Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ
ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ

Պահեստի գնդապետ Երվանդ Հասրաթյանը խորհրդային բանակում երկար տարիներ որպես հրետանավոր ծառայելուց հետո զորացրվել, վերադարձել էր հայրենի եզերք եւ դպրոցում զինղեկի աշխատանքի էր անցել, երբ սկսվեց Արցախյան շարժումը:

1992 թվականից՝ հայկական զինուժի ստեղծման առաջին օրից, պահեստի սպան կամավոր համալրել է մեր բանակի շարքերը, 1993-2000թթ. ծառայել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրետանու վարչությունում: Բազմափորձ զինվորականը ամեն կերպ օգնում, աջակցում էր զորամասերի ձեւավորմանը, հրետանու համար կադրեր պատրաստում: Երվանդ Հասրաթյանի մարտական ուղին ձգվում է Տավուշ, Քարվաճառ, Օմար, Լաչինի միջանցք, Կոռնիձոր…

-Հիշում եմ` Շահումյանում ԲՄ-21՝ Գրադ անսարք կայանք էինք նորոգում ու նույնիսկ ամենապարզունակ գործիքները չունեինք, մետաղալարը կրակի վրա էինք տաքացնում ու զոդում: Մեծ դժվարությամբ, գրեթե 10 օր, էդ անսարք կայանքի վրա չարչարվեցինք, բայց ցավոք չհասցրինք փորձարկել. թշնամու ուղղաթիռից բաց թողնված հրթիռը վնասեց մեր նորոգած գրադի փողերն ու կարեւոր հանգույցները, դեռ լավ է՝ մենք ողջ մնացինք, բայց, դե, մուրազներս փորներումս մնաց, չկարողացանք թշնամուն մի լավ դաս տալ.. Ղազախի կողմից մերոնց շատ էին նեղում: Մեկնեցինք Տավուշ: Գյուղերում մի քանի տեղ հրանոթ կար, տեղի ժողովրդին բացատրում էինք, որ դրանց համատեղ տեղակայումը կուժեղացնի կրակի արդյունավետությունը, բայց դե մարդիկ չէին համաձայնում հրանոթները մեզ տրամադրել՝ պատճառաբանելով, թե դրանք իրենց «գյուղի պուշկեքն են»: Լավ է՝ շուտով Վազգեն Սարգսյանի ուղարկած երեք հրանոթը տեղ հասավ, ու Ղազախին հրետանային զսպիչ հարված հասցրինք… Օմարի գրավումն եմ հիշում, կես մետր ձյուն էր նստել, անտանելի ցուրտ էր, ո՛չ տաք ոտնաման ունեինք, ո՛չ հագուստ.. Ցրտահարվում էինք.. Իմ ոտքերը ցուրտը տարել էր.. Էհ, ո՞րը հիշես.. Հիմա մեկ-մեկ, երբ մտաբերում ու վերլուծում եմ անցյալը, ապշում եմ, զարմանում՝ էս ո՞նց կռվեցինք, էս ո՞նց հաղթեցինք, ախր սկզբում ո՛չ մի կարգին զենք ունեինք, ո՛չ համազգեստ, ո՛չ կարգին վառելիք կար, ո՛չ սնունդ… Հետո` ես ո՞նց հայտնվեցի այդ կռվի մեջ.. Ախր ես արդեն տարիներ առաջ հաշիվներս փակել էի զինվորական ծառայության հետ. աշխարհի կեսը ոտի տակ տալուց հետո` է՛լ Գերմանիա, է՛լ Ուկրաինա, դասակի հրամանատար, մարտկոցի հրամանատար.. Մտածում էի` էլ երբեք հրետանու հետ գործ չեմ ունենա, այն հրետանու, որին մի ամբողջ կյանք էի նվիրել.. Ի՞նչ իմանայի, որ մի օր իմ գիտելիքները, իմ տարիների չարչարանքը տարբեր զորամասերում պետք են գալու հենց իմ հայրենիքում, իմ հողում…

Ես` պահեստի սպաս, մեր ազգային բանակ ծառայության վերադարձա նորակոչիկի խանդավառությամբ.. Միանգամից հայտնվեցի կռվի, ինձ հարազատ զինվորականների, զենք ու զրահի աշխարհում.. Մինչև այդ էլ Դնեպրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծված «Սպաների միությունում» ներգրավվել էի կամավորական ջոկատներին մարտական պատրաստականություն ուսուցանողների շարքում: Արագացված դասընթացներով պատրաստում էինք մարտկոցներ, որոնք տեղաբաշխվում էին սահմանագոտու հանձնարարված հատվածներում:

1992թ հոկտեմբերին ռազմաճակատի ամբողջ երկայնքով արդեն հրթիռահրետանային հզոր կրակային վահան կար: Այդ տարիներն իմ զինվորական երկար ծառայության թերևս լավագույն տարիներն են. ես պետք էի իմ ժողովրդին. կա՞ դրանից ավելի մեծ ուրախություն հին զինվորականի համար.. Ու թե հանկարծ մի օր ինձ հարցնեն, եթե նորից ծնվեիր, կուզենայի՞ր նույն կյանքով ապրել.. Ես երկու ձեռքս կբարձրացնեի` այո՛, ես պատվով, հպարտությամբ եմ կրել զինվորականի իմ ուսադիրներն ու կարող եմ միայն ու միայն հպարտանալ դրանցով…

-Այսօր, փառք Աստծո, կայացած հզոր բանակ ունենք, ու այն օրերի անվերջ թվացող դժվարությունները դարձել են սոսկ հիշողություններ,- շարունակում է Երվանդ Հասրաթյանը:- Ես կարոտում եմ իմ գործը: Երբ մասնակցում եմ հրետանային զորամասերի եւ ստորաբաժանումների համատեղ կամ առանձին զորավարժությունների, սիրտս ծուլ է լինում ուրախությունից՝ մեր հրետանին ոչնչով չի տարբերվում թե՛ հագեցվածությամբ, թե՛ նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով:

Իսկ այն տարիներին ընդամենը հակակարկտային կայանքներ էին, ինքնաշեն ականանետներ: Ձեռքներիս տակ մի քարտեզ էր, աշակերտական քանոն, տետր ու սրած մատիտներ` սապոգների մեջ խրած…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ