Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՋ ՄԵՐՈՒԺՆ ՈՒ ՄԱԿԱՐԸ



Կռիվ թեժացավ Կարախանբեյլում

Չաուշ Պողոսը իր խումբն էր տանում,

Ա՜խ, պայթեց մի արկ տղոց ոտի տակ

Մերուժն ու Մակարն եղան նահատակ։

Շուռ եկավ Մերուժ, քաջն աշնակցին

Նայեց իր կողքին ընկած Մակարին,

Քաջն առանց ոտքի ինչքան դժվար է

Կանչեց. «Արտա՛շ ջան, գյուլլե մը զարկե»։

Ինչպես ազատագրական պայքարի ֆիդայիներին նվիրված աշուղ Ֆարհադի, Իսահակյանի և շատերի երգերը, այս երգն էլ ունի իր նախապատմությունը։ Երգի հեղինակն ազատամարտիկ երջանկահիշատակ Արամ Ռուբիկի Գրիգորյանն է։ 1994-ի հունվարի 19-ին Ֆիզուլի քաղաքի մոտ գտնվող Կարախանբեյլի բնակավայրում, որտեղ մարտնչում էին Թալինի վաշտի տղաները (նրանց հետ Չաուշ Պողոսի՝ տասնապետ Պողոս Խամոյանի տղաները) արկի պայթյունից զոհվել է դավթաշենցի Մակար Խաչատրյանը, իսկ աշնակցի Մերուժան Մարգարյանի ոտքերը կտրվում են։ Քանի որ պայթյունի հետ զենքը թռել էր հեռու, Մերուժը ձայնում է ընկերոջը՝ Արտաշին. «Արտա՛շ ջան, գյուլլե մը զարկե, քանի որ «քաջն առանց ոտքի անչափ դժվար է»։ Տղաները Մերուժանին հասցնում են հոսպիտալ։ Երկու օր անց անձայն ու անշշուկ, երբ աչքը կպցրել էին բժիշկն ու բուժքույրերը, «քաջին վայել լռությամբ» Մերուժանը հրաժեշտ տվեց կյանքին՝ անջատելով բոլոր բժշկական սարքերն ու մարմինը սնուցող դեղերը։ Ամեն տարի Աշնակում ու Դավիթաշենում կազմակերպվում են հերոսների հիշատակի համար ոգեկոչման արարողություններ։

Փառք ու պատիվ հայոց քաջերին։

Երգի հեղինակը՝ Արամ (Ռուբիկ) Գրիգորյանը նույնպես դարձավ երջանկահիշատակ։ Նա զոհվեց 2014 թվականի օգոստոսի 3-ին Քարվաճառի դիրքերում, որտեղ հերթական անգամ ադրբեջանցի հրոսակները արժանի հակահարված ստացան…

Ավա՜ղ, հազար ափսոս այդ մարտում հերոսաբար զոհված Արամ Գրիգորյանին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Հոգևոր-մշակութային


02/10/2014