Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



Ավագ լեյտենանտ Անդրանիկ Քոչարյանը քսաներեք տարեկան է` անկախության տարեկիցը: Ընդամենը երկու տարվա ծառայող է, բայց նրան արդեն ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում վստահել են վաշտի հրամանատարի պարտականությունները: Ցուցաբերած արիության եւ խիզախության համար երիտասարդ սպան նույնիսկ հասցրել է պարգեւատրվել «Մարտական ծառայության», ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով, արտահերթ ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչումը:

Նրա հրամանատարության տակ գտնվող հենակետերը մարտական հերթապահություն են իրականացնում հակառակորդից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզախափանարար ներթափանցման փորձ, դիրքապահ 10 զինվորները ավագ լեյտենանտ Քոչարյանի գլխավորությամբ հետ են շպրտել այդ «արհեստավարժներին», վնասազերծել խափանարար խմբի հրամանատարին:

Զորամաս եմ գնում` հերոսին հանդիպելու: Հրամանատարը՝ գնդապետ Ս. Սարգսյանը, տեղեկացնում է, որ սպան դիրքերում է: Եվ մեքենա է տրամադրում այնտեղ հասնելու համար: Մոտենում ենք հրամանատարական կետին: Մեզ դիմավորում է բարձրահասակ, ամուր կազմվածքով, արեւից սեւացած, բարի ու ժպտացող աչքերով մի երիտասարդ սպա: «Ահա եւ մեր հերոսը»,- անցավ մտքովս: Չէի սխալվել: Նա գլխով բարեւեց, ուղղեց համազգեստը, թափ տվեց կոշիկների փոշին եւ տեղավորվեց մեքենայում: Մենք շարունակեցինք ճանապարհը դեպի մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր:

-Անդրանի՛կ, այս կողմերում բոլորը ձեր հերոսությունների մասին են խոսում: Ասում են՝ ահ ու սարսափ եք տարածում հակառակորդի շարքերում…,- և պատմեցի այն ամենը, ինչ լսել էի նրա մասին:

-(Քմծիծաղ է տալիս): Պարտականություններիցս ավելի ոչինչ չեմ անում, պարզապես ուշադիր եմ ցանկացած մանրուքի հանդեպ, քանի որ մտածում եմ` ինչքան մոտ ես հակառակորդին, այնքան ավելի զգույշ պետք է լինես, հավաք, կազմակերպված…

-Քո հրամանատարությամբ ծառայում են մի քանի տասնյակից ավելի զինվորներ, ինչպե՞ս ես համոզում նրանց ջանք չխնայել…

-Իմ զինվորները բնական են համարում խրամատում կանգնելը, զենք բռնելը… Իմ զինվորները պահանջկոտ չեն, հարմարվող են, ինչը շատ է օգնում… Ես նրանց միշտ ասում եմ` պետք է գերազանց տիրապետեք ձեր պարտականություններին, պետք է դիրքային ծառայությանը շատ լուրջ վերաբերվել… Նրանք ինձ հասկանում են… Եթե մարդը վստահ է, որ ինքը կարեւոր գործ է անում, պետական սահման է հսկում, ուրեմն՝ ջանք չի խնայի…

Մեքենան կանգ է առնում: Մենք այն նույն մարտական դիրքում ենք, որտեղ հակառակորդը կորուստներ է կրել ու ետ է շպրտվել: Անդրանիկը վստահ քայլերով ընդառաջ է գնում զինվորներին, հրահանգավորում է, հարցուփորձ անում:

«Եվ նա ընդամենը 23 տարեկան է… Ինչքա~ն ինքնավստահ է… Մի՞թե հնարավոր է այս տարիքում այսքան հասուն ու կայացած լինել… Եվ որքա~ն բնական, անմիջական են նրա շարժուձևը, խոսքը…»,- հիանում եմ երիտասարդ հրամանատարով:

-Գնա՛նք, Արաքսը ցույց տամ, երբեւէ տեսե՞լ ես,- մտքիս թելը կտրում է հրամանատարը:

Մենք քայլում ենք դեպի փշալարերը, որոնցից այն կողմ Արաքսն է: Ճանապարհին նա իմ խնդրանքով վերհիշում է դեպքի մանրամասները.

-Վաշտի հրամանատար նշանակվելուս առաջին օրն էր: Հրամանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը այդ օրը` մայիսի 27-ին էր ստորագրել: Վերադարձա զորամաս եւ միանգամից դիրքեր գնացի` ստուգելու: Հասել էի վերջին դիրքին, անվտանգության հրահանգավորում էի կատարում, մեկ էլ ականի պայթյուն լսեցի: Սանհրահանգիչի հետ վերադարձանք առաջին դիրք, պարզվեց՝ ականը պայթել է հակառակորդի տարածքում: Ես պիտի այդ դիրքում չմնայի, բայց պայթյունը ինձ կասկածելի թվաց: Որոշեցի մնալ: Զգուշացրի դիրքի ավագին, օգնականին, որ ավելի զգոն լինեն, լրացուցիչ դիտորդ նշանակեցի, բոլորին բացատրեցի՝ ինչ պետք է անեն, եթե հակառակորդը ներթափանցման փորձ ձեռնարկի…

-Կանխազգո՞ւմ էիր,- գրեթե վստահ ասում եմ ես:

-Ծառայության իմ փորձը համեստ է` ընդամենը երկու տարի, բայց այս կարգի զորամասում զինվորականը ավելի արագ է հասունանում որպես մասնագետ… Ես ուղղակի ականի պայթյունից ճիշտ հետեւություն եմ արել: Ամբողջ գիշեր չեմ քնել, սպասել եմ… Գիշերը երկուսն անց տասը րոպեին դիտարկում եմ կատարել: Շներն անհանգիստ էին, բայց կասկածելի ոչինչ չնկատելով, վերադարձել եմ կացարան: Քսան րոպե անց նռնականետով խփել են կացարանին: Գործել ենք ըստ մարտական հաշվարկի, կազմակերպել ենք շրջանաձեւ պաշտպանություն… Հակառակորդի հատուկ ջոկատայիններն էին, որոնք, սակայն, նորակոչիկի տպավորություն էին թողնում: Նրանք մեր 18 տարեկան զինվորի դիմաց անզոր էին…Պարտված, ջախջախված տուն են փախել… Միայն Էրիկը չփրկվեց…

Լռություն է տիրում: Մենք ուշադիր նայում ենք դանդաղ հոսող Արաքսին: Ես այնպես եմ զգում նրա ցավը.

-Դուք հաղթեցի՛ք,- փորձում եմ սփոփել…

-Ես գիտեի, որ իմ տղաները պինդ են, գիտեի, որ հաղթելու ենք… Ես ինձ ու իմ զինվորներին չեմ խնայում պարապմունքների ժամանակ… Խիստ եմ, երբեմն չափազանց խիստ, որովհետեւ մտածում եմ` ավելի լավ է իմ խստությունից մի քիչ նեղվեն, քան իրենց գլխից մազ պակասի… Ես սեփական կամքով եմ ընտրել այս` սահմանապահ զորամասը, վիճակահանության չեմ մասնակցել, որովհետեւ վստահ էի` այստեղ ավելի պետք եմ… Ես հասցրել եմ սիրել այս զորամասը, իսկ այդ դեպքերից հետո մի տեսակ ավելի եմ կապվել…

Շուրջս եմ նայում` ոչ մի բնակավայր… Մոտակա քաղաք հասնելու համար էլ երկու ժամ ճանապարհ պետք է կտրես…

-Ինչպես այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվորական, ես էլ ազատ ժամանակ համարյա չեմ ունենում, իսկ եթե ազատ ժամանակ եմ գտնում, քնում եմ… Զորամասին կից երեք սպաներով միասին ենք ապրում: Շատ լավ է, կողքիդ միշտ մեկը կա, ումից կարող ես խորհուրդ հարցնել… Այստեղ հարազատ, հոգատար, քեզ հասկացող մարդու կարիք շատ ես զգում…

-Կամ էլ տնեցիներիդ այցելելու,- կատակում եմ:

-Շուտով արձակուրդ եմ գնալու: Մերոնց վերջապես կտեսնեմ, կարոտել եմ… Նրանց հետ ծառայությանս մանրամասները չեմ քննարկում, իրենք էլ գիտեն` հարցեր չեն տալիս… Թե չէ` ամեն ինչից խոսում ենք…

-Երեւի անձնական կյանքիդ մասին մտածելու ժամանակն է…

Ժպտում է.

-…Եթե ժամանակ գտնեմ…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/09/2014