Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕՐԲԵԼՅԱՆ, ԲԱՅՑ ՀԱՄԵՍՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ
ՕՐԲԵԼՅԱՆ, ԲԱՅՑ ՀԱՄԵՍՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿ

Բուժկետ եմ գնում՝ ավագ լեյտենանտ Գենադի Օրբելյանի հետ ծանոթանալու: Զորամասի հրամանատարը՝ գնդապետ Ս. Սարգսյանը, բարի խոսքերով էր նրան բնութագրել. «Դիրքապահ զորամասի մարտունակության գրավականներից մեկն էլ կրթված, հոգատար, ուշադիր բժիշկն է, ինչպիսին, օրինակ՝ մեր Օրբելյանն է: Երկու տարի է՝ մեր զորամասում է, և, փառք Աստծո, մահվան դեպք չենք ունեցել… Չգիտեմ՝ ուրիշ ինչպե՞ս բնութագրեմ մեր բժշկին»:

Բժշկի աշխատասենյակում եմ: Սպասում եմ: Նա զննում է զինվորին, կատակում է: Հասկանում եմ՝ կատակը հիվանդի տրամադրությունը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցն է: Քիչ անց բժիշկը հաստատում է իմ միտքը. «Ես ուզում եմ, որ իմ աշխատասենյակից դուրս եկող ամեն զինվոր առույգ եւ աշխույժ զգա իրեն: Զինվորն ապավինում է իմ օգնությանը, վստահում է ինձ, իմ գիտելիքներին, ես էլ պիտի նրան հուսախաբ չանեմ. սա իմ աշխատանքային սկզբունքն է»:

Զրուցում ենք: Ընդամենը 26 տարեկան է, ծնվել եւ մեծացել է Ստեփանակերտում, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Դժվարանում է պատասխանել՝ ինչո՝ւ է ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը. «Չգիտեմ… Տանը բժիշկներ չունենք, ես առաջինն եմ… Պատերազմի տարիներին փոքր էի, աղոտ եմ հիշում այդ օրերը, բայց բակի բոլոր տղաներս որոշել էինք՝ մեծանանք, զինվորական ենք դառնալու…»: Եվ վստահեցնում է, որ իր որոշման համար չի ափսոսում՝ թեեւ ազատ ժամանակ գրեթե չի ունենում, իսկ տնեցիներին ամիսը մեկ կամ երկու անգամ է տեսակցում: Սիրում է սպորտով զբաղվել, լեզուներ սովորել, բայց… չի հասցնում: Կարևորը` հասցնում է իր գործն անել. «Եթե հիվանդի կողքին լինելը պարտականությունդ չես համարում, եթե նրան առողջ տեսնելը քեզ չի ուրախացնում, ուրեմն՝ դու բժիշկ կոչվելու իրավունք չունես»:

Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, որ նա ամեն ինչից գոհ է կամ մտահոգություն չունի. «Այսօր ռազմական բժշկին գնահատելու խնդիր կա: Ես վերաբերմունքի տարբերություն եմ զգում քաղաքացիական եւ ռազմական բժիշկների միջեւ. մեզ թերահավատորեն են մոտենում, թերագնահատում են: Բայց ինչո՞ւ: Իրականում՝ ռազմական բժիշկը՝ երիտասարդ մասնագետ, մի ամբողջ զորամասի առողջության երաշխավորն է… Սրանից էլ բարդ, պատասխանատու գո՞րծ: Աշխատանքը ծանրաբեռնված է, պահանջները՝ շատ, պատասխանատվությունը՝ ահռելի… Շփման գծում լարվածության դեպքում էլ այդ ամենը տասնապատկվում է…»:

Եվ ես հրամանատարի խոսքերն եմ վերհիշում. «Հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանում լարված էր, անընդհատ դիրքերում էր: Նրա արագ կողմնորոշվելու, մասնագիտական բարձր որակների շնորհիվ քանի՜-քանի՜ կյանք է փրկվել…»: Բժիշկը, սակայն, իր արածի մասին նախընտրում է լռել. բժիշկը նախընտրում է իր արածից չխոսել: «Կա՛մ դու բժիշկ ես, կա՛մ՝ չես. միջին վիճակ չի լինում: Կիսատ-պռատ բժիշկ չպետք է լինես, քանի որ մարդկանց կյանքի հետ գործ ունես: Զինվորը մեր երկրի հարստությունն է, գերագույն արժեքը. նա իր կյանքը չի խնայում հանուն հայրենիքի… Գիտեք՝ երբ հակառակորդը ներթափանցման փորձ էր ձեռնարկել, մեր վիրավոր զինվորները հրաժարվում էին բուժօգնությունից, չէին ուզում զենքը վայր դնել, ես ուղղակի ապշել էի… Ինչպես կարող եմ ես նրանց առողջությանը, կյանքին «մատների արանքով» նայել… Ամուր եւ ուժեղ զինվորը մեր բանակի հպարտությունն է, ուստի թե՛ սնունդը, թե՛ ծառայության պայմանները, թե՛ մարդկային վերաբերմունքը պետք է նպաստեն այդ ուժը կրկնապատկելուն…»:

Հ. Գ. Վերադառնում եմ: Մի զինվորական ձեռքը պարզելով` ավտոբուսն է կանգնեցնում: Նայում եմ` բժիշկ Օրբելյանն է. արձակուրդ գնացող զինվորներին տուն է ճանապարհում: Բոլորին հերթով ամուր գրկում է, հրաժեշտ տալիս: Մտածում եմ՝ «Բժիշկը, լավ մասնագետ լինելուց բացի, պետք է նաև լավ մարդ լինի` Օրբելյանի պես»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ