Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ



ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և խորհրդարանում՝ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործված այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևով նաև պահանջ է ներկայացվում Թուրքիայի նախագահին, որպեսզի նա այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարի Սգո օր: Մեկ տարվա ընթացքում խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին:

Սպասելի է, որ Թուրքիայի խորհրդարանը կկասեցնի առաջարկի քննարկումը: Ամենայն հավանականությամբ, Թունջելի իրական նպատակը Հայոց ցեղասպանության և մյուս զանգվածային ջարդերի բարձրացումն է խորհրդարանում՝ անկախ արդյունքից: Նման օրինագծի ներկայացումն իսկ ազգային իրարանցում կառաջացնի խորհրդարանի ներսում, լրատվամիջոցների և թուրք ժխտողականների շրջանում: Թունջելը պետք է գիտակցի, որ նա կարող է զրկվել իր պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա և մեղադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ արգելված թեմաներ բարձրացնելու համար:

Ողջունելով Թունջելի համարձակ և հանդուգն առաջարկը՝ հայերը, թուրքերը, քրդերը և ուրիշներ չպետք է մոռանան, որ Թուրքիայում առաջին անգամ չէ բարձրացվում հայերի տեղահանության և ջարդերի հարցը: 1918 թ. նոյեմբերի 4-ին՝ երիտթուրքերի վարչակարգի անկումից անմիջապես հետո և նախքան Քեմալ Աթաթուրքի 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, Օսմանյան խորհրդարանում առաջարկ ներկայացվեց «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գործած ոճրագործությունների վերաբերյալ. «Բնակչության մեկ միլիոնին, որոնց միակ մեղքը հայ լինելն էր, կոտորեցին և բնաջնջեցին, նույնիսկ՝ կանանց և երեխաներին»: Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ֆեթհի բեյը պատասխանեց խորհրդարանին՝ ասելով. «Կառավարության մտադրությունն է՝ փարատել մինչ օրս կատարված յուրաքանչյուր անարդարություն, որքան միջոցները հնարավորություն կտան, վերադարձնել իրենց տները նրանց, ովքեր աքսորել են և հնարավորինս փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»:

Խորհրդարանական քննչական կոմիտեն անցավ համապատասխան փաստաթղթերի հավաքմանը, որոնցում նկարագրվում էին հայ ժողովրդի զանգվածային ջարդերի համար պատասխանատու անձանց գործողությունները և դրանք հանձնեց Թուրքիայի ռազմական դատարան: «Միություն և առաջադիմություն» կոմիտեի պարագլուխները մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի կոտորածի համար և կախաղան հանվեցին կամ դատապարտվեցին երկարատև բանտարկության: Ռազմական դատարանը Գերմանիայից պահանջեց Թուրքիա վերադարձնել ջարդերի գլխավոր կազմակերպիչներին, որոնք փախել էին երկրից: Գերմանիայի մերժումից հետո նրանց հեռակա կարգով դատեցին և մահվան դատապարտեցին:

Իր առաջարկը պատմական և իրավական նախադեպերով հիմնավորելու համար Թունջելը պետք է Թուրքիայի օրենսդիր մարմնին ներկայացնի 1918 թ. խորհրդարանական առաջարկը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը կոչվում էր «Հայկական տեղահանություններ և ջարդեր»: Նա պետք է նաև ներկայացնի Թուրքիայի ռազմական դատարանների ընդունած մեղադրական վճիռների պատճենները: Եվ վերջապես, Թունջելը պետք է խորհրդարանին հիշեցնի Քեմալ Աթաթուրքի պատմական խոստովանությունը, որ նա արել է «Լոս Անջելես էգզամիներ» թերթում 1926 թ. օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր մի քանի միլիոն քրիստոնյա հպատակների համար, որոնց դաժանորեն արտաքսեցին իրենց հայրենի օջախներից և կոտորեցին»: Կհամարձակվի՞ արդյոք որևէ թուրք պատգամավոր ստախոս անվանել արդի Թուրքիայի հիմնադրին:

Եթե խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը և կանխի դրա քննարկումը, ապա այն կբացահայտի Էրդողանի կառավարության՝ ճշմարտությանը դիմակայելու սարսափը և իր նախորդների մեղսավորության քողարկումը… Անկախ վերջնական արդյունքից՝ այս առաջարկն անսպասելի դրական զարգացում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին և որոշակի մխիթարություն թուրքական վայրագություններին զոհ գնացածների ժառանգների համար:

Թունջելի առաջարկի ներկայացումը Թուրքիայի խորհրդարանում համընկավ Բոլիվիայի Սենատի և խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման հետ: Հատկանշական է, որ այս ճանաչումը ձեռք է բերվել զուտ ցեղասպանության բնույթից ելնելով, առանց հայկական լոբբիստական ջանքերի, որն էլ ժխտում է թուրքական սովորական պնդումները, թե իբր երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը տեղի հայ համայնքների ճնշման տակ: Բոլիվիայում հայկական համայնք չկա…

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1065) 4.12.2014 – 10.12.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


04/12/2014