Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻԱՎՈՐ



Հայաստանը Հարավային Կովկասում մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության ամենավստահելի գործընկերն է: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ի՞նչ միտումներ, ի՞նչ հեռանկարներ է խոստանում Հայաստան-Իրան փոխհարաբերություններին:

Մեր թղթակից Ալիս Ալավերդյանի հարցերին պարզաբանումներ է տալիս պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ ՌՈՒԴԻԿ ՅԱՐԱԼՅԱՆԸ:

Հայաստանը, ԵՏՄ երկրների մեջ լինելով Իրանին սահմանակից միակ պետությունը, ունի բոլոր հնարավորությունները վերածվելու Միության և Իրանի միջև տնտեսական կապ ապահովող միավորի: Այս համատեքստում խոսքը նախ և առաջ վերաբերում է Իրանի և ԵՏՄ միջև ապրանքաշրջանառությանն ու երկկողմ ներդրումներին, որոնց համար, կարծում եմ, համագործակցության հատուկ ձևաչափեր կսահմանվեն: Հասկանալի է, որ ԵՏՄ-ը չի կարող արդարացնել իր գոյությունը, եթե փորձի պարփակվել ինքն իրենով, իսկ իրանական շուկան շուրջ 80 մլն բնակչությամբ մեծ հնարավորություններ է ընձեռում ԵՏՄ երկրներին իրացնելու սեփական արտադրանքը:

Մյուս կողմից, Իրանը նույնպես ունի արտաքին շուկա դուրս գալու խնդիր, և այդ երկիրը գիտակցում է, որ սեփական արտադրանքի իրացման լավագույն դաշտը ԵՏՄ շուկան է, որտեղ իրանական արտադրանքի նկատմամբ պահանջարկ կլինի: Ենթադրում եմ, որ դրանից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները նոր որակ կստանան, և Իրանի հետ ապրանքաշրջանառության աշխուժացումն ու դրա ծավալների մեծացումը կարող է դրականորեն ազդել մեր տնտեսության վրա:

Հայաստանի միջոցով ԵՏՄ երկրները կարող են Իրանի հետ նաև էներգետիկ համագործակցության մեջ մտնել և նոր շունչ հաղորդել վաղուց մոռացված նախագծերին, ինչպիսին է, օրինակ՝ Հայաստանի տարածքում Իրանի անմիջական մասնակցությամբ նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը: Ի դեպ, իրանական նավթի վերամշակման գործարանի կառուցման կարևորությունն ընդգծվել էր դեռևս 2007թ. սկզբին ՌԴ նախագահի կողմից ՀՀ նախորդ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Այդ փաստը նշանակալի է այնքանով, որ ցույց է տալիս ՌԴ-ի՝ որպես ԵՏՄ առաջատար երկրի հետաքրքրվածությունը Հայաստանի միջոցով ԻԻՀ հետ էներգետիկ համագործակցություն զարգացնելու հարցում:

Հատկանշական է նաև այն իրողությունը, որ Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը կարող է առավել լիարժեքորեն արդարացնել իրեն, եթե շուտափույթ և հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչվի Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը, որի միջոցով նավթահումքն Իրանից Հայաստան տեղափոխելն առավել արդյունավետորեն կիրականացվի: Ուստի, ենթադրելի է, որ մոտ ապագայում Իրան-Հայաստան երկաթգծին ևս հատուկ ուշադրություն կդարձվի:

Խորագիր՝ #42 (1060) 30.10.2014 – 5.10.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


30/10/2014