Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՐԱՀԱՊԱՏ «ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ»



Զենքին հատուկ անուն տալու հնագույն ժամանակներում ծագած ավանդույթը գոյատեւել է դարերի ընթացքում եւ չի մոռացվել բազմաքանակ բանակների ու սպառազենի զանգվածային արտադրության դարաշրջանում։

Օրինակ՝ ԱՄՆ-ի բանակում տանկերը, բացի ինդեքսից, կրում են նշանավոր որեւէ գեներալի… ազգանունը։ Ովքե՞ր են եղել նման պատվին արժանացած այդ «ամերիկյան պատմության հերոսները»։

Երկրորդ համաշխարհային պատերազմում ամերիկյան ամենատարածված տանկը եղել է «Շերման» Մ-4-ը։ Դրանցից թողարկվել է մոտ 50 հազար, որոնց մի մասը տրամադրվել է ԱՄՆ-ի դաշնակից երկրներին, այդ թվում եւ ԽՍՀՄ-ին։ Որոշ երկրների բանակներում «Շերման»-ները սպառազինության մեջ են առ այսօր։ Տանկերն իրենց այդ անունն ստացել են քաղաքացիական պատերազմի (1861- 1865 թթ.) հերոս, գեներալ Ուիլյամ Շերմանից։ Սկզբում նա եղել է գնդի հրամանատար, պատժիչ արշավներ է կատարել հնդկացիների դեմ, մասնակցել Մեքսիկայի դեմ նվաճողական պատերազմին (1846-1848 թթ.)։ 1869-1883 թթ. Շերմանը եղել է ԱՄՆ-ի բանակի հրամանատարը։

1945 թվականին ԱՄՆ-ի բանակի սպառազինություն մուտք գործեց 90 մմ տրամաչափի թնդանոթով հանդերձված եւ 102 մմ հաստությամբ զրահով «Փերշինգ» Մ-26 միջին տանկը։ Այս տանկի «ազգանունն» էլ կապված է Ջոն Փերշինգի հետ։ 1916-1917 թվականներին գեներալ Փերշինգը գլխավորում էր Մեքսիկա ներխուժած 12 հազարանոց բանակը։ Երբ ԱՄՆ-ի կառավարող շրջաններում վերջնականապես որոշեցին գործնական մասնակցություն ունենալ առաջին աշխարհամարտի ռազմական գործողություններին, Փերշինգը նշանակվեց էքսպեդիցիոն զորքերի հրամանատար Եվրոպայում։ Ռազմական արվեստում բավականաչափ առաջադիմական հայացքներ ունենալով հանդերձ՝ նա հայտնի էր նաեւ դաժանությամբ, անգամ իր զինվորների նկատմամբ։ Իր դաժանության համար նրան պիտակվեց «Սեւ Ջեկ» մականունը։

Փերշինգի անունը բավականին հանրահայտ է ԱՄՆ-ի բանակում։ Երբ «Փերշինգ» տանկն արդեն մոռացվել էր, ասպարեզ եկավ «Փերշինգ» հրթիռը։

Մ-26 տանկն իր մարտական հարմարանքներով ու սարքավորումների համակարգերով չէր գոհացնում զինվորականներին, եւ դրա կատարելագործումը դարձավ հրամայական պահանջ։ Տանկի հետագա վերափոխակները հանդիսացան Մ-46-ը (1948թ.), Մ-47-ը (1950թ.) եւ Մ-48-ը (1952թ.)։ Վերջինը (Մ-48-ը) լայն տարածում գտավ ՆԱՏՕ-ի բանակներում։ Թվարկված բոլոր երեք տանկերը (Մ-46, Մ-47 եւ Մ-48) կրում էին «Պատոն» անունը (համապատասխանաբար՝ «Պատոն» 1, 2 եւ 3)։

Գեներալ Ջորջ Պատոնը՝ առավել մեծարված «Ամերիկյան հերոս»-ներից մեկը, ռազմական ասպարեզում համբավ ձեռք բերել սկսեց 1916 թվականին Մեքսիկա կատարած ներխուժումից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա գլխավորում էր Հյուսիսային Աֆրիկայում գործող զորախումբը, իսկ Եվրոպայում երկրորդ ճակատը բացելուց հետո՝ ամերիկյան 3-րդ եւ 7-րդ բանակները։

1980 թվականից սկսած` ամերիկյան բանակի սպառազինության մեջ է այսպես կոչված «ետպատերազմյան երրորդ սերնդի» Մ-1 մարտական հիմնական տանկը։ Տանկի « ազգանունն» է «Աբրամս»։ Գեներալ Քրեյթոն Աբրամսը 1968 թվականին գլխավորում էր Վիետնամի դեմ կռվող ամերիկյան զորքերը։

Հետաքրքիր է հետեւել եւս մի քանի տանկերի հաջորդական անվանումներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի հետախուզական լավագույն եւ իր ժամանակի ամենաարագաշարժ (60 կմ/ժ) տանկերից մեկը եղել է ամերիկյան «Սթյուարտ» Մ-3-ը։ Անվանումն ի պատիվ գեներալ Սթյուարտի՝ հեծելազորային ունակ հրամանատարի, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ հարավցիների բանակում գլխավորում էր հեծելազորային կորպուսը։ 1864 թվականի մայիսին պարտություն կրելով Յելլոու-Թավերնի մոտ, նա ինքնասպանություն գործեց։ Այդ նույն ճակատամարտում հյուսիսցիների հեծելազորը գլխավորում էր գեներալ Ֆ. Շերիդանը, որի պատվին անվանակոչվեց հետախուզական մյուս տանկը, արդեն 1966 թվականին։

Անգլիացիները նպատակ ունենալով «ամրապնդել» նախկին թշնամիների հաշտեցումը, Երկրորդ աշխարհամարտի ամերիկյան մյուս՝ Մ-3 միջին տանկն անվանեցին «Գրանտ-Լի», միատեղելով 1961-65 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ Հարավի եւ Հյուսիսի բանակների գլխավոր հրամանատարների անունները։

Վ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ռազմական


16/10/2014