Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒԶԼՈՒԽ. ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՎԱՅՐԻ ԴԱՂՁԻ ԲՈՒՅՐՈՎ



Ի զէ՛ն, ի ծհէ՛ժ, յ՜ն անդհ ալաի,
Ի զէ՛ն, ի ծհէ՛ժ, մի ձախ, մի աի:
Ղ. ԱԼԻՇԱՆ

Ուշադիր նայեք այս լուսանկարին, որտեղ ամեն մանրուք գալիս է ամբողջացնելու Արցախյան պատերազմի ամենից վառ անհատականություններից մեկի, իսկական զորավարի և Ազգային Հերոսի՝ Մոնթե Մելքոնյանի դիմապատկերը: Ի՞նչ մտքեր, ապրումներ, զգացումներ է արթնացնում այս լուսանկարը 23 տարի անց։ Եվ ինչպես դուք ինքներդ կվերնագրեիք այս լուսանկարը:

♦♦♦

Բուզլուխի հաղթանակը վերջ տվեց հայության անվերջ նահանջին:

Բուզլուխի ճակատամարտը վերջ տվեց այն նահանջին, որը սկսվել էր դարեր առաջ՝ Վարդանանց պատերազմից, թերևս դրանից էլ առաջ և շարունակվում էր մինչև մեր օրերը…

Բուզլուխի ճակատամարտը տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերի 14-ին: Այն տևեց 7 ժամ 10 րոպե` ակնթարթ մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ:

Բուզլուխի հաղթանակի դերն ահա այսպես կկարևորի մեր ազատամարտի փառապանծ հերոսներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը. «Այսպիսով, նոր շրջանի հայոց պատմության մեջ առաջին անգամ հայերը կարողացան տարածք գրավել»:
Լուսանկարում Հայաստանի Ազգային Հերոս, արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանն է` Բուզլուխի հաղթական ճակատամարտի առավոտյան` շտաբի պատի տակ քնած:

Լուսանկարիչը կին լրագրող Միրիամ Գոմն է: Ֆրանսուհին այդ օրն իր նոթատետրում այսպիսի մակագրություն է թողել. «Նա մշտապես քարտեզներ է տնտղում և անընդհատ նայում իր ժամացույցին: Գիշերում է գետնին` քնապարկի մեջ, նույնիսկ եթե մահճակալ կա: Աչքերը բացելուն պես ռադիոն է միացնում` BBC-ին, ամեն առավոտ, անգամ խրամատում, և ոչ մի բառ չի ասում մինչև նախաճաշելն ու լվացվելը»:

Միրիամ Գոմը Մոնթեին դեռ Ֆրանսիայից էր ճանաչում և քաջածանոթ էր նրա կյանքի պատմությանը: Առաջին անգամ նրանք հանդիպել էին Ֆրանսիայի «Արդարադատության պալատում»: Եվ ահա վերջին հանդիպումից երեք տարի անց լրագրողը եկել էր Մոնթեին հանդիպելու Հայաստանում և տեսնելու պատերազմի դաշտում:

«Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը» գրքում կարդում ենք, որ երբ Երևանից Արցախ թռչող Մի-8 ուղղաթիռի պտուտակների աղմուկը վերաճում է զորեղ հռնդյունի, Մոնթեն դառնում է լրագրողուհու կողմն ու լսելի ձայնով բղավում. «Այսուհետև ինձ Ավո ասեք»: Ասել է թե` թողնում է իր իսկական անունը և այդ անվան հետ նաև «Գաղտնի բանակի» հետ կապված իր անցյալը: Միամիտ հավատ. նա չգիտեր, որ թռչում է դեպի անմահություն, և մինչ այդ հայությանը անհայտ ու անծանոթ «Մոնթե» անունը դառնալու էր համայն աշխարհի հայության սիրված անուններից մեկը, ու հազարավոր հայորդիներ կնքվելու են հենց այդ անունով` Մոնթե:
Բուզլուխի ազատագրման օրը՝ առավոտյան լրագրողուհի Միրիամ Գոմը Մոնթեին լուսանկարել է շտաբի բակում՝ մի փայտե նստարանի վրա քնած: Եվ լուսանկարը մակագրել է` «Զվարճալի տղան»:

♦♦♦

Գրեք մեզ. լավագույն մեկնաբանություններն ու մակագրությունները կտպագրվեն հայոց ազգային բանակի 24-րդ տարեդարձի` հունվարի 28-ի տոնական համարում:

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


11/12/2014