Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ՀԵՐՈՍԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Ռուբիկ Բաղդասարյանը դարձավ 50 տարեկան: Իսկ երբ զոհվեց՝ 28 էր: Արդեն 22 տարի նրա հոգին սավառնում է հավերժության սահմաններում: Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է հերոսը, հետո սովորեցին իր որդիները՝ Անդրանիկն ու Գրիգորը, և այնտեղ Մեսրոպյան այբուբենը կթոթովեն իր թոռները՝ Ռուբիկը, Ռուբենը, Գոռը՝ կոչվում է հերոսի՝ Ռուբիկ Բաղդասարյանի անունով:

Ծանոթանալով Ռուբիկի մարտական կենսագրությանը, նորից ու նոր համոզվում ես, որ հայրենիքի համար դժվարին, օրհասական պահերին քաջերն են գտնում «ելքն ու ճարը»:

Գառնիկ և Արև Բաղդասարյանները 7 զավակ են լույս աշխարհ բերել՝ վեց եղբայր, մեկ քույր: Եղբայրներից Ռուբիկն ու Էդիկը դարձան ազատագրական պայքարի մարտիկներ: Ռուբիկի զոհվելուց հետո եղբայրը շարունակեց նրա գործը, մարտնչեց հայրենի սահմաններին, հետո ծառայության անցավ նորաստեղծ հայոց բանակում:

Հերոսին նվիրված միջոցառումն անցավ կարոտի և ոգեշունչ ռազմահայրենասիրական մթնոլորտում: Զովունիի գյուղապետ Ս .Ավետիսյանի, դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանի, զինղեկ, ավագ լեյտենանտ Ա. Հովհաննիսյանի ջերմ ելույթներից հետո դպրոցի սաները մրցեցին սպորտային տարբեր մարզաձևերից` «Այսպես են եղել մեր հերոսները ՝ առողջ մարմնում, առողջ հոգի» նշանաբանով: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ս. Սողոմոնյանը պատվոգրեր հանձնեց հաղթողներին: Զինկոմիսարիատի, ինչպես նաև զորամասի հրամանատարության կողմից դպրոցը պարգևատրվեց պատվոգրով՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար: Պատվոգիրը դպրոցի տնօրինությանը հանձնեց Ռուբիկ Բաղդասարյանի եղբայրը` փոխգնդապետ Էդիկ Բաղդասարյանը:

ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ