Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ



Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանն ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղըզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:

ԵՏՄ-ի ձևավորման նախանշված նպատակն է ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն անդամ երկրներում և իրականացնել համաձայնեցված քաղաքականություն էներգետիկ, արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ոլորտներում:

Վերլուծաբանների տեսակետները՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության արժանիքների վերաբերյալ, կախված են այն բանից, թե արդյոք նրանք կողմնակից են, թե հակառակորդ երկրի իշխանություններին: ԵՏՄ-ի հակառակորդների առաջ քաշած փաստարկների թվում են Հայաստանի անկախության հնարավոր կորուստը և Արցախի մեկուսացումը՝ սահմանի վրա մաքսային անցակետերի տեղադրման պատճառով: Մյուս կողմից, ԵՏՄ-ի կողմնակիցները շեշտը դնում են Հայաստանի աշխարհառազմավարական և տնտեսական շահերի վրա: Մնում է տեսնել, թե, ի վերջո, այս փաստարկներից որն է ավելի գերակշիռ:

Այսուհանդերձ, որոշ հիմնական իրողություններ կան, որոնք ակնհայտ են: Հայաստանը հնուց ի վեր բազմաբնույթ կապեր է ունեցել Մոսկվայի հետ՝ սկսած ցարական ժամանակաշրջանից մինչև Խորհրդային Միություն ու այսօրվա Ռուսաստանի Դաշնություն: Անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն իր ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր հայ ներգաղթյալների ապրուստի վրա Ռուսաստանում՝ այդ երկրում բնակվելու և աշխատելու հնարավորության տեսանկյունից: Բացի այդ, հայ գործարարները կարող են ընդլայնել իրենց ներքին փոքր շուկան, արտահանելով իրենց արտադրանքը շահավետ հարկային պայմաններում ավելի քան հարյուր միլիոն հավանական սպառողների համար Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Հայաստանը նաև հանդես կգա որպես հարմար դարպաս օտարերկրյա ներդրողների համար, որոնք հետաքրքրված են ԵՏՄ-ի հսկայական ու դժվարամատչելի շուկաները ներթափանցելու մեջ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերլուծության մեջ երեք էական հարցեր պետք է բարձրացվեն.

1) Հաշվի առնելով շարունակվող արցախյան հակամարտությունը և Ադրբեջանի բազմամիլիարդ դոլարների ռազմական գնումները, ո՞ր երկիրն է Հայաստանին վաճառել և շարունակելու է վաճառել ժամանակակից զենք Ադրբեջանի շարունակաբար աճող սպառնալիքը նվազեցնելու համար: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Մեծ Բրիտանիան և ո՛չ էլ Ֆրանսիան, այլ Ռուսաստանը…

2) Ո՞ր երկիրը կարող է Հայաստանին մատակարարել կենսական անհրաժեշտության գազ ցանկացած գնով՝ չխոսելով արտոնյալ գների մասին: Ռուսաստանը և ավելի քիչ՝ Իրանը՝ փոքր խողովակաշարով:

3) Քանի որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, ապա տնտեսապես ավելի ձեռնտու է բարենպաստ հարկային պայմաններ ունենալ այդ երկրի հետ, քան Եվրոպայի: ԵՏՄ-ին Հայաստանի չմիանալը երկիրը կդնի հարկային խիստ անբարենպաստ պայմանների մեջ՝ ավերիչ տնտեսական հետևանքներով:

Թեև սրանք են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու անհերքելի պատճառները, սակայն ոչ ոք չպետք է եզրակացնի, որ Երևանը պետք է մնա բացառապես Ռուսաստանի տնտեսական գոտում: Ակնհայտ է, որ Հայաստանի շահերից է բխում բազմակողմանի կապերի զարգացումը բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են արևմտյան երկրների հետ սերտ տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական կապեր զարգացնելու ուղղությամբ իրենց հետաքրքրության մասին, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հնամյա հարաբերությունների:

Միևնույն ժամանակ, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե արևմտյան երկրները, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, փոխանակ հորդորելու Հայաստանի ղեկավարներին խզելու խիստ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարկային արտոնություններ և այլ խթաններ տրամադրեն իրենց ներդրողներին Հայաստանում, դրանով իսկ նվազեցնելով Երևանի կախվածությունը Ռուսաստանից: Նմանապես Հայաստանին ուղղված ամերիկյան քննադատությունն ու նախազգուշացումները Իրանի հետ նրա ունեցած առևտրային կապերի համար պարզապես անիմաստ հայտարարություններ են: Ավելի օգտակար կլիներ, եթե Օբամայի վարչակազմը քաջություն ունենար ճնշում գործադրելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության համատեղ շրջափակումը վերացնելու համար, որը շարունակվում է ավելի քան 20 տարի:

Հաշվի առնելով ռազմավարական և տնտեսական վերոնշյալ իրողությունները, ավելի լավ կլինի, եթե արևմտյան երկրները «մտրակի« փոխարեն «քաղցրահաց» օգտագործեն` ուղղորդելով Հայաստանը ավելի հավասարակշռված հարաբերությունների Արևելքի և Արևմուտքի միջև:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


16/10/2014