Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԽԱՄՐՈՂ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ



Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունը ամենասրբազանն է, և ճշմարիտ հերոսները նրանք են, ովքեր մեծագործում են և առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ: Մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք, իսկ այսօր էլ մեր հաղթանակած բանակի զինվորները պատվով շարունակում են իրենց հայրերի ու եղբայրների սրբազան գործը` պաշտպանելով արյան գնով նվաճված խաղաղությունը:

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Արմեն Մուշեղյանը այն տղաներից է, որ ցմրուր ճաշակել է պատերազմի դառնությունը և կարոտով է հիշում բոլոր նրանց, որոնց անօրինակ սխրանքի շնորհիվ ունենք կայացած, հզոր բանակ, որը մեր բոլորի հպարտությունն է:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ

«Ես առաջին անգամ Արցախում եղա 1993 թ.: Մեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը, ներքին զորահավաք էր կազմակերպել, ես էլ որոշեցի գնալ: Սկզբում տղաները չէին թողնում, բայց չէի կարող չգնալ, նրանց կողքին չլինել: Այդ տարիներին Պռոշյան համայնքի միջնակարգ դպրոցում կերպարվեստ և գծագրություն էի դասավանդում, տնօրենին դիմեցի՝ իմ հաշվին արձակուրդ վերցնելու խնդրանքով, որպեսզի կարողանամ ռազմաճակատ մեկնել, նա էլ ասաց, թե ինչպես կարող եմ չթողնել, երբ այդպիսի հայրենանվեր նպատակի համար պետք է արձակուրդս օգտագործեմ:

Այդպես ճանապարհ ընկանք դեպի Արցախ, ճանապարհին մեր մեքենան փչացավ, ու հաջորդ օրը հասանք Շուշի: Մեքենայից իջա ու տեսնեմ՝ աշակերտներս, ովքեր դպրոցն ավարտել էին, հերթով գալիս ու բարևում են: Զարմացած ասում եմ՝ դուք այստեղ ի՞նչ գործ ունեք, հետո պարզվեց, որ Պետոյին համոզել էին, որ իրենց էլ բերեն: Պետոն շարունակեց Կարոտի գործը, իսկ հիմա տղերքը շարունակում են Պետոյի գործը: Ու էդպես ամեն անգամ գալիս հարցնում էին ինչպե՞ս եք, ընկեր Մուշեղյան, ես էլ պատասխանում էի՝ ինչպես կարող եմ վատ լինել, երբ աշակերտներս են գալիս ինձ պոստում փոխարինելու, դրանից լավ բան չկա աշխարհում: Իսկ հիմա նրանց մեծ մասը կայացած զինվորականներ են և պաշտպանում են մեր խաղաղ քունը:

Եվ քանի որ բանակում չէի ծառայել, Շուշիում տասնօրյա բանակումի մասնակցեցի, որտեղ մեր ընկերները, Պետոյի գլխավորությամբ, մեզ զենքի օգտագործման կարգն էին բացատրում, ու քանի որ տեխնիկայի հետ կապված գիտելիքներս սահմանափակվում էր միայն ֆիլմերից ու գրքերից վերցված տեղեկություններով, միշտ մոտս ծոցատետր էի պահում և զենքերի տվյալներն էի գրառում, որպեսզի սովորեմ, տղաներն էլ կատակում էին՝ ասելով. «Վարժապետը տետրը բացեց…»

ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԸ

Սկզբում գնացինք Ջանյաթաղի դիրքեր, այնուհետև՝ Չլդրան, անընդհատ տեղից տեղ էինք անցնում: Առաջին լուրջ մարտական գործողությունս Մանիքլուում եղավ: Այդ օրը բավականին շատ ռազմամթերք ստացանք ու գիշերով «Գետաշեն» երգելով ճանապարհ ընկանք դեպի Մանիքլուի բարձունքները: Տեղ հասանք, դիրքավորվեցինք, որպեսզի առավոտյան գործողությունը սկսենք: Հաջողեցինք ու ադրբեջանցիներին հետ շպրտեցինք:

Ու այդ դիպվածն իմ կյանքում, բնավորությանս մեջ շատ բան փոխեց: Ընդհանրապես, երբ մարդ ինչ-որ բան հաջողում է, նա իրեն հզորացած ու հաստատուն է զգում: Հատկապես, եթե կատարածդ հայրենիքի ազատության համար է:

Իսկ հայրենիքը արյունով են պահում՝ թշնամուն ծնկի բերելով: Մեր թշնամին արդեն մեր բազկի հարվածի ուժգնությունն զգացել է, անհրաժեշտության դեպքում մեկ անգամ ևս կտապալենք նրան:

ԽՈՍՔ՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Հզոր կամք եմ ցանկանում: Եվ միշտ հիշիր, զինվո՛ր, եթե մարդու ոգին ամրակուռ է, չի վախենում ոչնչից, երբ դու պինդ ես կանգնած ոտքերիդ վրա՝ դիրքում, սահմանին, թվում է՝ գնդակը քեզնից հեռու է թռչում: Ուզում եմ, որ միշտ ձեր մտքում պահեք, թե այս խաղաղ երկինքը ումից եք ժառանգել, ովքեր են այս մի կտոր հողը պահպանել ձեզ համար: Հիմա նրանք մեզ հետ չեն, ու նրանց գործը պետք է լավագույնս շարունակեք: Այդ հզոր տղաների գործը խոսքով չէ, որ պետք է շարունակել, միայն ու միայն գործով…Ամեն անգամ, ընկերներիս շիրիմների մոտ խոնարհաբար կանգնած, հաշվետու եմ լինում, ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ եմ արել ձեր գործը շարունակելու համար, արժանի՞ եմ ձեր ընկերը կոչվելուն, թե՝ չէ: Եթե ինչ-որ բան արել եմ, ուրեմն ինչ-որ չափով արդարացրել եմ ձեր վստահությունը: Տա Աստված, որ բոլորդ ուժեղ լինեք ու ամեն մեկդ ձեր մեջ կրեք-պահպանեք մեր նվիրյալների տեսակը:

Տղայիս, որ հիմա ծառայում է, և մնացած բոլոր զինվորներին կարգապահության կոչ եմ անում: Յուրաքանչյուր մարդու կյանք բացարձակ արժեք է, իսկ շատ հաճախ անդառնալի դեպքեր պատահում են հենց անկարգապահությունից: Բանակում ու հատկապես պատերազմի դաշտում լարված իրավիճակներում կարգապահությունը մեծ դեր ունի: Հպարտությամբ պետք է նշեմ, որ շնորհիվ մեր կազմակերպվածության ու կարգապահության, Արցախյան պատերազմում մեր գումարտակը մարտական գործողությունների ժամանակ ամենաքիչ զոհն է տվել:

Թող երբեք թնդանոթները չխաթարեն ձեր անդորրը, և թող ողջ ու առողջ վերադառնաք ձեր ծնողների գիրկը:

ՍՈՍԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ազգային բանակ


04/12/2014