Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԶԻՆՎՈՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ»

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին բոլորն են ճանաչում: Նրա «հանրային» կերպարը` սևազգեստ, խիստ, կոպիտ, անզիջում, «Մարոզի» նրա իմիջը հռչակված է ժողովրդի շրջանում: Նրա մասին շրջող պատմությունները հաճախ «առասպելաբանության» ժանրից են: …Ո՞վ է իրականում Մարգարիտա Խաչատրյանը: Ո՞րն է այդ կնոջ ֆենոմենը: Ինչո՞ւ է երկրի նախագահը շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը… ինչո՞ւ են հասարակ զինվորները «մայրիկ» կոչում նրան… Մարգարիտա Խաչատրյանը հազար անգամ ոտքով չափել է Հայաստանի ամբողջ սահմանները, հասել ամենահեռավոր դիրքերը: Մարգարիտա Խաչատրյանին կարելի է տեսնել պաշտպանության նախարարի աշխատասենյակում և ամենածայրամասային զորամասի զորանոցում: Նրա հեռախոսահամարը ունեն բոլոր զինվորները: Նրա գրապահարանը լի է դիմումներով, բողոքներով, շնորհակալական նամակներով: Ինչո՞ւ են այս կնոջը վստահում և՛ պաշտպանության նախարարը, և՛ հասարակ զինվորը: Այս անկեղծ զրույցը գուցե մի նոր գույն ավելացնի Մարգարիտա Խաչատրյանի կերպարին ու բացահայտի նրա դժվարին ճակատագրի առեղծվածը:

-Տիկին Մարգարիտա, վերջին 15-17 տարիների Ձեր գործունեությունը բոլորիս է հայտնի, իսկ դրանից առա՞ջ… Ձեր ֆենոմենը հասկանալու համար, թերևս, պիտի պարզենք, թե ո՞վ էր Մարգարիտա Խաչատրյանը իր «նախաբանակային» կենսագրությունից առաջ:

-Եթե ես պատմեմ իմ «նախաբանակային» տարիների մասին, ավելի կխճճվեք: Ես պարզ, խոնարհ, հեզ աղջիկ էի: Իմ ծննդավայր Քասախ գյուղում ծնողներս օրնիբուն աշխատում էին, որ կարողանան հոգալ իրենց 8 երեխաների կենցաղային անհատնում հոգսերը: Երբ մայրս ճաշ էր բաժանում, ես իմ բաժինը վերջինն էի վերցնում, ասում էի` փոքրերին տուր, տակը ինչ մնաց, էդ էլ կուտեմ: Մայրս լալիս էր, ասում էր` դու էդքան խղճով ու խելոք, ո՞նց ես էս կյանքում ապրելու: Ես զուսպ էի, ինքնամփոփ, խոնարհ, ամաչկոտ, հայրս ասում էր` էս աղջկա բարձր ձայնը մի օր չեմ լսել: Կա՛մ գիրքն էր ձեռքիս, կա՛մ ավելը, կա՛մ փոցխը: Ես շատ լավ էի սովորում: Քիմիական տեխնիկումն ավարտել, պոլիտեխնիկ ինստիտուտում էի սովորում, երբ հայրս որոշեց ամուսնացնել ինձ: Մենք բոլորս ամուսնացանք հորս կարգադրությամբ. հայրս ում ընտրեց, նրա հետ էլ ամուսնացանք, ոչ ոք մեր կարծիքը չէր հարցնում: Ես հարսնացա մի ընտանիքում, որտեղ 15 հոգով ապրում էինք երկսենյականոց բնակարանում:

-Մի՞թե դա հնարավոր է…

-Հնարավոր է, եթե հանդուրժող ես, բարի ես, եթե փորձում ես հասկանալ կողքինիդ հոգսը, դժվարությունը, լուն ուղտ չես դարձնում: Ուսումս կիսատ թողեցի, որ պահեմ ընտանիքս: Հետո… սկեսրայրս հիվանդացավ: Ամուսինս ծնողների միջնեկ տղան էր, բայց ծնողները որոշեցին, որ մեզ հետ պիտի ապրեն, ինձ ընտրեցին: Սկզբում անկողնային հիվանդ սկեսրայրիս էի խնամում, հետո սկեսուրս անկողին ընկավ: Երբ սկեսրայրս մահանում էր, ձեռքերը վեր բարձրացրեց և երկնքից օրհնություն խնդրեց ինձ համար:

-Ինքնազոհողություն էր Ձեր արածը:

-Դու պիտի նման բան չասես: Ես միտումնավոր եմ պատմում այս ամենը: Հիմա գթասրտությունը նվազել է մարդկանց հոգում: Երբ դու առողջ ես, կուշտ ես, ուժեղ ես, պիտի օգնես թշվառ ու հիվանդ, աղքատ ու լքված մարդկանց` հարազատ, թե օտար: Ու դա չհամարես ինքնազոհողություն: Բոլորս էլ մի օր օգնության կարիք ենք ունենալու: Կյանքն աստիճան է: Ոմանք բարձրանում են, ոմանք` իջնում:

-Գիտեք, ես գրեթե համոզված էի, որ Դուք աշխույժ, համարձակ աղջիկ եք եղել, կոմերիտականի դասական կերպար, շատ հայրենասեր…

-Ես չգիտեմ էլ` հայրենասեր էի, թե ոչ: Այդ մասին մտածելու առիթ չի եղել:

Ես իմ երկու երեխաներին` Արուսիկիս ու Արսենիս, շատ լավ եմ դաստիարակել: Ցանկացել եմ, որ ազնիվ ու օրինավոր մարդ դառնան: Եվ երբ եկավ Արսենիս բանակ գնալու ժամանակը, մի միջադեպ պատճառ դարձավ, որ ես մտափոխվեմ ու հրաժարվեմ տղայիս բանակ ուղարկելու մտքից:

-Ի՞նչ միջադեպ…Ի՞նչը կարող էր Ձեզ դասալքության մղել…

-…Թուխ Մանուկ եկեղեցում մատաղ էինք անում: Մատաղի գառը Արսենիս գիրկն էր: Թե ոնց եղավ, տղայիս մատը մնաց դռան տակ: Արյունը շիթով ցայտեց` ներկելով շուրջբոլորը: Մամաս ասաց` էս տղան քոնը չէ: Աստծունն է: Էդ օրվանից մեջս վախ մտավ: Ինչ արեցի-չարեցի, չկարողացա համոզել Արսենիս, որ բանակ չգնա: Տղաս ինձ չլսեց: Նույնիսկ ժամանակից շուտ դիմում գրեց ու գնաց: Երկու տարի հրամանատարներից միայն գովեստի խոսքեր եմ լսել տղայիս մասին: Փառքով ծառայեց: Արդեն տղայիս զորացրվելու ժամանակն էր, դեռ մի քանի օր էլ անցել էր: Քեֆի վրանը խփած` ժամ առ ժամ սպասում էինք տղայիս վերադարձին… Ամուսնուս աչքը երկաթի տաշեղ էր մտել: Պատուհանից դուրս էի նայում, մեկ էլ տեսնեմ՝ դիահերձարանից մեկին պատգարակով դուրս են բերում, սավանի տակից նշմարեցի զինվորական համազգեստը: Մորդ աչքերը քոռանան` ասացի ու լաց եղա: Ժամեր անց բժշկուհի Թամարն ասաց` տղադ վիրավոր է, հիվանդանոց են բերել: Հասկացա, որ դիահերձարանից իմ որդուն էին տանում…

-Չեմ ուզում, որ վերապրեք այդ ամենը: Այս հարցազրույցը Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ է. ես ուզում եմ, որ Ձեր կյանքի ուրախ պահերը հիշեք:

– …Մի օր երազ տեսա: Կակաչների անծայրածիր դաշտում իմ կակաչն էի փնտրում: Մեկ էլ ձեռքի հպում զգացի ուսիս, շրջվեցի` տղաս էր: Ասաց` մա՛մ, ոչինչ մի՛ փնտրիր, բոլոր կակաչներն էլ քոնն են: Այնպես արա, որ էլ ոչ մի մայր սև չհագնի: Ես հարություն առա տղայիս կանչով: Նա ինձ հրամայեց ապրել ու ասաց՝ հանուն ինչի. ես հիմա տղայիս ցանկությունն եմ կատարում՝ կյանքս բանակին ու զինվորներին եմ նվիրել… Ամեն զինվոր ինձ նայում է Արսենիս աչքերով: Սա իմ միակ սփոփանքն է. իմ կյանքը ասելու փոխարեն, ես ասում եմ՝ զինվորին օգնելու իմ ժամանակը: Բանակից թանկ ոչինչ չունեմ:

-Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:

-Տեսե՞լ եք՝ ես ինչպես եմ ծափ տալիս, երբ պարում են զինվորները: Իմ ուրախությունը զինվորի ժպիտն է, զինվորի ամոքված ցավը, զինվորի բարձր տրամադրությունը: Ես խաղաղվում եմ, երբ տեսնում եմ, որ զինվորը կուշտ է, տաք է հագնված, առողջ է…

-Մի ժամանակ հրամանատարների ու Ձեր միջև ինչ-որ լարվածություն կար: Վերջերս նկատել եմ՝ սպաները Ձեզ հորքուր են ասում:

-Ես հորքուր եմ զինվորներին սիրող հրամանատարի համար և «Մարոզ» նրանց համար, ովքեր անտարբեր են զինվորի հոգսուցավի հանդեպ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարողացավ զինվորին արժեք դարձնել, հասկացնել, որ բանակի առանցքը զինվորն է, ու հրամանատարները պետք է առաջին հերթին զինվորի մասին մտածեն, զինվորի հոգսը հոգան: Բանակում փոխվեց զինվորի հանդեպ վերաբերմունքը:

-Բոլորը գիտեն, թե Դուք ինչ եք տվել բանակին, իսկ ի՞նչ եք ձեռք բերել:

-Իմ հազարավոր զինվորների սերն ու բարեկամությունը, բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել: Բանակում գտել եմ բազմաթիվ հրաշալի զինվորականների (չեմ ուզում թվել անունները)… Նրանցից մեկն էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է. ես հավատում եմ Սեյրան Օհանյանին, նրա անմնացորդ նվիրումին պետությանը, ժողովրդին ու բանակին: Ես տեսել եմ Սեյրան Օհանյանի տառապանքը զոհված զինվորի համար: Ես տեսել եմ բանակը դեպի լավը փոխելու նրա ջանքերը և արդյունքը: Ես հիանում եմ նրա զուսպ ու չափավոր կենցաղով, կիրթ ու պարկեշտ ընտանիքով:

-Կենցաղ ասացիք՝ ցանկացա իմանալ՝ Դուք ինչպե՞ս եք ապրում, Ձեր կենցաղն ինչպիսի՞ն է:

-Ի՞նչ կենցաղ… Փոքրիկ տուն ունեմ Քասախ գյուղում, դու եղել ես այդ տանը, երկու սենյակ է, փոքրիկ այգի: Տղայիս թոշակն եմ ստանում, հերիքում է: Աղջիկս` Արուսիկը, ամուսնացած է, լավ ամուսին ունի, երկու հրաշալի աղջիկ: Թոռներս իմ ծննդյան տարեդարձի կապակցությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված երեկոյի ժամանակ ինձ անակնկալ արեցին: Մեկը նվագեց, մյուսը` պարեց: Ուրախացա, հուզվեցի:

-«Առնո Բաբաջանյան» համերգասրահում Ձեր մեծարման երեկոյի ժամանակ ծաղիկներին տեղ ու դադար չկար, բազմաթիվ շնորհավորանքներ հնչեցին, երախտագիտության ու մեծարանքի խոսքեր: «Հայ զինվոր» թերթը նույնպես շնորհավորում է Ձեզ: Մենք շատ ենք ցանկանում, որ ժամանակը սպիացնի Ձեր վերքերը, որ Ձեր սիրտը ուրախ լինի, որ առողջ ու երջանիկ լինեք:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ