Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՐԵՔ ԶԻՆՎՈՐԻՆ ՆԱ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
ԳՐԵՔ ԶԻՆՎՈՐԻՆ ՆԱ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Ամերիկացի հոգեբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նորման Քոուփլենդը իր «Հոգեբանությունը եւ զինվորը» գրքում (առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին) անդրադառնում է ռազմական հոգեբանության մի շատ կարեւոր` զինվորի հոգեբանական պատրաստվածության խնդրին, առանց որի նույնիսկ ամենալավ ֆիզիկապես պատրաստված զորաբանակը ի սկզբանե պարտության է դատապարտված: Աշխարհի հզոր զորավարներից մեկը՝ Նապոլեոնը, հաճախ էր շեշտում, որ Ոգեկան ուժը ֆիզիկականին հարաբերվում է երեքը մեկին հարաբերությամբ:

Իսկ իրականում ինչի՞ պակաս է զգում զինվորը, ի՞նչը կարող է խոր ազդեցություն թողնել զինվորի հոգեբանության վրա, ի՞նչը կարող է ոգեւորել զինվորին ու նրան քաջագործությունների մղել:

Իհարկե, պատասխանները կարող են տարբեր լինել՝ կախված հանգամանքներից: Սակայն մի բան ընդհանուր է հայրենի օջախից հեռու մարտական ծառայություն իրականացնող բոլոր զինվորների համար` ծնողից, հարազատներից, սիրած աղջկանից ստացած նամակը, թղթի այդ սովորական կտորը, որի մեջ սակայն այնքան ջերմություն ու սեր կա, որը բավականացնում է խրամատում կանգնած զինվորի մարմինը ջերմացնելու, մտքերի մեջ խճճված մարտիկին սթափեցնելու եւ ոգեւորելու համար: Զինվորը երբեք այնքան չի տխրի, որքան հարազատի նամակը կորցնելուց, որ ամեն մեկը աչքի լույսի պես պահում է ծոցում: Ոչինչ նրա համար ավելի թանկ չէ, քան հարազատի նամակը: Հիասթափության պահերին, իսկ այդպիսիք հաստատ լինում են ծառայության ընթացքում, կարոտի ծանր ապրումների ժամանակ սովորական նամակն է, որ բարձրացնում է նրա տրամադրությունը, հուսահատության պահին ստիպում պայքարել մինչեւ վերջ:

ԱՐԱ ԲԱՂՈՒՄՅԱՆ

ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՍ

Ներկայացնում ենք օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզախափանարար գործողության ժամանակ հերոսաբար զոհված կապիտան (շնորհվել է հետմահու) Զորիկ Գևորգյանի քրոջ՝ Անի Գեւորգյանի նամակը գրված 27.03.2007թ.: Կարդում ես ու մտածում` թերևս հարազատների նման նամակներն են, որ թևավորում են զինվորին և հերոսության մղում:

Բարևակարոտակարոտապաչիկագիր

«Բարև, Զո՛ր ջան, ո՞նց ես, ցավդ տանեմ: Հարցրել էիր, թե ինչ նորություններ կան մեզ մոտ: Հիմա ասեմ. ես քեզ միշտ ամեն ինչ գրում եմ, դե, այն, ինչ էլ չեմ գրում, հեռախոսով արագ պատմում եմ: Մաման, պապան լավ են, Զորս, ուղղակի քեզ շատ են կարոտում, դեռ չենք հաշտվել, որ մեզնից հեռու ես ապրում: Գիտե՞ս՝ երբ ճաշի ժամին բնազդաբար ափսեները չորսն եմ շարում… Քեզ միշտ մեզ հետ եմ հաշվում… Խելառ եմ, չէ՞: Զո՛ր ջան, ցավդ տանեմ, դասերս լավ են, ինձ նեղացնող չկա, ո՞նց կարող են նեղացնել, դու ինձ չգիտե՞ս: Առավոտ գնում եմ դասի, հետո, եթե փորձեր եմ ունենում, գնում եմ փորձի, իսկ երեկոյան՝ թատրոն` ներկայացումների: Օրերս հետաքրքիր են անցնում: Ճիշտն ասած, դասերս շատ են, մեկ-մեկ հոգնում եմ, բայց դե գիտես՝ շա՜տ եմ սիրում: Մաման, որ տեսնում է գիշերը ուշ ժամի նստած դեռ կարդում եմ, ջղայնանում է: Զո՛ր ջան, որ մամայի հետ խոսես, այդ մասին խոսք գցի, թող ինքը պատմի, դու էլ ասա՝ ուրեմն՝ պետք է, որ կարդում եմ, բա ամոթ չի՞, որ լավ չներկայանամ, հա՞: Նախապես ասում եմ՝ ապրե՛ս, ախպե՛րս, դու ինձ հետ համամիտ ես, գիտեմ:

Զո՛րս, ուղարկածդ տետրերը պահում եմ, ցավդ տանեմ, քո պահարանում են, դանակներիդ հավաքածուի կողքին` այն պայուսակի մեջ՝ բանաստեղծություններիդ ու նկարներիդ հետ, նամակներդ էլ եմ պահում, արևս:

Զո՛ր ջան, մեռնեմ կյանքիդ, հեռախոսով խոսելիս ամեն անգամ չեմ ուզում ասել, որովհետև գիտեմ՝ քեզ համար էլ է դժվար… բայց ես քեզ շատ եմ սիրում ու կարոտում… շա՜տ… Ինձ համար էնպես անսովոր է տնից դուրս գալ, գնալ ինչ-որ տեղ առանց քեզ:

Քեզ պինդ պահիր, մեռնեմ արևիդ:

Դու իմ հպարտությունն ես, Զո՛րս:

Մոռացա ասեմ՝ դասարանի երեխեքը բարևում են, Զո՛ր ջան, միշտ հարցնում են քո մասին ու ասում, որ բարևները փոխանցեմ:

Հաջող, ցավդ տանեմ, ինչքան գրեմ, կգրեմ:

Պաչում եմ շատ ու գրկում եմ ուժե՜ղ-ուժեղ:

Զո՛րս, բանաստեղծություններդ շա՜տ լավն էին… Ճիշտն ասած՝ լացել եմ…»

27.03.2007թ.

ԱՆԻԻՍ՝ ԻՄ ԼԱՎ ՔՐՈՋԸ

Քամին հանդարտ

Րոպե-րոպե

Ողջ ամիսը երգ է երգել,

Ջրերը պաղ աղբյուրների

Սիրո՛ւն քույրիկ, քեզ հիշեցրել…

… Բաժանել է մեզ կյանքը բարբարոս,

Ու էլ չի վառվում

Իմ ճամփին փարոս,

Հիմա կարոտն է

Ինձ մեծ հույս տալիս,

Ու մթության մեջ

Հոգու լույս տալիս:

Հիմա կարոտն է

Ինձ օգնում ապրել,

Սրտիս կրակը

Չի թողնում մարել:

Եղբորս` ԶՈՐԻԿԻՆ

Քանի անգամ գիշերները

Երազումս քեզ եմ տեսել.

Ու երազից ուրախացած՝

Ես աչքերս եմ բացել,

Շուրջս քեզ եմ ես փնտրել,

Բայց, ափսոս, որ չեմ գտել…

Զո՛րս, շատ եմ քեզ կարոտել,

Բայց, ի՞նչ արած, պետք է ապրել…

03.09.2006թ.