Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԶԴԻՆ Ե՛Վ ԿՐՈՆ Է, Ե՛Վ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ:
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ

Եզդիների կոտորածները Իրաքում ինձ շատ են հուզել: Որպես հայ զինվոր եւ հայ մարդ ես ուրախ եմ, որ մեր պետությունն ու մեր ժողովուրդը իր ձայնը բարձրացրել են ի պաշտպանություն մեզ բարեկամ ու մեզ հետ ապրող այդ ժողովրդի:

Հարգելի՛ խմբագրություն, խնդրում եմ պարզաբանել` քրդերն ու եզդիները նո՞ւյն ժողովուրդն են, թե՞ տարբեր: Իրարամերժ կարծիքներ եմ լսել. ո՞րն է ճիշտ:
Կրտսեր սերժանտ Մ. Բաղդասարյան

Օրերս արաբական «Ալ-Արաբիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շեյխանի էմիր, համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միր Թահսին բեգը ի լուր աշխարհի հայտարարել է, որ եզդին եւ՛ կրոն է, եւ՛ ազգություն: Նա մասնավորապես ասել է. «Իրաքը մեր պետությունն է, բայց մենք` եզդիներս, արդեն չենք կարող վերադառնալ ու ապրել մեր հարազատ վայրերում, եթե ՄԱԿ-ի հովանու ներքո եզդիների, քրիստոնյաների, շաբակների եւ այլ ազգային փոքրամասնությունների համար հատուկ տարածաշրջան չստեղծվի: Փեշմարգաների (քրդական զինյալ ուժեր) փախուստը կռվի դաշտից մեծ հարված հասցրեց Շանգալին եւ ընդհանրապես բոլոր եզդիներին: Շանգալը նրանց վերահսկողության տակ էր, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին: Այսօր ոչ ոք, այդ թվում նաեւ քրդերը, չեն կարող ներկայացնել մեր ժողովրդի շահերը, այն կարող է ներկայացնել միայն եզդի ժողովուրդը, եւ միայն նրանք կարող են իրենց պաշտպանել: Ես նրանց էմիրն եմ, եւ ես իմ ժողովրդի հետ եմ, այն ժողովրդի, որ ինքնորոշման ճանապարհը ինքը պետք է գտնի»:

Հիշեցնենք, որ Շեյխանի էմիրը ավելի վաղ, քրդական իշխանությունների ուժեղ ճնշման տակ, ստիպված է եղել հայտարարել, որ քրդերն ու եզդիները նույն ժողովուրդն են:

Նույն գործակալության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակում գործեցին եզդի կամավորական ջոկատների դիրքերի վրա` սպառնալով ոչնչացնել Շանգալի լեռներում պատսպարված 7000 եզդիների, Իրաքի Քրդստանում գտնվող եզդի փախստականները փողոց ելան` զորակցելու իրենց հայրենակիցներին եւ համաշխարհային հանրության ուշադրությունը եզդի ժողովրդի խնդիրների վրա սեւեռելու համար: Սակայն Զախո քաղաքի Կանդալ ճամբարի փախստականներին զենքով դիմավորեցին քրդական անվտանգության ուժերը` կրակ բացելով անզեն ժողովրդի վրա: Ինչին հաջորդում են նաեւ զանգվածային ձերբակալությունները:

«Իսլամական պետության» զինյալ հրոսակախմբերը ծանր զենքերից հարվածներ են հասցրել Շանգալի ինքնապաշտպանական ուժերի շտաբին եւ Շարֆադին սրբավայրին: Եզդի մարտիկները անձնազոհաբար դուրս են մղել ներխուժողներին: Մարտերի ընթացքում զոհվել է շուրջ քսան եզդի զինյալ կամավորական: Եզդի մարտիկների հրամանատարներ Կասիմը եւ Հեյդար Շեշոն հրաժարվել են սրբավայրը թողնել: Քուրդ փեշմարգաները, որ այդ ընթացքում Շանգալից հեռու չեն եղել, բոլորովին չեն միջամտել ռազմական գործողություններին:

Խորագիր՝ #43 (1061) 6.11.2014 – 12.11.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


06/11/2014