Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑՎԵՑ ՀԵՐՈՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
ԲԱՑՎԵՑ ՀԵՐՈՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Օրերս ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց ազատամարտի նվիրյալ, տարածաշրջանի պաշտպանության և զորականության հիմնադիր հրամանատար, լուսահոգի գնդապետ Վազգեն Ղավալյանի կիսանդրին: Բացման հանդիսավոր արարողությանը, որն ուղեկցվեց զինվորական շքերթով, ներկա էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը, Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, գեներալներ, սպաներ, ազատամարտիկներ, Վազգեն Ղավալյանի հարազատները…

Վազգեն Ղավալյանը ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 30-ին, Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Աշխատել է գյուղի դպրոցում: 1950 թվականին ընդունվել և երկու տարի անց ավարտել է Թբիլիսիի բարձրագույն ռազմահրետանային ուսումնարանը: Ծառայել է Ավստրիայում, Հունգարիայում, Կարպատյան զինվորական օկրուգում, Սախալինում: Ծառայության վերջին տարիներն անց է կացրել Անդրկովկասյան օկրուգում: 1992 թվականին 62-ամյա խորհրդային բանակում թրծված գնդապետը վերադարձել է հայրենի շրջան և համակարգել պաշտպանության գործը:

1993 թվականի սեպտեմբերին, ելնելով տարածաշրջանում ստեղծված ծանր ռազմաքաղաքական պայմաններից, ձևավորվեց Տավուշի N առանձին մոտոհրաձգային գունդը, որի առաջին հրամանատար է նշանակվել Վազգեն Ղավալյանը:

-Վազգեն Ղավալյանը ՀՀ-ում իր դժվարին ծառայությունն սկսեց հայրենի շրջանում գործող տարբեր խմբավորումների միասնական ղեկավարումը կազմակերպելու գործընթացից, մասնակցություն ունեցավ հայրենի շրջանի սահմանների ինքնապաշտպանական մարտերին,- նշեց Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահ, Վազգեն Ղավալյանի համագյուղացի, գնդապետ Սիմոն Եսայանը: -Նա իր մարտական պատրաստվածությամբ, զինծառայության մեծ փորձով, վարքագծով և շարային կեցվածքով օրինակ էր ծառայում ողջ սպայակազմի համար: Նա պատվով էր կրում հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը: Թանկ էր գնահատում զորամասի և սպայի պատիվը: Նա հիանալի գիտեր յուրաքանչյուր սպայի, ենթասպայի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները: Հատկապես արժևորում էր և հարգում ենթակայի պատիվն ու արժանապատվությունը: Նա միշտ ղեկավարվում էր մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Տավուշի հերոս պաշտպանի օրվա և ՀՀ Անկախության օրվա առթիվ տարածաշրջանի ազատամարտիկները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ