Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԱԹԵ ՎԿԱՆ. ՍԵՎ ԱՐԿՂ



«Սեւ արկղ» բառակապակցությունը հեռուստաեթերից հիմնականում հնչում է երկու դեպքում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ընթացքում, մեկ էլ ավիաաղետների ժամանակ: Եվ եթե ինտելեկտուալ հեռուստահաղորդման մեջ սեւ արկղն իրապես սեւ է եւ իրապես էլ արկղի ձեւ ու տեսք ունի, ապա նույնը չենք կարող ասել ինքնաթիռի սեւ արկղի մասին: Այն իր տեսքով ավելի շատ գունդ է հիշեցնում եւ նարնջագույն է: Գույնի ընտրությունը բոլորովին էլ պատահական չէ, քանի որ վառ գուներանգը հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հայտնաբերել արկղը վթարի վայրում:

Տարբեր սարքերի համակցություն հանդիսացող «սեւ արկղը» իրականում բավականին բարդ մի սարքավորում է, որի գործառույթների մասին կարելի է դատել արտաքին ներգործությունների նկատմամբ նրա հակազդեցությամբ:

Քաղաքացիական օդագնացության ժամանակակից ինքնաթիռներում «սեւ արկղը» մագնիսական կուտակիչ է, որը գրանցում է օդաչվության ինֆորմացիան՝ օդանավի շարժման բնութագրիչները (արագություն, բարձրություն և այլն), ուժային սարքերի (շարժիչների) եւ այլ համակարգերի աշխատանքը:
«Սեւ արկղում» գրանցվում է նաեւ անձնակազմի անդամների եւ դիսպետչերական ծառայության խոսակցությունը: Ինքնագիրները զետեղված են ամրապինդ արկղում, որը թույլ է տալիս ավիավթարի ժամանակ անխաթար պահել ժապավենային գրառումները:

Գրանցման վերծանումը հանձնախմբին հնարավորություն է տալիս հետաքննելու եւ պարզելու ավիացիոն պատահարի ծագման պատճառներն ու ընթացքը, գնահատելու անձնակազմի եւ դիսպետչերական ծառայության գործողությունների իսկությունը, բացահայտելու պատահարի պատճառներն ու մեղավորներին:

Լլոյդի հայտնի անգլիական ապահովագրական ընկերության նախաձեռնությամբ նման սարք է մշակվել եւ փորձարկվել նաեւ նավագնացության մեջ, որը, ի տարբերության ավիացիոն «սեւ արկղի», ավելի կատարելագործված է, եւ, բացի այդ, օգտակար է ոչ միայն վթարից հետո, այլ նաեւ նավարկության ամբողջ ընթացքում:

Նավի հիմնական 16 կարեւորագույն մասերում տեղակայված տարբեր նշանակության սարքերը գրառում են նավարկության ընթացքի հետ կապված ամբողջ իրադրությունը, ինչպես նաեւ ուժային շարժիչների, ղեկասարքերի, թիապտուտակների եւ մյուս համակարգերի աշխատանքը, ջրի մակերեւույթի նկատմամբ նավի ունեցած դիրքը, ուղղությունը, արագությունը, դռների, անջրանցիկ միջնորմների հերմետիկությունը եւ այլն… Ընդունող-հաղորդող բոլոր սարքերից եկող ինֆորմացիան զուգահեռաբար մուտք է գործում կառավարման խցիկում տեղակայված էՀՄ: Համակարգչի եւ հաղորդիչ սարքերի հետ «սեւ արկղի» կապի մալուխային լարերի ընդհանուր երկարությունն անցնում է մեկ կիլոմետրից:

Հրդեհի կամ նավի խորտակման դեպքում գրանցելով պատահարի վայրի կոորդինատները՝ «սեւ արկղը», որն ընդունակ է 40 օր ինքնուրույն աշխատել, ավտոմատ, կատապուլտով դուրս է նետվում նավակողից եւ սկսում ռադիոազդանշաններ ուղարկել՝ հեշտացնելով որոնողական աշխատանքները: Իր ձեւով եւ գույնով ծովային «սեւ արկղը» ևս չի համապատասխանում իր իսկ անվանը:

Այժմ արդեն, հաշվի առնելով խիտ եւ վտանգաշատ երթեւեկությունը, «սեւ արկղեր» են տեղադրվում նաեւ ավտոմեքենաների եւ անգամ հեծանիվների վրա:

Ժամանակի ընթացքում, տեխնիկական առաջընթացին զուգահեռ, սեւ արկղը դարձել է ավելի հավաք, թեթեւ, ավելի ամուր, բայցեւ, ցանկալի է, որ նրա անհրաժեշտությունը հնարավորինս քիչ լինի:

Պատ.՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Ռազմական


27/11/2014