Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ



Արսենը մեր միակ արու զավակն է: Արդեն մեկ տարի է՝ ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում, որի հրամանատարն է գնդապետ Ա. Աղաջանյանը: Բոլորովին վերջերս մեր որդին ստացել է սերժանտի կոչում: Մենք էլ՝ ես ու ամուսինս, որոշել ենք այցելել զորամաս, տեսակցել նրան: Շատ տպավորված ենք. հրաշալի, չնաշխարհիկ, աստվածային բնությամբ շրջապատված վայր է: Այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվորականից ջերմություն ու հոգատարություն է հորդում, այստեղ ծառայող սպան եւ զինվորն ամրակուռ մի միասնություն են, որի առանցքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքն է ու վստահությունը:

Ես ավագ ենթասպա եմ, զորամասի գաղտնի մասի պետ, ամուսինս՝ Արթուր Վարդանյանը, պահեստազորի մայոր է, 1992 – 2012 թթ. ծառայել է զինված ուժերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, ուստի, անհնար է, որ հատկապես մեր աչքից որեւէ թերացում կամ բացթողում վրիպեր:

Կարծում եմ՝ ծնողը զորամասի մասին կարծիք է կազմում նաեւ իր որդու ժպտացող հայացքով, բարձր տրամադրությամբ, անկաշկանդվածությամբ… Որդիս անչափ գոհ էր իր ծառայության պայմաններից. թե՛ սննդից ու վերաբերմունքից, թե՛ ընկերներից ու մթնոլորտից եւ թե՛ կարգուկանոնից, դա մեզ շատ ուրախացրեց ե՛ւ որպես ծնողի, ե՛ւ որպես զինվորականի: Հիմա ավելի հանգիստ ենք, ավելի վստահ, որ ծառայության նման պայմաններում, նման հոգատար սպայակազմի հրամանատարությամբ մեր որդին եւ նրա զինվոր ընկերները իրենց չեն խնայի, կլինեն պարտաճանաչ, ջանասեր և ամեն ինչ կանեն իրենց բանակին, հայրենիքին արժանի զինվոր լինելու համար:

Հպարտանում ենք քեզնով, մեր զինվո՛ր տղա, հպարտանում ենք ձեզնով, հա՛յ զինվորներ:

ԼԱԼԱ ԷԼՅԱԶՅԱՆ
ենթասպա

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ


13/11/2014