Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է



Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանային լարվածության հիմնական թատերաբեմերից մեկը գնդապետ Էդվարդ Ասրիյանի հրամանատարությամբ գործող պաշտպանական շրջանն էր: Թվում է՝ տարիներ շարունակ հակառակորդը հենց այս ուղղությամբ է ամենաշատը խախտում հրադադարի պահպանման մասին եղած պայմանավորվածությունները, կրակում, փորձում խափանարար գործողություններ իրականացնել և հենց այստեղ է ամենաշատ զոհերը տալիս, ջարդվում: Խոստովանեմ՝ պաշտպանական շրջան իմ նախորդ այցի ժամանակ, երբ տեսա, որ հրամանատարությունը գնդապետ Է. Ասրիյանն է ընդունել, մտածեցի՝ կադրային ճիշտ որոշում է կայացվել, և դրական արդյունքները շուտով կերևան, որովհետև զորավարժություններից մեկի ժամանակ ես տպավորվել էի հենց նրա հրամանատարական ընդունակություններով, մասնագիտական հարուստ գիտելիքներով, պարզությամբ ու որոշումներ ընդունելու վճռականությամբ: Գնդապետն ու իր հրամանատարությամբ ծառայող զինվորները պետք է սահմանում իրենց խոսքն ասեին: Եվ եղավ 2014թ. ամռան «կայծակնային պատերազմը», որը պարզորոշ ցույց տվեց՝ լայնածավալ մարտական գործողությունների դեպքում Ադրբեջանը կրկին պարտվելու է: Պարզապես մեր ժողովրդի էությունը ժամանակի ընթացքում չի փոխվում, ինչպես մեր էպոսի հերոսն է համբերության բաժակը լցվելուց հետո միայնակ դուրս գալիս կռվի, այնպես էլ այսօրվա մեր զինվորներն են. կհամբերեն, կհամբերեն ու մի օր էլ վեր կկենան ու կպատժեն: Ուղղակի ադրբեջանցի զինվորներն իրենց ղեկավարների համար արժեք չեն ներկայացնում: Նրանց միշտ հրամայում են կրակել ու առաջ գնալ:

Վերջիններս էլ գալիս են ու ջարդվում: Ճիշտ է` հստակ տեղեկություններ կան, որ ադրբեջանցիներն առաջնագիծ են բերում ու դիվերսիաների են ուղարկում հիմնականում իրենց երկրի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին՝ թալիշներին, լեզգիներին…, բայց մեր զինվորն ի՞նչ իմանա, թե իր վրա կրակողն ով է:

Առաջնագծի այն հատվածը, դեպի ուր մեզ ուղեկցեցին, պահպանում էին փոխգնդապետ Ա. Հայրիյանի գումարտակի ստորաբաժանումները: Վաշտի հրամանատարական կետի մոտ մեզ միացավ կապիտան Արթուր Սարիբեկյանը: Շուրջբոլորը կանաչ դաշտեր են: Կարճատև անձրևներից հետո խոտն աճել է ինչպես գարնանը: Գաղտնիք չէ՝ թշնամու աչքը մեր բերրի հողերի վրա է, չեն բավարարվում բռնազավթած քսանհինգ գյուղերի տարածքներով՝ անընդհատ կրակում են:

Երբ մոտեցանք հենակետին, վերջինիս պատասխանատու, լեյտենանտ Հայկ Ասրիյանը զեկուցեց սահմանում տիրող իրավիճակի և մարտական հերթապահության ընթացքի մասին, հետո ներկայացրեց զինվորներին՝ դիրքի ավագի օգնական, սերժանտ Վահե Մկրտչյանին, հրաձիգ նռնականետորդ, շարքային Լևոն Քալանթարյանին, հրաձիգներ՝ Նվեր Գևորգյանին, Նարեկ Հակոբյանին, Վահե Նազարյանին, Հրաչ Գալստյանին եւ մյուսներին: Արթուն հերթափոխը շարքային Մարտուն Ճաղարյանն էր, դիտարկումներն իրականացնում էին կրտսեր սերժանտ Գոռ Մարտիրոսյանը և շարքային Արսեն Մանուկյանը:

-Ձեր օջախում մեր ոտքը խերով լինի,- ասացինք զինվորներին:

-Բարով եկաք, պատրաստ ենք ծառայելու,- պատասխանեց սերժանտ Վահե Մկրտչյանը:

Կապիտան Ա. Սարիբեկյանը մեզ և հանգստացող զինվորներին հրավիրեց գետնատնակ: Տարիների սովորույթով հընթացս զննեցի ճաշարանը, սննդամթերքի պահարանը, զինապահարանը, փաստատախտակին առկա հրամաններն ու հրահանգները, եղած գրքերը, թերթերի վերջին համարները: Վառարանում կրակ կար, և անակնկալ ցրտերի պատճառով վառարանի տաքությունը չափազանց դուրեկան էր: Տղաները ցույց տվեցին փայտանյութից պատրաստված բրիկետները, որոնք արտադրվում են տնական վառարանների համար:

Նախ խոսեցինք օրվա իրավիճակից:

-Իհարկե, հիմա չեն կրակում այնքան, ինչպես հինգ-վեց ամիս առաջ էր, բայց, էլի կրակում են, ոնց որ պլան կատարելու առաջադրանք ունենան:

-Պատասխանո՞ւմ եք:

-Երբ զզվացնում են: Եթե պետք լինի նաև նպատակային կկրակենք:

-Դու որտե՞ղ ես սովորել,- հարցրի զրուցակցիս՝ սերժանտ Վահե Մկրտչյանին:

-Դպրոցն ավարտելուց հետո գնացել եմ Երևան ու սովորել ճարտարագիտական համալսարանում:

Անցանք հուլիս-օգոստոսյան դեպքերին:

-Գրեթե պատերազմական իրավիճակ էր, իրենք դիվերսիոն գործողությունների փորձեր կատարեցին ու ձախողվեցին, պատժվեցին, մենք ցույց տվեցինք, որ դրության տերը մենք ենք: Բոլոր դիրքերում համալրումներ եղան, եկան երկրապահները, պետական պաշտոնյաները, տարբեր մարդիկ… Ու այդ ամենը շատ անկեղծ էր,- ներկայացրեց վաշտի հրամանատարը:

-Հիմա՞ էլ են գալիս, աջակցում:

-Այժմ դրա կարիքը չկա:

-Իմացանք, որ վաշտը լավագույններից մեկն է զորամասում,- դիմում եմ կապիտանին:

-Ստորաբաժանումների մարտունակության գնահատականը հրամանատարությունն է տալիս, մեր ցուցանիշները, իրոք, բարձր են: Ինձ համար շատ կարևոր է զինվորների բարոյահոգեբանական վիճակը, և կարող եմ վստահեցնել, որ այն շատ բարձր է, մանավանդ՝ պատերազմական իրավիճակից հետո:

Որոշում ենք բարձրանալ դիտակետեր, զրուցել դիտորդներ Գոռի և Արսենի հետ:

-Ձեզ համապատասխան հանդերձանք է պետք,- ասաց սերժանտ Վ. Մկրտչյանը և ցույց տվեց զրահաբաճկոններն ու սաղավարտները:

-Ինչպես կհրամայե՛ք, -ասացի սերժանտին, որից հետո զինվորների օգնությամբ հագա զրահաբաճկոնն ու դրեցի սաղավարտը: Նույնը կատարեց նաև լուսանկարիչ Արեգ Վարդանյանը: Նա նայելով ինձ՝ ասաց.

-Տեսքդ հրաշալի է:

-Դու էլ իսկական զինվորի նմանվեցիր:

Դիտորդները նույնպես զեկուցեցին իրավիճակի մասին: Նրանք զգուշորեն ցույց տվեցին հակառակորդի հենակետը, պաշտպանական շղթան:

-Առջևում ի՞նչ բնակավայրեր կան,- հարցնում եմ Գոռին:

-Մեր գյուղերն են՝ շրջանի 25 գյուղերը, որոնք թշնամին բռնազավթել է, և մենք պիտի ազատագրենք,- ասաց ու նայեց ինձ. տեսնելով, որ ես ոչինչ չեմ ասում, շարունակեց,- պարո՛ն փոխգնդապետ, մենք ապրելու համար շատ հողեր չունենք, որ այդ տարածքները թողնենք նրանց, վերադարձնելու ենք, Շահումյանի շրջանն ու կողքի գյուղերն էլ, իսկ մեր Գանձայի, Բանանցի, Չարդախլուի պատմական մյուս տարածքները վերադարձնելու մասին նույնպես չպետք է մոռանանք, մեր նախնիների ստեղծածը չպետք է մեր թշնամին վայելի:

Ամուր գրկելով զինվորին՝ նրան բարի ծառայություն եմ մաղթում ու իջնում գետնատնակ:

Քիչ անց շարժվեցինք դեպի հաջորդ հենակետը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ


13/11/2014