենանք, որ մեր նախագահը հպարտ քայլի:

-Հուզվո՞ւմ եք, անհանգստանո՞ւմ:

-Արարողությունը տեւում է ընդամենը 15 րոպե, բայց դրանք լարված րոպեներ են, զարկերակդ այնքան արագ է խփում, որ ականջումդ ոչ միայն երաժշտությունը, այլեւ սրտիդ զարկերն են «հնչում»: Օգնում է հմտությունը, դիրիժորը պետք է ինքնավստահ լինի, նրա ինքնավստահությունն ուղիղ համեմատական է նվագախմբի համաչափ կատարմանը:

-Օտարազգի պաշտոնյաները երբեւէ իրենց գոհունակությունը հայտնե՞լ են նվագախմբին:

-Նախագահական նստավայրում դիմավորում էինք Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Արարողակարգի համաձայն՝ նա պետք է շրջանցեր մեզ, բայց մոտեցավ, ձեռքս սեղմեց եւ ասաց. «Ես ոչ մի տեղ չեմ լսել, որ մեր օրհներգը այսքան լավ նվագեն»: Բութ մատն էլ վեր բարձրացրեց՝ ի նշան գերազանցության:

-Նվագախումբը հաճախ նաեւ արտասահմանում է ելույթ ունենում:

-Այո, եւ միշտ ոգեւորված ենք վերադառնում: Զարմանում են, որ 35 երաժիշտով կարողանում ենք այդքան ամուր հնչեղություն ապահովել: Օտարազգի ունկնդրի ականջը շոյում են հատկապես մեր հոգեւոր երգերը, օրինակ՝ Կոմիտասի Պատարագը, նաեւ՝ Արա Գեւորգյանի «Արցախը»:

-Մեր երաժշտական ժառանգությունը բազմազան է, բայց զինվորական երգերը կարծես թե քիչ են…

-Քիչ են, շատ քիչ… Ժառանգություն գրեթե չունենք: Ռազմի երգերը հիմնականում կատարել են սփյուռքում, սփյուռքն է պահել-պահպանել… Սակայն այդ երգերը կուսակցականացվել են: Ասում են՝ դաշնակցական երգ է կամ ռամկավար ազատական է… Խորհրդային Միության տարիներին էլ հայ կոմպոզիտորները բազմաթիվ քայլերգեր են գրել, բայց դրանցից սովետի հոտ է գալիս… Այսօր նոր ստեղծագործություններ են պետք, ինքս էլ եմ հեղինակում, փորձում բացը լրացնել…

-Ինչպիսի՞ն պետք է լինի քայլերգը:

-Ոգեւորող, խրոխտ: Քայլերգը պետք է ունենա կազմակերպող բնույթ, ռիթմիկ պատկերը պետք է հստակ ու պարզ լինի, զինվորին դրդի քայլելու:

-Ինչի՞ մասին կարող է լինել զինվորական երգը:

-Ռուսական ռազմի երգերը հիշենք: Դրանք հաճախ սիրելի աղջկա, մոր կամ հայրենի բնության մասին են, իսկ մենք ամեն երգում շեշտում ենք հայրենիք բառը… Իմ կարծիքով, սերը ևս պետք է դառնա զինվորական երգի գլխավոր թեմաներից, քանի որ այն մարդկային վեհ զգացմունքներից մեկն է, մանավանդ զինվորի սերը, որ նրան ոգևորում, թևեր է տալիս…

– Ձեր հեղինակած «Պատիվ ունեմ»-ը հիշեցի. հուզիչ տողեր կան…

-Անսպասելի ծնվեց… Ես միշտ ցանկություն ունեի մեր սպաների մասին երգ գրելու, բայց չէր ստացվում: Նեղվում էի, երբ հայ սպաներին «господа офицеры» ստեղծագործությամբ էին ողջունում… Լավ երգ է, բայց մերը չէ: Մի օր ժողովի էի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց սպայի պատվի մասին, դիպուկ խոսեց, տպավորիչ: «Պատիվ» բառը մեխվեց գլխումս, եկա տուն եւ գրեցի բառերը… Առաջին երգն է, որ նախ խոսքն եմ գրել, հետո երաժշտությունը:

-Ի դեպ, ստեղծագործող մարդուն գլո՞ւխն է հրամայում, թե՞ սիրտը…

-Որքան էլ գլխումս հրաշալի մտքեր ու գաղափարներ ծնվեն, բայց մեկ է՝ թելադրողը միշտ սիրտս է… Յուրաքանչյուր ստեղծագործություն ծնվում է, որովհետեւ դրա «պետք»-ը կա… Անհրաժեշտության թելադրանքով ծնվեց նաեւ նախագահական դիմավորման քայլերգը: Ինչպես չծնվեր, եթե մեր նախագահը մեկ այլ պետության նախագահի դիմավորում էր ոչ թե սեփական, այլ ուրիշ երկրի ստեղծագործության հնչյունների ներքո… Հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանում լարված իրավիճակ էր, գրվեց «Ի զե՛ն, հայոց զինվոր» ստեղծագործությունը: Ես ուզում էի այդ երգով հպարտություն ներարկել այն ծնողին, որի որդին կանգնած է սահմանին: Մենք չենք կարող անմասն մնալ այն զարգացումներից, որոնք տեղի են ունենում մեր բանակում, մեր երկրում:

-Գուցե զինվորական չդառնայիք եւ մեծ բեմե՞ր նվաճեիք…

-Երբեք չեմ ափսոսացել, որովհետեւ ստեղծագործելը երկրորդական եմ համարել, առաջին տեղում եղել եւ մնում են նվագախումբը, ծառայությունը: Նվագախումբը իմ կյանքի անբաժան մասնիկն է, կարեւոր պտուտակը… Այն մարտունակ պահելը իմ պարտականությունն է… Մեր զենքն էլ մեր հնչեղ նվագն է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/12/2014