Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՈՏԸ ՀՈԳՈՒՄ



Հարգարժան Սեյրան Մուշեղի,

Հայ ժողովուրդը միշտ կարող է հպարտանալ իր մարտիկ որդիներով, որոնք քաջաբար եւ խիզախորեն պաշտպանում են հայրենիքը` հավատարիմ ու նվիրված մնալով իրենց երդմանը: Ներկայացվող փաստերը (տպագրված 1965-1966 թթ. «Կոմունիստ» եւ 2014թ. «Ասպարեզ» թերթերում) պատմում են Հայաստանից եւ Արցախից Հայրենական մեծ պատերազմ մեկնած հայրիկիս եւ իր մարտական ընկերների մասին, որոնք մարտնչել են ֆաշիզմի դեմ արտասահմանում:

Ես հաստատակամորեն հայտարարում եմ. պատրաստ եմ առաջին իսկ կոչով կամավոր մտնելու պաշտպանների շարքերը սուրբ Ղարաբաղի համար: (Իմ քեռորդին` Հրաչիկ Արտաշեսի Մարկոսյանը, քաջի մահով է զոհվել Բելոռուսիայում 1944թ. սեպտեմբերի 1-ին): Ինքս պարտադիր զինծառայության եմ անցել որպես կամավոր, չնայած աշխատանքային տարկետում ունեի որպես երիտասարդ մասնագետ: Ծառայել եմ նույնպես Բելոռուսիայում ուղիղ 3 տարի, թիվ 53768 զորամասում` բարձր պահելով հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

Խորին հարգանքով`

Հունաստանում բռնադատված պարտիզանի ավագ որդի
Ա. Խաչատրյան
ք. Գյումրի

2015 թվականին կլրանա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը, ինչպես նաև հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Միգուցե ընթերցողը հարցնի, թե որն է կապը այս երկու իրողությունների: Անկեղծորեն խոստովանեմ՝ իմ մտքով էլ չէր անցել, սակայն «Հայ զինվոր» թերթի խմբագրությանը Աշիկ (Արշալույս) Խաչատրյանի ներկայացրած փաստերն ուսումնասիրելով, ծանոթանալով հերոսի՝ նրա հոր, կենսագրությանը, զգացի, որ այս երկու նշանակալի իրադարձությունները փոխկապակցված են, շաղկապված մեկմեկու: Որպեսզի ընթերցողին պարզ լինի, պատմեմ մեր հերոսի կենսագրականը: Սմբատ Խաչատրյանը (Աշիկ Խաչատրյանի հայրը), ծնվել է 1910 թվին, Արևմտյան Հայաստանի Կարսի Բերն գյուղում: Մեծ եղեռն վերապրած բազմահազար մեր հայրենակիցների նման նրան էլ է բաժին հասել որբի ճակատագիր, բազում զրկանքներ, դժվարություններ: Գաղթից հետո հաստատվել է Զույգաղբյուր գյուղում եւ հետո Լենինականի որբանոցում: Հորեղբոր որդու՝ Արտաշի օգնությամբ մեծանում, ընտանիք է կազմում: 1941թ. զորակոչվում է բանակ: Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Սկզբում ծառայում է Սումգայիթ քաղաքում, իսկ նոյեմբերին գունդը, որտեղ ծառայում էր Սմբատ Խաչատրյանը, տեղաբաշխվում է Թեոդոսիա քաղաքի պաշտպանական գծում: Չունենալով զինպատրաստության պատշաճ մակարդակ և զինտեխնիկա, գունդն ընկնում է շրջապատման մեջ: Եվ 1942թ. հունվարին Սմբատ Խաչատրյանը հայտնվում է գերության մեջ:

Նացիստական համակենտրոնացման ճամբարներում ազգային լեգեոններ էին կազմավորվում՝ Սմբատ Խաչատրյանը նույնպես հայտնվում է այնտեղ: Նրանց լեգեոնը տեղափոխվում է Պուլավա՝ մարտնչելու խորհրդային զորքերի դեմ: Հայերով բեռնավորված երկու բեռնատար էշելոնները ճանապարհին ընկնում են ռմբակոծության տակ: Նրանցից առաջինը տեղ է հասնում, իսկ մյուսը, որում Սմբատ Խաչատրյանն էր, մնում է մինչ երկաթգծի վերանորոգումը: Երկու ժամ անց, երբ նրանք հասնում են Պուլավա, զգում են, որ գերմանացիների վերաբերմունքը իրենց հանդեպ փոխվել է: Իսկ պատճառն այն էր, որ առաջին էշելոնի լեգեոներները, տեղ հասնելուն պես ճեղքելով գերմանացիների դիրքերը, անցել էին Ուկրաինայի տարածք, միացել պարտիզաններին: Հիտլերը տվել էր դատավճիռը՝ գնդակահարել «դավաճան, անվստահելի» մյուս լեգեոնականներին: Սակայն հայազգի լեգեոնականների փրկության գործում մեծ է լինում Դրաստամատ Կանայանի, Գարեգին Նժդեհի, Ալբերտ Մուրադյանի ավանդը: Հայ ռազմագերիները փրկվում են գնդակահարությունից, տեղափոխվում են Մակեդոնիա՝ մասնակցելու ռազմական գործողություններին: Նրանցից Բաբկեն Ներսիսյանը կապ է հաստատում հույն պարտիզանների հետ, որով և պայմանավորվում է նրանց հետագա պայքարը: 1943թ. մարտին լեգեոներներին հաջողվում է զինաթափել գերմանացիներին և զինական մեծ պաշարով անցնել-միանալ հույն պարտիզաններին: Ջոկատը կոչվում է «Ազատություն», որը մարտնչում է «Էլաս» հունական պարտիզանական միավորման կազմում: Այդ միավորումն ուներ մոտ 70000 մարտիկ, և դա էր պատճառը, որ գերմանացիները Հունաստանում պահում էին 12 դիվիզիա: Հունաստանի ազատագրական մարտերին մասնակցեցին Հայաստանի տարբեր շրջաններից մեր հայրենակիցները՝ հրամանատար Բաբկեն Ներսիսյանը, տեղակալ Եղիշե Պետրոսյանը, Սմբատ Խաչատրյանը, Լիպարիտ Սահակյանը, Ենոք Սարգսյանը, Մնացական Բարխուդարյանը, Հակոբ Հակոբյանը, Երվանդ Ղուկասյանը, Նազիրով Պետրոսյանը, Աշոտ Փոստոյանը, Սարգիս Ասուլյանը, Գրիգոր Պետրոսյանը, Կարապետ Մկրտչյանը, Անդրանիկ Ամալյանը, Վարազդատ Բունիաթյանը, ինչպես նաև ղարաբաղցիներ Սաշա Հայրիյանը, Գուրգեն Եսայանը, Ռուբեն Բաղիրյանը, Սարուխան Աբրահամյանը, Սերգեյ Ղահրամանյանը… Նրանք բոլորն էլ անձնվիրաբար կռվում էին Աթենքի, Կորոշի, Կոլոբոկայի, Սալոնիկի, Սատիստի ազատագրական մարտերում: Հայ մարտիկների հերոսական ջանքերի շնորհիվ ազատագրված Անատոխ գյուղը հույն պարտիզանների և գյուղի բնակչության առաջարկով անվանակոչվում է Արմանախոր՝ հայերի գյուղ: Այս մարտում հատկապես աչքի է ընկնում գնդացրորդ Սմբատ Խաչատրյանը: Պարգևատրվողների մեջ էր նաև հայ մարտիկը:

Այս դեպքն ինձ հիշեցրեց ազգությամբ հույն Քրիստինե տատին, որը ապրել էր Էրզրումի նահանգի Հեքեպատ գյուղում: Ամուսնացել էր հայի հետ, և նրան կոչել էին Հայաստան: Ունեցել էին 5 երեխա: Հայոց Մեծ եղեռնին թուրքերը կոտորել էին ամուսնուն, երեխաներից 3-ին, իսկ 2-ին գիրկն առած՝ ինքը փախել էր սարեր, որտեղ էլ սառել-մահացել էին երեխաները: Հունաց դուստրը հագել էր տղամարդու հագուստ, միացել էր զորավար Անդրանիկի կամավորականներին և կռվել թուրքերի դեմ, փորձել էր իր ամուսնու և երեխաների վրեժը լուծել: Հիմա, տարիներ անց, գաղթից մազապուրծ Սմբատ Խաչատրյանի արարքը ասես ինչ-որ կերպ լիներ նաև Քրիստինե-Հայաստան տատի կորուստի ու թշնամու դեմ մարտնչելու փոխհատուցումը:

Սալոնիկ քաղաքում էին հայ լեգեոներները, երբ լսում են հաղթական պատերազմի ավարտը, և այդ քաղաքից էլ նրանք նավով վերադառնում են Խորհրդային Միություն, որտեղ առաջին նավահանգիստը լինում է Սարատովը:

Հայ պարտիզանի կյանքում այստեղից սկսվում է կյանքի ոդիսականի (գաղթ, պատերազմ, գերություն) չորրորդ շրջանը՝ հարցաքննություններ, վերադարձ հայրենի քաղաք, որտեղ նրան դիմավորում են մայրը, քույրը, կինը, որդին և երկու դուստրերը: Հաշվառման կանգնելուց հետո աշխատանք քարհանքում և նորից աքսոր…

Որպես «անբարեհույս տարր» Խաչատրյանների ընտանիքը հասնում է Ալթայի երկրամաս: Աքսորի գիշերը Սմբատ Խաչատրյանի ավագ որդին՝ Աշիկը (հուշերի հեղինակը), գտնվում էր Փոքր Սեպասար գյուղում՝ Ծովիկ մորաքրոջ տանը: Գաղթական տատն ու պապը քրդերեն են խոսում, որպեսզի թոռը չիմանա իրենց ընտանիքին բաժին հասած դժբախտության մասին, սակայն պատանին իմանալով ողջ ճշմարտությունը, միայն պատկերացնել կարելի է, թե ինչ զրկանք-դժվարությունների գնով գնում հասնում է հարազատներին: Այսպես մինչև 1955թ., երբ հանցակազմի բացակայության պատճառով արդարացված Խաչատրյանների ընտանիքը վերադառնում է հայրենիք՝ Գյումրի: Արշալույսը, որը կարող էր բանակ չգնալ, չծառայել, պատվով ծառայում և վերադառնում է տուն, իսկ 1972 թվին մորաքրոջ տղայի հետ մեկնում է Ալթայի երկրամաս, այնտեղ հանգչող հարազատների շիրիմներին այցի: «Գերեզմանները խնամված էին, միայն հայկական խաչն էր փոխարինված ռուսականով»,- գրում է Արշալույս (Աշիկ) Խաչատրյանը: 1988 թ. վախճանվեց ճակատագրի իր ոդիսականն անցած Սմբատ Խաչատրյանը: Ծանոթանալով նրա կենսագրությանը, որը նույնն է ինչ իր ժողովրդին բաժին հասած ճակատագիրը, չես զարմանում, այլ հասկանում-գիտակցում ես, թե ինչպես է մեր ժողովուրդը ապրել գաղթից, աքսորից, Մեծ եղեռնից հետո: Հասկանում ես, որ մեր ժողովուրդը դեռ ճանապարհ ունի անցնելու՝ անվերջ-անվախճան ճանապարհ: Հավատում ես, որ այդ ճանապարհին լինելու են հաղթանակներ, որպիսիք էին Մեծ Հայրենականի ու Արցախյան հերոսամարտերը: Շնորհակալ ենք հերոսի որդուն՝ Արշալույս (Աշիկ) Խաչատրյանին՝ բարեխիղճ, մանրամասն պատմության համար, որտեղ ներկայացնում է ոդիսականը իր հայրիկի, իրենց ընտանիքի: Ընտանիք, որը պետության մի մասնիկն է …

Պատրաստեց ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ճակատագրեր


04/12/2014