Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Առավոտյան ստուգատես է անցկացնում դասակի հրամանատար, լեյտենանտ Արմեն Հովսեփյանը:
ՎԱՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Համաձայն ջոկի 2014 թվականի ուսումնական տարվա ամառային ուսումնական փուլի պատրաստության պլանի՝ գնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ մեր երկրի հյուսիսարևելյան սահմանները պահպանող զորամասի հրետանային ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 26-ից ներգրավվեցին ճամբարային հավաքների մեջ, որոնց հիմնական նպատակը հրետանային ստորաբաժանումների վաշտային վարժվածության կատարելագործումն ու տեղանքում մարտին հնարավորինս մոտ իրավիճակներում անձնակազմի մասնագիտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական որակների ամրապնդումն է: Օրական ութժամյա դաշտային պարապմունքները միաժամանակ նպաստում են պետ-ենթակա, ինչպես նաև զինվոր-սպա հարթությունում փոխադարձ վստահության ամրապնդմանը, քանի որ բոլորն էլ ապրում են նույն վրանում, ուտում միևնույն ճաշը, օգտվում հանգստի միևնույն պայմաններից համաչափ:

-Ճամբարային հավաքից երկու օր առաջ խումբ ենք ուղարկում վրանային ավանը նախապատրաստելու և կահավորելու համար, ինչից հետո հրետանային ստորաբաժանումները, այդ թվում ականանետային դիվիզիոնը, հակատանկային մարտկոցները և գումարտակի ականանետային դասակները մեկնում են նշանակման վայր,- մեզ հետ զրույցում ներկայացրեց դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Խորեն Մկրտչյանը:

Ճամբարային հավաքը ավելի հավաստի ներկայացնելու համար մեկ օր գիշերեցինք վրաններում, զինվորների հետ:

Ժամը վեցին ազդարարվեց առավոտյան վերկացը: Անտեսելով հավաքների համար անբարենպաստ կլիմայական պայմանները` մառախուղ, անձրև, քամի, հրետանային ստորաբաժանումները պարապմունքներն սկսեցին օրվա կարգացուցակով` առավոտյան նախատեսված մարզանքով: Չնայած կպչուն ցեխին, որ դժվարացնում էր զինվորների տեղաշարժը, նրանք ջանասիրաբար էին կատարում նախավարժանքի բոլոր բաղկացուցիչները: Նախավարժանքն ավարտելով, նրանք շարժվեցին իրենց վրանային կացարանները և մի քանի րոպե անց դուրս եկան այնտեղից` անձնական հիգիենայի պարագաներով: Արտաքին տեսքը կարգի բերելուց հետո, անձնակազմը, մի մարդու պես, շարքով շարժվեց դեպի վրանում կահավորված դաշտային ճաշարան: Նախաճաշին տրվեց թեյ, կարագ, խաշած հավկիթ, հնդկաձավարով փլավ:

Եղանակը շարունակում էր իր քմահաճույքները թելադրել: Սաստկացող, հորդառատ անձրևն ու թանձրացող մառախուղը չխաթարեցին ուսումնական պարապմունքների ընթացքը, ինչին, ի դեպ, ստորաբաժանումները մասնակցում էր ամբողջովին հանդերձավորված` սաղավարտ, հակագազ, զրահաբաճկոն, անձնական զենք և այլն: Ուսումնական պարապմունքները, որոնց գերակշիռ մասը մասնագիտական և մարտավարական պատրաստությունից էին, անցան կազմակերպված ու պատշաճ մակարդակով: Պարապմունքների ընթացքին հետևող ամենախստապահանջ զինվորականին անգամ չէր կարող չհիացնել ճամբարային հավաքին մասնակցող հրետանավորների դաշտային կոփվածությունը, արձակվող հրամանները հմուտ և արագ կատարելու նրանց վարպետությունը, ղեկավար կազմի կազմակերպչական և աշխատանքային արդյունավետության բարձր աստիճանը…

Առավոտյան ստուգատես է անցկացնում դասակի հրամանատար, լեյտենանտ Արմեն Հովսեփյանը:

Ճամբարային հավաքի օրապահ, շարքային Սարգիս Ավագյանը իրականացնում է դաշտային կահավորված զինանոցի պահպանությունը, ինչպես նաև ազատ հերթափոխի օրապահների միջոցով ապահովում է վրանային ավանի կարգուկանոնն ու մաքրությունը:

Ականանետային հաշվարկը ականանետը տանում է կրակային դիրք՝ զբաղեցման:

Հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ժորա Շադյանը պարապմունք է անցկացնում տեխնիկական պատրաստությունից «Ականանետի նշանառության հարմարանքների ստուգման կարգը» թեմայով:

Մարտկոցի ավագ սպա Ոսկան Միքայելյանը պարապմունք է անցկացնում «Ականանետի նախապատրաստումը հրաձգության» թեմայով` կատարելով ականանետի վերահսկիչ զննում:

Առաջին ականանետային մարտկոցի մոտ անցկացվում է մասնագիտական պատրաստություն ականանետին հիմնական ուղղություն տալը և հրաձգության հեռավորության և ուղղության փոփոխությունները թեմայով: Պարապմունքի զեկավարը մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Սոս Էլբակյանն է, իսկ մարտկոցի հրամանատար կապիտան Արսեն Ղուկասյանը վերահսկում և՛ ցուցումներ է տալիս իր ենթականերին:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ