Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՓՍԵԻ ՄԵՋ



Գրող, փիլիսոփա, մշակութաբան, էթնո-քաղաքագետ, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանի հետ հանդիպել ենք Կասկադում, առիթը նրա՝ գեղարվեստական ափսեների հավաքածուի ցուցադրությունն էր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Սակայն մտավորականի հետ մեր զրույցը շատ երկարեց… Մեր կյանքից խոսեցինք, ցավից, մեր վաղվա օրից, ուրախություններից ու ազգային բարդույթներից… Մի խոսքով, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ արվեստն ինքը կյանքն է…

♦ Ես 20 տարեկան էի, ուսանող, սովորում էի Լենինգրադում: Ապրում էի քաղաքի ռիթմով, տարված էի ճարտարապետությամբ, պատմությամբ: Ամենօրյա այցելություններ էրմիտաժ, թանգարաններ, գրադարաններ… Առաջադեմ արվեստագետների, մտավորականների դասախոսությունները ուղղեցին իմ հետաքրքրությունը դեպի արվեստ… Սկսեցի իմ մտերիմ նկարիչ ընկերների գործերը հավաքել: Հետագայում այդ նկարիչները դարձան ռուսական գեղարվեստի ընդդիմադիր ուժը՝ «Լենինգրադյան անդերգրաունդ», փաստորեն՝ խորհրդային կարգերի ինտելեկտուալ ընդդիմությունը:

♦ 70-80-ական թվականներին Լենինգրադում կազմակերպել եմ գեղանկարի եւ գրաֆիկայի, այսպես կոչված, բնակարանային բազմաթիվ ցուցադրություններ: Երեւանում առաջին անգամ բացեցի Լենինգրադի ձախ գրաֆիկ-նկարիչների ցուցահանդեսը: Դա 1979 թվականն էր: Եզակի մշակութային իրադարձություն այն օրերի համար: Այնուհետև ութ ցուցահանդես` «Մութ ու ցուրտ» կոչվող տարիներին: Եվ հազվագյուտ գրքերի ցուցադրություն` «Նոյան տապան» գրախանութում… Դրանց մի մասը 90-ականներին բառացիորեն աղբամաններում էի գտել: Հենց սա է արվեստի գաղափարը. երբ մեկը նետում է, իսկ մյուսը չի տրորում, այլ վերցնում է: Ուզում էի ջերմացնել մարդկանց սրտերը, ուզում էի դաստիարակել ազգը: Ուզում էի` մարդիկ հասկանան` գիրքը արժեք է, այդպես չէ, որ սովետը քանդվեց, ուրեմն` վե՛րջ, շպրտենք, փախչենք-փրկվենք:

♦ 2003 թվականին նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն ինձ նվիրեց իր նկարազարդ ափսեն, ինչն էլ խթանեց ու իմ ուշադրությունը սեւեռեց կիրառական արվեստի այս դասական տեսակի վրա: Այո՛, սա դասական արվեստ է. բավական է հիշել Ռաֆայելի եւ Պիկասոյի նկարազարդ ափսեները: Ափսեներ են նկարազարդել նաև մեր մեծերը` Սարյանը, Կոջոյանը, Հովհաննես Տեր-Թադեւոսյանը… Սակայն, ցավոք, կիրառական արվեստի այս տեսակը մեզանում չծաղկեց կամ չարմատավորվեց… Մտածեցի՝ մի ափսեն ի՞նչ պիտի անեմ: Վերնիսաժից երեք ափսե գնեցի ու տվեցի ընկերներիս՝ նկարազարդելու: Այդպես էլ սկսվեց ափսեների շարժումը: Դրանք շատացան ու շատացան, այսօրվա դրությամբ՝ իմ հավաքածուն ընդգրկում է 80 նկարիչների 150-ից ավելի ափսե: Այս ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 60 նկարիչների 77 աշխատանք: Այն միավորում է հայ վարպետների երեք սերունդ:

♦ Մեր ժողովուրդն այսօր գնահատել չգիտի: Նայե՛ք՝ Բոտերոյի «Ծխող կնոջը» քիչ էր մնում ջարդեին: Ասում են` բա մեզ հարի՞ր է: Իսկ ես շատ եմ հավանում այդ արձանը: Քննադատողները տեղյա՞կ են` որքան է արժեքը… Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլար… Իսկ սա նվեր է. երբ քննադատողն էլ քրտնաջան աշխատի, ստեղծի եւ նվիրի, գուցե եւ հասկանա: Մեր ընտրությունն այսպիսին է` ով ձայն չունի, նա օպերային երգիչ է, ով ձեռք չունի` դիրիժոր է, ով խելք չունի, նա մաթեմատիկոս է կամ ֆիզիկոս: Չստեղծող մարդու վրա ենք հենված: Եվ շատ դիպուկ ենք բնութագրում այդ մարդուն` «շուստրի»: Եվ գալիս է «շուստրին» ու բոլոր հարցերը լուծում է իր մակարդակով…

♦ Մեզ մոտ ամեն ինչ այսօր հայրենասիրական է: Ամեն ինչի չափանիշը հայրենասիրությունն է: Հայրենասիրությունը մի դեպքում եմ ընդունում` կռվի դաշտում, երբ պիտի թշնամի սպանես հայրենիքի փրկության համար… Մյուս բոլոր դեպքերում պոռոտախոսություն է… Նմանօրինակ քանի-քանի~ կաղապարներ կան… Ասում են` դուք` արվեստագետներդ էլ ջարդեք այդ կաղապարները: Մեծ արվեստը չի կարող ջարդել դրանք, դա նրա նպատակը չէ, ինքը պետք է զբաղված լինի իրենով: Նայե՛ք` ծառը պտուղը մեզ համար չի տալիս, մենք ենք այն քաղում եւ օգտագործում, ինքը իր համար է ծաղկում, ինքն իրենով է հիացած… Նույնն էլ արվեստի դեպքում է: Իսկ թե ինչպես ենք գնահատում արվեստը, արդեն մեր խնդիրն է: Այսօր մենք ծափահարում ենք նրանց, ում չպիտի ծափահարենք, դրա համար էլ այս օրին ենք: Գրեթե միշտ էլ այդպիսին ենք եղել: Գրիգոր Նարեկացին միաբանությունից վռնդվեց. այդ մակարդակի կրթված անձնավորություն, պատկերացնո՞ւմ եք… Ինչքան ինտելեկտդ բարձր է, այնքան դու, ցավոք, հեռանում ես քո ազգից:

♦ Ես սիստեմային անձնավորություն եմ. էս ծառը ինձ համար ուղղակի ծառ չէ, սա ծառ է այս փողոցում, քաղաք Երեւանում, Հայաստանում… Ազգն էլ է երեք սիստեմներից բաղկացած` ընտանիք, հասարակություն (ժողովուրդ), պետություն… Տարբեր ազգերի մոտ մտածողությունը տարբեր է՝ ելնելով սիստեմների ազդեցությունից: Օրինակ` ռուսական ընտանիքը ավելի թույլ է, քան ժողովուրդը, ժողովուրդը ավելի թույլ է, քան պետությունը: Ամենաուժեղը պետությունն է: Եվրոպայում ընտանիքը ավելի թույլ է, քան հասարակությունը, հասարակությունը հավասար է պետությանը… Մեր ընտանիքը ավելի ուժեղ է, քան հասարակությունը, հասարակությունը ավելի ուժեղ է, քան պետությունը: Ցավոք, մեր ամենաթույլ օղակը պետությունն է, ամենաուժեղը` ընտանիքը: Այդ պատճառով էլ մենք անուններով ենք խոսում, մտածում: Ասում ենք՝ Քըրք Քըրքորյան, Ռուբեն Վարդանյան, Լևոն Հայրապետյան, Գալուստ Գյուլբենկյան, Ալեք Մանուկյան:

Սա մեր ամենամեծ բարդույթն է:

Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Հոգևոր-մշակութային


23/10/2014