Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱԼԻ ԿՈՐԻԶՆԵՐԸ



Իմ մանկության տունը եկեղեցուն ու դպրոցին պատկից էր:

Մեր բակում, ինչպես ծովափնյա բոլոր փոքրիկ քաղաքների բակերում, լիքը նարնջենիներ կային։ Ներքևի հարկի նախասրահի առջև մի քառանկյուն պարտեզ ունեինք, որն աշնանն ու ձմռանը անձրևաջրերով էր լցվում, իսկ գարնանն ու ամռանը հայրս ծաղիկներ էր այնտեղ ցանում։ Առաջին հարկի բարձր առաստաղներով ու գերանե սյուներով մեծ սենյակները, որ լուսավորվում էին միայն բակի կողմից, երեկոյան ընկղմվում էին խավարի մեջ։ Այնտեղ մարդ չէր ապրում։ Օֆաթ խանումը, որ շաբաթը մեկ գալիս էր մեր տան լվացքն անելու, իր տաշտերն ու օճառներն այնտեղ էր պահում։ Անձրևոտ եղանակներին էլ լվացքը փռում էր այդ սենյակների սյուներից կապված պարաններին։ Մայրիկս այնտեղ էր պահում այն իրերը, որոնք չէր օգտագործում, բայց և ձեռքը չէր գնում դուրս շպրտել իմ օրորոցը, ճռիկը, իր աղջիկ ժամանակվա հեծանիվը, հայելապատ դռներով զգեստապահարանը, որն ասում էր` իր մոր օժիտից է հիշատակ մնացել։ Սենյակներից մեկում էլ հորս որսորդական իրերն էին։ Ամեն անգամ, երբ հայրիկս ասում էր. «Ինչի՞ համար ես ներքևի հարկը էդպես անտեր թողել», մայրիկս ուսերն էր թոթվում. «Տնվորների հետ գլուխ դնելու հավես չունեմ»։

Նախքան դպրոց գնալս ամբողջ օրս անցնում էր ներքևի հարկի լվացքի շորերի ու անպետք իրերի արանքում խաղալով։ Երեկոյան հյուրասենյակում խաղալիքներովս էի զբաղվում, լրագրերն ու ամսագրերն էի թերթում կամ էլ տառերի դատարկ մասնիկներն էի մատիտով սևացնում։ Իմ ննջարանը կպած էր հյուրասենյակին. քնելիս էլ այնտեղից լսվող ձայներն էի ականջ դնում։ Այն երեկոները, որ հյուր չէինք ունենում, հյուրասենյակից կա՛մ Հայաստանի ռադիոյի խշշոցի ձայնն էր լսվում, կա՛մ ծնողներիս վեճի։

Վերնահարկ բարձրանում էինք փայտե նեղլիկ աստիճանով, որը սկսվում էր բակից ու գնում-հասնում էր մինչև վերևի նախասենյակը, որն ավելի լայն ու ավելի մեծ էր, քան ներքևինը։ Վերևի հարկի պատուհանները մի կողմից այս նախասենյակին էին նայում, մյուսից` դպրոցին ու եկեղեցուն։

Եկեղեցին ուղղանկյուն խորանարդի տեսք ուներ` մոխրագույն քարերով, վեց բարձր ու նեղլիկ պատուհաններով, որոնք այդպես էլ ես բացված չտեսա։ Տատս ասում էր, որ եկեղեցին ու դպրոցը կառուցել են մեր ծովափնյա քաղաքի առաջին հայ վերաբնակիչները։

Երկհարկանի դպրոցը երեսպատված էր սպիտակավուն քառանկյուն քարերով։ Քարերի վրա մեկ ու մեջ հինգթերթանի ծաղիկ էր փորագրված։ Երբ դեռ շատ փոքր էի, ցերեկները աթոռը քաշում էի պատուհանի մոտ, չոքում էի աթոռին ու նայում դպրոցին ու եկեղեցուն։ Դասամիջոցներին վազվզող երեխաների խաղերից գլուխ չէի հանում։ Նայում էի դպրոցի ճակատի ծաղկանախշ քարերին ու մտածում, որ երբ դպրոց գնամ, դասամիջոցներին անտեղի վազվզելու, աղմկելու փոխարեն կգնամ ու թաշկինակովս քարե ծաղիկների թերթիկների արանքի մամուռը կմաքրեմ։ Ինձ թվում էր, որ երբ մեծանամ, ձեռքս կհասնի ներքևի հարկի նույնիսկ ամենաբարձր ծաղիկներին։ Իսկ երկրորդ հարկի ծաղիկների համար խելքս ոչինչ չէր կտրում։ Մի երեկո` երկրորդ դասարանում, երբ ես ու ընկերուհիս՝ Թահերեն, դպրոցի բակում խաղում էինք, նա ասաց. «Մի բարձր աստիճան կսարքենք, որ բոլոր ծաղիկներին հասնենք»։ Հետո, ասես մտքերս կարդալով, ավելացրեց. «Մի՛ վախեցիր, դու աստիճանը կբռնես, ես վերև կբարձրանամ»։

Դպրոցի ու եկեղեցու բակը միակ տեղն էր, որ ես ու Թահերեն կարողանում էինք երեկոները խաղալ։ Նա երբեք մեր տուն չէր գալիս։ Գուցե այն պատճառով, որ գիտեր` հորս դուրը չի գա։ Թահերեն ու իր ծնողներն ապրում էին դպրոցի առաջին հարկի փոքր սենյակներից մեկում: Եթե հանկարծ հայրս իմանար, որ գնացել եմ դպրոցի պահակի տուն, աղմուկ-աղաղակ կբարձրացներ, և ես ու մայրս ստիպված կլինեինք մի երկարատև ու կրկնված քարոզ լսել դասակարգային, կրոնական ու ազգային տարբերությունների մասին։

Եկեղեցու ետևում գերեզմանատունն էր։ Դպրոցի բակի և գերեզմանատան միջև ցանկապատ չկար։ Թերևս դրա կարիքը նույնիսկ չկար էլ. դպրոցի տեսուչը երեխաներին արգելել էր գերեզմանատուն մտնել, և նրա խոսքը մեզ համար ավելին էր, քան ամենաբարձր ու ամենաամուր պարիսպը։ Երկար տարիներ այնտեղ թաղում չէր կատարվել։ Հայկական նոր գերեզմանատունը Թեհրան տանող ճանապարհին էր` քաղաքից մի քանի կիլոմետր հեռու։

Տատս ասում էր` եկեղեցու ետևի գերեզմանատան վերջին ննջեցյալը Անահիտն է եղել` իր մանկության ընկերուհին, որ տասներկու տարեկանում հիվանդանում է մենինգիտով ու մինչև բժշկի հասցնելը… Տատս «մահ» բառը երբեք բարձրաձայն չէր արտասանում։

Անահիտի պատմությունն առաջին անգամ տատիս տանը լսեցի, մի անձրևոտ երեկո: Դեռ դպրոց չէի գնում։ Աչքս հառած թուջե վառարանի կրակին` տատիս մանկության ընկերուհու մասին էի մտածում, որը, չգիտես ինչու, ինձ շեկ, նիհարավուն մի աղջիկ էր թվում՝ այտերից մեկի վրա մի մեծ խալ։

Երկար ժամանակ մայրիկիցս, տատիկիցս, հորաքրոջիցս և ինձ ծանոթ մեծահասակներից հետաքրքրվում էի. «Որ տասներկու տարեկան դառնամ, ես է՞լ մենինգիտով կհիվանդանամ ու կմեռնեմ»։ Եվ ոչ մեկի «ոչ»-ը ինձ չէր համոզում։

Մայրիկս կշտամբում էր հորս. «Ինչո՞ւ է մերդ երեխայի ներկայությամբ անընդհատ մեռնելուց խոսում»։ Հայրիկս սկսում էր մորը պաշտպանել, և մինչ վեճը կամաց-կամաց կռվի կվերածվեր, ես լացակումած մի անկյուն էի քաշվում ու մտածում էի տասներկու տարեկանում իմ մեռնելու մասին։

Այս ամենն այնքան շարունակվեց, մինչև որ մի օր տատս ինձ նստեցրեց ծնկին ու ասաց. «Էդմո՛նդ, լավ լսիր, տես` ինչ եմ ասում. Անահիտը մենինգիտով հիվանդացավ, որովհետև աղջիկ էր։ Տղաները, հիշի՛ր, մենինգիտով երբեք չեն հիվանդանում»։

Մայրիկս ու հայրիկս ապշած մեզ էին նայում։ Տատիս բացատրությունն ինձ շատ համոզիչ թվաց, և ես մեռնելու մասին այլևս չմտածեցի։

♦♦♦

Արդեն տասներկու տարեկան եմ։

Զատկից մի քանի օր առաջ` առավոտ շուտ, կանգնեցի նախասրահի սանդուղքների վերևում, ձեռքս քսեցի բազրիքներին ու մտածեցի. «Չէ՛, այսօր սղալու օր չէ»։ Երեկվա անձրևից բազրիքները դեռ թաց էին։ Աստիճաններով մեկ-մեկ ներքև իջա։

Մայրիկս խոհանոցից բղավեց. «Պայուսակդ աստիճաններով քարշ չտաս»։

Պայուսակս ուսս գցեցի, կանգնեցի վերջին աստիճանի վրա, նայեցի բակին. ծառերը ծաղկել էին։ Եվս մի քանի օր, ու նարնջի բույրը ամբողջ քաղաքը կբռնի։ Իջա այգի. միմոսածաղիկները մի գիշերվա մեջ աճել-բարձրացել էին… Մեկ էլ հանկարծ… ու աչքերս փակեցի, երազանք պահեցի։

Մայրիկս ասում էր. «Գարնանը, առաջին զատիկին որ տեսար, պետք է աչքերդ փակես ու երազանք պահես»։

Եվ անմիջապես էլ աչքերս բացեցի. ես ուրիշ երազանք զատիկին տեսնելուց բացի չունեի։ Զատիկը միմոսածաղկի ցողունով բարձրանում էր։ Ցողունի բաց կանաչի վրա սև պուտիկներով զատիկը շատ ավելի գեղեցիկ էր թվում։ Երբ ճանապարհը փակեցի, մատովս վերև բարձրացավ։

Մայրիկս ասում էր. «Հենց երազանք պահեցիր, բաց թող. մինչև Զատիկ երազանքդ կկատարվի»։

Ինքս ինձ մտածեցի. «Քանի որ երազանք չեմ պահել, իրե՛ն կպահեմ»։

Պայուսակս շպրտեցի պարտեզի մի անկյունում, զատիկը դրեցի բռիս մեջ, մյուս ափով ծածկեցի և փայտե աստիճաններով մեկումեջ թռչելով` վերև բարձրացա։ Հասա վերևի հարկի նախասրահին, անցա խոհանոցի, հետո ճաշասենյակի ու հյուրասենյակի մոտով` «Աստված, Աստված» կանչելով, որ հայրիկս ու մայրիկս հանկարծ վրա չհասնեն։

Հայրիկս անպայման կասեր. «Մե՜ծ տղա ես, բայց…»։

Իսկ մայրիկս հաստատ կուրախանար։ Բայց հիմա այդ մասին մտածելու ժամանակը չէր. դպրոցից ուշանում էի։ Իմ սենյակում երեսուն-քառասուն հատ լուցկու տուփ էի հավաքել պահում. մեկը բացեցի ու զատիկը մեջը գցեցի. «Այստեղ կմնաս, մինչև վերադառնամ»։

Աստիճանների վրա մայրիկիս հանդիպեցի, որ խոհանոցից էր դուրս գալիս. «Կասե՞ս` ինչո՞վ ես զբաղված։ Զանգը խփեցին»։

Թաց բազրիքով ներքև սահեցի, պայուսակս վերցրի ու վազեցի։

Ուշացել էի։ Շարքով կանգնած երեխաներն արդեն առավոտվա աղոթքն էին անում. «Հայր մեր որ յերկինս ես…»։

«…Որ յերկինս ես…»,- բոլորի հետ ասացի և Աստծուն փառք տվեցի, որ դպրոցի տեսուչի աչքերը փակ են, և ուշանալս չնկատեց։

Գնացի, շարքի վերջում` Թահերեի ետևը կանգնեցի։

Թահերեի աչքերն էլ էին փակ։ Գլուխը կախ էր. քթի ծայրը կպել էր իրար կպցրած ափերին։

Շշուկով հարցրեց. «Ի՞նչ ես գտել»։

Դպրոցական պայուսակս դրեցի գետնին, արագ խաչակնքեցի ու գլուխս խոնարհեցի. «…Եվ թո՛ղ մեզ զպարտիս մեր»։

Քթի տակ ասացի. «Զատի՛կ»։

Թահերեն շուռ եկավ իմ կողմը. աչքերը փայլում էին. «Երազանք պահեցի՞ր»։

Տեսուչը բարձր ձայնով կանչեց. «Վեցերո՛րդ դասարան»։

Մեր շարքը շարժվեց դեպի դասարան։

Միայն աստիճաններով բարձրանալիս մտքովս անցավ. «Ինչպե՞ս իմացավ, որ բան եմ գտել»։

Ուզեցի հարցնել, բայց հրաժարվեցի այդ մտքից։ Մի քանի հոգի մտել էին մեր արանքը, ու մենք իրարից հեռացել էինք։ Եթե նույնիսկ հարցնեի, ամեն անգամվա պես աչքերը կչռեր, կշլիկացներ ու կասեր. «Ես կախա՜րդ եմ», կամ էլ ուրիշ ձևեր կթափեր։

Առաջին ժամը «Հայոց պատմություն» էր։ Դասս սովորել էի, այնպես որ, երբ ուսուցիչը անունս տվեց` «Էդմոնդ Լազարյան», բոլորովին չվախեցա։

-Հայոց ո՞ր թագավորին է տրվել Ողորմած մականունը,- հարցրեց։

Դեռ բերանս չբացած` դաս ու դասարան, ուսուցիչ ու ինչքան թագավոր կա, մտքիցս թռան. միայն հիշեցի, որ մոռացել եմ լուցկու տուփի վրա անցքեր բացել, և խեղճ զատիկը հիմա հաստատ խեղդվում է։

Ուսուցիչը կրկնեց. «Հայոց ո՞ր թագավորին են Ողորմած ասել»։

Առաջին նստարանին նստած Թահերեն սկսեց քչփչալ։ Աչքս Թահերեի բերանին, միտքս զատիկի մոտ` Թահերեի հուշածը կրկնեցի. «Սուլթան Համիդ Երկրորդին»։

Դասարանը պայթեց ծիծաղից։

-Հիմարություն ես դուրս տալիս,- զայրացավ ուսուցիչը։

Շարունակելի

ԶՈՅԱ ՓԻՐԶԱԴ
Թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Հոգևոր-մշակութային


02/10/2014