Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ



Վահագն Պետրոսյանը սերժանտ է՝ դասակի հրամանատարի տեղակալ: «Քաջարի մարտիկ» եւ «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանները հուշում են՝ նա լավագույններից է: Հիմա ծառայում է ուսումնական գումարտակում, իսկ մինչ այդ 14 ամիս կանգնել է առաջնագծի ամենավտանգավոր մարտական հենակետում: Մի քանի օրից կզորացրվի:

-Ի՞նչ ես ամենից շատ հիշելու ծառայությունից,- հերթապահ հարցիս պատասխանն ինձ անմիջապես հուշեց, որ այլևս ավելորդ և անիմաստ կլինեն մյուս` վաղօրոք նախապատրաստած հարցերս: Նա անշտապ խոսում էր, իսկ ինձ թվում էր, թե զինվորական թեմայով պատմվածք եմ լսում հեղինակի ընթերցմամբ: Նա դեռ չէր ավարտել իր ասելիքը, իսկ ես արդեն գտել էի «պատմվածքի» վերնագիրը.

Օգոստոսի մեկի լուսաբացն է՝ հերթափոխի վերջին օրը, հաջորդ առավոտյան պետք է վերադառնամ զորամաս: Առաջնագծում լարված է: Հակառակորդի եւ մեր միջեւ հեռավորությունը 70 մետր է: Զգոնության բարձրացման հրաման է տրված: Տեղեկատվություն ենք ստանում՝ գիշերը հակառակորդը մեր դիրքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ կձեռնարկի: Նման զգուշացումներ հաճախ էինք ստանում, բայց երբեք հստակ չէր նշվում դիրքի համարը… Այս անգամ այլ էր՝ թիրախը մեր դիրքն էր: Այդ պահից ամեն ինչ փոխվեց… Ես, որ միշտ ինքնավստահ էի եւ պատրաստ հակառակորդի կոկորդը կրծելու, լարվեցի… Զգացողությունների խառնաշփոթ էր՝ տնեցիներիս տեսնելու ցանկությունը մի կողմից, դիրքը ամուր պահելու, սանտիմետր անգամ չզիջելու պատասխանատվությունը մյուս կողմից ինձ հանգիստ չէին տալիս… Գլխումս մտքերը խռնվել էին՝ մի՞թե վերջին անգամ եմ այստեղ կանգնում, գուցե էլ ընկերներիս տեսնելու հնարավորություն չունենա՞մ, ինչո՞ւ են նրանք այնպիսի աչքերով նայում ինձ՝ կարծես իրենց վերջին հույսը ես եմ… Բայց, ախր, ես էլ եմ նույն աչքերով նայում նրանց… Տղաներն այնքան լրջմիտ էին դարձել, ես նրանց երբեք այդպես վճռական չէի տեսել… Ես զգացի՝ նրանք պատրաստ են հերոսանալու: Մեր դիրքում ոչինչ չէր փոխվել, բայց այլեւս ամենօրյա դիրքը չէր, նույնիսկ մեկ ժամ առաջվանը չէր՝ այն անառիկ ամրոցի էր վերածվել…

Հակառակորդի հարձակման դեպքում պետք է անցնեինք շրջանաձեւ պաշտպանության: Այդպես էլ արեցինք` նախապես զբաղեցրինք մեր տեղերը… Կանգնել էի խրամաբջիջում եւ մեր գումարտակի հրամանատարի՝ փոխգնդապետ Գեւորգյանի խոսքերն էի հիշում. «Տո, լավ ա, թող գան, կխփենք, ձեզ էլ կխրախուսենք, պատվով, փառքով կուղարկենք տուն»: Իհարկե, կատակում էր:

Քիչ առաջվա լարվածությունս կամաց-կամաց նահանջում էր. «Ջարդելու ենք… Գալու են ու չեն գնալու…»,- կրկնում էի մտքումս: Հանկարծ մեկը ձեռքը դրեց ուսիս: Անծանոթը տարիքով էր՝ 70-ին մոտ, դեմքի կնճիռները վկայում էին՝ շատ դժվարություններ է հաղթահարել: Ազատամարտիկ էր, կողքի գյուղից: Անունս հարցրեց, իրենը չասաց… Ձեռքը դրեց ուսիս, թե՝ «Եթե մեռնում ենք՝ բոլորով, եթե ողջ ենք մնում, բոլորս ենք ողջ մնում»: Շրջանաձեւ պտտվեց, տղաներին մոտեցավ, խոսեց, հետո սաղավարտը դրեց գլխին, զենքը վերցրեց ու կանգնեց հարթակի կենտրոնում, որը հարձակման ժամանակ ամենավտանգավոր կետն է: Նրա ներկայությունը թարմ շունչ, նոր ուժ ու վստահություն ներշնչեց մեզ` ցրիվ տալով մեր կասկածների ու անհանգստության վերջին հետքերը… Հիմա մենք հզոր էինք, եւ ոչ մի ուժ չէր կարող մեր դեմն առնել… Լուռ էինք` ականջներս ձայնի: Ամեն վայրկյանը դար էր թվում… Լարված սպասում էինք` առաջ նետվելու…

…Չեկան: Թե ինչո՞ւ չեկա՜ն… Հիասթափություն կար յուրաքանչյուրիս դեմքին, բայց եւ՝ ուրախություն մեր սրտերում… Սա իմ մարտական հերթապահության վերջին օրն էր՝ ամենահիշարժանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ազգային բանակ


04/12/2014