Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ՉԾԱՌԱՅԵՄ, ԴՈՒ ՉԾԱՌԱՅԵՍ...
ԵՍ ՉԾԱՌԱՅԵՄ, ԴՈՒ ՉԾԱՌԱՅԵՍ…

Ղուկասյան Գարիկին քայլքից ճանաչեցի: Քայլում է մի քիչ ճոճվելով, ձեռքերը տարուբերում է հանգիստ, ասես աշխարհում ամեն ինչ իրենն է, ասես աշխարհում ոչ մի բանից զգուշանալու և վախենալու հարկ չկա: Լինի զինվորական, թե քաղաքացիական համազգեստի մեջ՝ միևնույնն է: Ասում են՝ մարդը բնավորության հետ նաև քայլքն է փոխում, բայց ես համաձայն չեմ: Ասենք` երեք ամսվա զինվորությունն ի՞նչ է, որ մարդու բնավորություն փոխի: Երեք ամսվա բանակային կյանքը մարդու բնավորության վրա անպայման կազդի, բայց փոխել՝ դժվար թե…

Ինքն ինձ հետ և՛ համաձայն է, և՛ ոչ:

-Ինչ էլ լինի՝ փոխվում ես,- ասում է:

-Դեպի վա՞տը,- փորձելու համար եմ ասում:

-Չէ՛, դեպի լավը: Ավելի եմ լրջացել, ավելի պատասխանատու եմ դարձել:

Այս տարի ավարտել է դպրոցը, ընդունելության քննություններ է հանձնել, ընդունվել ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետ ու բանակ է զորակոչվել:

-Ուսանողության դեպքում էլ է այդպես,- ասում է ընկերը՝ Սարգիսը,- ուզես-չուզես՝ լրջանում ես: Համալսարանն արդեն դպրոց չէ, պիտի պատասխանատու լինես արարքներիդ ու ասածներիդ համար:

-Դե, դա քաղաքացիական կյանքում, իսկ բանակը…,- խոսքն առկախում է Գարիկը:

-Բանակն ի՞նչ,- փորփրում եմ ես:

-Բանակի մասին մինչև զորակոչվելս շատ ու շատ բաներ էի լսել: Ոմանք լավ էին խոսում, մյուսները՝ վատ, երրորդները…, բայց ես իմ համոզմունքն ունեմ հիմա:

-Ի՞նչ համոզմունք:

-Բանակում ամեն ինչ ասես խոշորացույցի տակ լինի. և՛ վախկոտությունը, և՛ ժլատությունը, և՛ բացսիրտ բարությունը… Մի խոսքով, ամեն ինչ ավելի ցայտուն է երևում: Քաղաքացիական կյանքում շատ բաներ կարող ես թաքցնել, բայց այնտեղ…

-Այնտեղ հնարավոր չէ՞,- միջամտում է Սարգիսը, որ այս տարի ընդունվել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը և դեռևս չի զորակոչվել:

-Այնտեղ էլ է հնարավոր, բայց քիչ:

-Ասում ես՝ բանակը շա՞տ բաներ է փոխում մարդու մեջ,- խոսակցությունը դեպի նախկին հունն եմ ուղղում ես:

-Հա, իհարկե,- ժպտում է,- գիտեք, որ նախքան զորակոչվելս սիրում էի առավոտները քնել: Իսկ հիմա…

Հենց վերկացի հրամանը հնչում է, ուզես-չուզես՝ վեր ես թռչում: Ճաշարանի և մյուս հարցերում էլ է այդպես: Չես ուտի՝ մի՛ կեր, քեզ խնդրող չի լինի: Այնքան քաղցած մնա, որ իմանաս,- ծիծաղում է լիասիրտ:

-Իսկի ձեռքդ զենք վերցրե՞լ ես,- հարցնում եմ մի քիչ շահագրգռելով, ինչպես երեխային կհարցնեն:

-Հա, իհարկե,- ժպտում է:

-Ով գիտե՝ տասը գնդակ ես արձակել, ու տասն էլ չեն խոցել թիրախը,- իմ կատակը Սարգիսն է շարունակում;

-Զիվոր կդառնաս՝ կիմանաս,- Սարգսի կատակին կատակով պատասխանում է նա ու նորից լրջանում:

-Իսկ դի՞րք: Հենակետ գնացե՞լ ես:

-Չէ, դեռևս չեմ գնացել, բայց գնալու եմ:

-Չե՞ս վախենում: Ինչքան չլինի՝ առաջնագիծ է:

-Չէ, ի՞նչ վախենալ: Կամ՝ ինչի՞ վախենամ, թող թուրքի մերը վախենա, ես ի՞նչ եմ անում: Կամ, ավելի ճիշտ, ի՞նչ վատ բան եմ անում, որ վախենամ: Ես իմ հայրենիքը, իմ հարազատներին եմ պաշտպանում:

-Բա դո՞ւ,- ժպտում եմ ես:

-Ես ի՞նչ անեմ, որ անվճար եմ ընդունվել,- արդարանում է նա:

-Որ ճիշտն ասեմ՝ ես էլ կուզենայի մի քիչ սովորել, նոր զորակոչվել բանակ,- վրա է բերում Գարիկը,- բայց, մյուս կողմից էլ, կարող է ավելի լավ է, երբ քո պարտքը տալիս ես ու վերադառնում, հանգիստ խղճով շարունակում ես ուսումդ: Չնայած…

-Ի՞նչ:

-Չնայած՝ լավ կլիներ, եթե լարվածություն չլիներ, ու ծառայության ժամկետը ոչ թե երկու, այլ մի տարի լիներ: Գուցե ապագայում այդպես լինի, բայց հիմա այսպես է, ու ես աշխատում եմ այնպես ծառայել, որ ծնողներս չմտածեն իմ մասին…

-Իսկ ընկերությու՞ն: Բանակում ընկերություն կա՞:

-Ինչ խոսք՝ կա՛, բայց ես մի քիչ դժվարությամբ եմ ընկերներ ձեռք բերում: Ես դեռևս իմ քաղաքացիական ընկերների հետ եմ ավելի շատ շփվում, չնայած՝ բանակում էլ կա իսկական ընկերություն: Նեղության ընկերություն, զենքի ընկերություն, իրար հետ հաց կիսելու ընկերություն: Կա, ինչպե՞ս չէ:

-Մի խոսքով…

-Մի խոսքով, բանակը տղամարդու համար է: Ես չեմ ասում, թե նա, ով բանակ չի գնացել, տղամարդ չի դառնում, ես չեմ ասում, թե միայն բանակ գնալով են պատասխանատու դառնում և ինքնուրույնություն ձեռք բերում, բայց ասում եմ, որ բանակն ավելի շուտ է հասունացնում:

-Ինձ բժշկական ստուգման են կանչել,- խոսակցության թեման փոխում է Սարգիսը,- բայց անվճար եմ սովորում,- անընդհատ կրկնում է արդարանալով, ասես մեղավոր է, կարծես ինքը վատ բան է արել, ու իրեն չեն զորակոչել:

-Վախենում ես՝ հերթդ չգա՞. սպասի՛ր, դու էլ կգնաս,- ասում եմ ես ու նորից դիմում եմ Գարիկին:

-Իսկ հրամանատարնե՞րը:

-Հրամանատարներն՝ ի՞նչ,- չի հասկանում նա:

-Լա՞վ են վերաբերվում:

-Խիստ են, բայց հիմնականում՝ արդարացի: Դե, ի՞նչ ասեմ, եթե քեզ վրա դրված պարտականությունները լավ ես կատարում, եթե քեզ կարգին զինվորի պես ես պահում, հրամանատարն էլ իրեն հրամանատարի պես է պահում, հարգում է քո մարդկային արժանապատվությունը… Մի խոսքով, էլի ամեն ինչ քեզնից է կախված, ու շատ բաներ քո ձեռքում են:

… Երկար ենք զրուցում: Հետո հանկարծ հիշում եմ, որ Գարիկն ընդամենը մի քանի ժամով է եկել զորամասից: Հասկանում եմ, որ ծնողները կարոտում են, և ուզում եմ ավարտել մեր զրույցը.

-Ցտեսություն, քեզ բարի ծառայություն,- ասում եմ ձեռքը սեղմելով,- մի խոսքով, գնում ես պարտքդ տաս, ու ես հանգիստ քնեմ գիշերները…

-Հանգիստ քնեք,- ծիծաղում է անկեղծ, հետո լրջանում է ու,- չեմ ասում՝ ուշքս գնում է բանակ գնալու համար: Գիտեք՝ ես ավելի շատ կուզենայի սովորել, բայց մենք ենք, մեր հայրենիքը: Ուզենք, թե չէ, պիտի պաշտպանենք: Համ էլ ես չծառայեմ, Դուք չծառայեք, Սարգիսը չծառայի, բա մեր հայրենիքի վիճակն ի՞նչ կլինի,- խոսքն ավարտում է կատակով:

Քայլում է նույն քայլքով՝ հանդարտ: Աշխարհում ոչ ոքի ոչինչ պարտք չէ, ու աշխարհը պարտք չէ իրեն: Ինքն է, իր հայրենիքը, հայրենիքի իր բաժին հոգսն ու ուրախությունը: Քայլում է հիմա որպես զինվոր, որպեսզի երկու տարի հետո նորից նստի ուսանողական նստարանին և իր ու հայրենիքի ապագան կերտի նույն ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ:

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ