Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ...
ԻՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ…

Մեր և հակառակորդի դիրքերի միջև հեռավորությունը 500-700 մ է, ինչը վկայում է, որ շփման գծի այս հատվածը այնքան էլ անվտանգ չէ: Այստեղ մարտական հերթապահություն են իրականացնում կապիտան Սարգիս Ղազարյանի hրամանատարությամբ գործող վաշտի ստորաբաժանումները: Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Նիկոլայ Համբարձումյանը հրամանատարի տեղակալին զեկուցում է, որ ջոկը մարտական հերթապահություն է իրականացնում ըստ սահմանված գրաֆիկի, և հակառակորդի կողմից հրադադարի խախտում չի արձանագրվել: Այս խոսքերը ամեն անգամ լսելիս մի տեսակ ներքուստ խաղաղվում եմ, հանգիստ շունչ եմ քաշում: Մտածում եմ. «Ինչ լավ է, որ ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ»: Եվ փորձում եմ մտքիցս վանել հուլիս-օգոստոսյան դժվարին օրերը, բայց, մեկ է, չեմ կարողանում…

-Տա Աստված, ամեն բացվող օր խաղաղ լինի,- զեկուցումն ընդունելուց հետո բարձրաձայն ասաց հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գրիգոր Գրիգորյանը և մոտենալով գետնատնակի մոտ շարված զինվորներին՝ մեկ առ մեկ ողջունեց նրանց: «Փաստորեն, մտածում եմ, ես, մենք բոլորս, դեռ երկար ենք հիշելու այդ ծանր և պատասխանատու օրերը, որոնք զգոնության դասեր եղան մեզ համար»:

Ծնունդով արծվաշենցի է վաշտի հրամանատար Սարգիս Ղազարյանը: 2005 թվականին, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նա ցանկություն է հայտնել ծառայելու սահմանամերձ զորամասում: Ճակատագիրը նրան բաժին է հանում հայրենիքի հյուսիսարևելյան սահմանի այս դժվարին հատվածը: Համարյա տասը տարի կանգնած է սահմանին: Առաջին հայացքից երիտասարդ սպայի «աղքատիկ» թվացող կենսագրության ծալքերում բազում դժվարություններ են թաքնված: Բայց Սարգիսը գերադասում է առհասարակ դրանց մասին չխոսել, քանզի գիտակցում է, որ սպային ծառայության ողջ ընթացքում միշտ էլ ընկերակցում և ուղեկցում են դժվարությունները, կարևորը` դրանք արժանապատվորեն հաղթահարելն է:

Զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Մինասյանը, որպես ամենից կարևոր իրողություն, խոսեց առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորների կացարանային պայմանները բարելավելու մասին: Ճիշտն ասած՝ ես այդ հեռավոր սահմանային դիրքերն էի հասել հենց մարտական հերթապահություն կատարող զինվորների կեցության պայմանների, նրանց անվտանգությունն ապահովող ինժեներաամրաշինական աշխատանքները լուսաբանելու համար:

Վաշտի հրամանատարի ուղեկցությամբ շարժվում ենք առաջնագիծ: Անզեն աչքով էլ տեսանելի էին կատարված մեծ ծավալի ինժեներական-ամրաշինական աշխատանքները` ժամանակի և իրավիճակի հրամայականով կառուցված ամուր և հուսալի հենակետեր, խրամուղիներ ու խրամաբջիջներ, եռաշարք փշալարային արգելափակոցներ, հենակետեր ու դիտակետեր: Շատ քիչ բան է մնում կատարվածն ամբողջացնելու համար: Մեր այցելած հենակետում գետնատնակի կառուցումը ավարտական փուլում էր. մնացել էին ներքին հարդարման աշխատանքները:

Հենակետերից մեկում հանդիպեցինք դիտորդ, շարքային Էդուարդ Կաչակին: Ընդգծված սլավոնական խոսվածքով զինվորը նախ զեկուցեց իրադրությունը, ապա վաշտի հրամանատարի՝ «Զեկուցի՛ր դիտորդի պարտականությունները» հարցին, տվեց սպառիչ պատասխան:

-Երկու ամսից կզորացրվեմ,- ասաց զինվորը:- Կգնամ ու կշարունակեմ ուսումս Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

Հաջորդ խրամաբջիջում մեզ դիմավորեց շարքային Ավետիս Օսիպյանը, որն իր զինակցից ոչ պակաս վարժ ու սահուն ներկայացրեց իրադրությունն ու դիտորդի իր պարտականությունները:

Զինվորի ինքնագոհ պահվածքը, առույգ տեսքը ակամայից ինձ ստիպեց հետաքրքրվել. «Ճաշին ի՞նչ ես կերել»:

-Նախաճաշին` պանիր, ձու, հնդկաձավարով փլավ, թեյ, իսկ ճաշին` մակարոնով ապուր, համեմունքներով մսի պահածո, գազարով ռագու, խմել եմ տեղական արտադրության մորու հյութ…,- հարցիս պատասխանեց անգիր արածի նման: Ապա, կռահելով հարցիս ենթատեքստը, ավելացրեց. «Սննդից գոհ ենք, պարոն մայոր, ասածներիս մեջ չափազանցություն չկա»: Հետո էլ կատակեց` «Տեսքիցս չի երևո՞ւմ»:

Ակամա հիշեցի ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ն. Յոլչյանի հետ իմ հարցազրույցից մի պատառիկ: Ուզում եմ մեջբերել արդեն տպագրված հոդվածի այդ հատվածը. «Ամեն տարի, պլանավորումն իրականացնելիս, մենք ձգտում ենք ավելացնել զինծառայողին տրվող սննդամթերքի չափաբաժինը` հասցնելով այն աստիճանին և պահանջներին, ինչն անհրաժեշտ է առողջ և ֆիզիկապես զարգացող երիտասարդի համար` հաշվի առնելով նաև այն ծանրաբեռնվածությունը, որը զինվորը կրում է ծառայության ընթացքում` ներառյալ մարտական հերթապահությունը: Զինվորներին հատկացվող սնունդը թե՛ որակական առումով, թե՛ չափաբաժինների նորմավորման տեսանկյունից բարձր են գնահատել նաև անկախ մասնագետները»:

Երբ դիրքերից ցած իջանք, մտքովս անցավ աչքի անցկացնել հենակետում պահվող սննդի պահարանը: Առանց չափազանցության` ինձ զարմացրեց սննդամթերքի բազմազանությունը` հաց, ձու, սմբուկի խավիար, վարունգի թթու, մորու օշարակ` վրան մակագրված՝ վաճառքի ենթակա չէ, արևածաղկի ձեթ, խոզի մսից պատրաստված կիսաապխտած երշիկ, տարբեր տեսակի նպարեղեն՝ վերմիշել ու մակարոն, հնդկաձավար, խոզի մսով պահածոյացված ցորենաձավարի շիլա` վրան նույնպես մակագրված` վաճառքի ենթակա չէ, մսաբանջարեղենային ռագու, մսով ոլոռախյուս, որը նույնպես վաճառքի ենթակա չէ, կարագ, նոր փաթեթավորմամբ հալած պանիր, տարբեր թխվածքաբլիթներ, վերմիշել բեկոնի ու պանրի համով` արագ պատրաստման համար…

Այսպես մանրամասն թվարկելով՝ միտքս է գալիս՝ շարքային Օսիպյանի «զեկույցը»` «Նախաճաշին` պանիր, ձու, հնդկաձավարով փլավ, թեյ, իսկ ճաշին` մակարոնով ապուր, համեմունքներով մսի պահածո, գազարով ռագու: Խմել եմ տեղական արտադրության մորու հյութ…»: Հիշում եմ և անկեղծորեն հրճվում:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր