Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԳՈՒՅՆԵՐԸ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԳՈՒՅՆԵՐԸ

Գնդացրորդ Հակոբ Շահվերդյանը, նռնակաձիգի օգնական Սարգիս Սարգսյանը, կառավարման դասակի հաշվարկող Արսեն Բաղդյանը ապագա բժիշկներ են: Նրանք կիսատ են թողել ուսումը եւ այժմ ծառայում են հայկական բանակում` ապացուցելով, որ ոչ միայն կարող են բուժել, այլեւ զենք վերցնել եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանել հայրենիքը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կատարած այցի շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց խրախուսեց 10-օրյա արձակուրդով:

Մեր թղթակից Շուշան Ստեփանյանը հանդիպել է անկախության տոնի նախօրեին նախարարի խրախուսանքին արժանացած զինվորներին և հետաքրքրվել, թե ինչ բովանդակություն ունի անկախությունը նրանց համար:

ԱՐՍԵՆ ԲԱՂԴՅԱՆ. -Եթե մի քանի տարի առաջ հարցնեիք` ի՞նչ է անկախությունը, ես այլ կերպ կպատասխանեի, կասեի` այն մեր ազատ տեղաշարժվելու, ճանապարհորդելու, մեր երազելու, ապրելու իրավունքն է, բայց այսօր, երբ զինվորագրվել եմ հայրենիքին, երբ ինձ զենք է վստահվել, երբ ամեն օր առնչվում եմ հերոսության, վստահ ասում եմ` անկախությունը ինձ համար հայկական բանակի դիմագիծն ունի, անկախությունը ինձ համար հայ հրամանատարի ու զինվորի համազգեստի գույնն ունի… Անկախությունը ինձ համար հակառակորդի ներթափանցումը կասեցրած հերոսների ամրությունն է, ժողովրդի վստահությունն է առ բանակ»:

ՀԱԿՈԲ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. -Արդեն մի քանի ամիս է` ես նոր մասնագիտություն եմ յուրացնում: Գնդացրորդ եմ: Մեր ժողովրդի խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար, մեր անկախության երաշխավորը դառնալու համար միայն բանիմաց բժիշկ լինելը քիչ է, պետք է նաեւ դիպուկ, խիզախ գնդացրորդ լինես, հետախույզ, հրետանավոր, մի խոսքով՝ մարտունակ զինվոր: Միայն զենքով է հնարավոր կասեցնել մեր անկախությանն սպառնացող իրական վտանգները: Այսօր ունենք այն, ինչի մասին դարերով երազել ենք, ուրեմն՝ պարտավոր ենք ներդնել մեր ուժերը, չխնայել մեզ, արդարացումներ չփնտրել եւ վաստակել անկախ երկրում ապրելու իրավունքը:

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ. -Օրացույցում իմ ամենասիրելի տոնը Անկախության օրն է. չէ՞ որ 23 տարի առաջ ձեռք բերած անկախության շնորհիվ է, որ այսօր ծառայում եմ հայկական, այլ ոչ թե մեկ այլ բանակում, խոսում եւ մտածում եմ հայերեն, այլ ոչ թե մեկ այլ լեզվով, աղոթում եմ հայ առաքելական եկեղեցում, կարդում եմ հայ գրականություն եւ վերջապես` Հայաստանում ինձ տեր եմ զգում… Շնորհավորում եմ ծառայակից ընկերներիս եւ համոզված ասում` անկախությունը հուսալի ձեռքերում է:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ