Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՀ ԶՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ



ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 21.12.2000թ որոշմամբ՝ կազմավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի չափագիտական ծառայությունների կոորդինացիոն կոմիտե: Կոորդինացիոն կոմիտեի նոր կանոնադրությունը հաստատելուց հետո որոշում ընդունվեց նիստերը հերթականությամբ, այբբենական կարգով անցկացնել ԱՊՀ մասնակից երկրներում:

Այս տարվա պլանի համաձայն՝ մասնակից պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների պետերի անդրանիկ արտագնա նիստը անցկացվեց Երևանում: Հոկտեմբերի 22-23-ը համադրման կոմիտեի նիստին և հավաքներին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համապատասխան մասնագետները և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Աշխատանքների օրակարգում բազմաթիվ հարցեր էին: Մասնակիցները առաջնահերթ քննարկեցին մինչև 2020թ. ԱՊՀ պետությունների զինված ուժերի չափագիտական ծառայությունների ապահովման կատարելագործման վերաբերյալ համատեղ ծրագրի իրականացման ընթացքը: Առաջարկներ հնչեցին ազգային զինված ուժերի, ինչպես նաև միացյալ համակարգի չափագիտական ծառայությունների կատարելագործման և զարգացման շուրջ: Անդրադարձ եղավ նաև մասնագետների պատրաստման և վերապատրաստման հետ կապված ծրագրերին: Այս և մի քանի այլ ուղղություններով աշխատանքներն ավարտելուց հետո նիստի մասնակիցներն այցելեցին Երևանի չափագիտական ազգային ինստիտուտ, ծանոթացան հայ մասնագետների աշխատանքային պայմաններին, նյութատեխնիկական բազային: Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նոր մոդելների ներդրման և փորձի փոխանակման նպատակով:

Նիստի վերջում համաձայնեցվեց քննարկումները շարունակելու և նոր հանդիպումներ կազմակերպելու ժամանակացույցը: Իսկ ՌԴ ԶՈՒ չափագիտական վարչության պետը մասնակիցներին պարգևատրեց զինված ուժերում չափագիտական ծառայության կազմավորման 70-ամյակին նվիրված հուշամեդալներով:

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ռազմական


06/11/2014